Այս տարվա մայիսին 10 հայաստանցի բժիշկներ կմեկնեն Ֆրանսիա։ Նրանց հնարավորություն կընձեռվի 6 ամսից մինչեւ մեկուկես տարի աշխատել Փարիզի հիվանդանոցներում։ Սակայն մինչ այդ արդեն քննության նախնական երկու փուլերն անցած բուժաշխատողները երեկ եւս քննություն էին հանձնում, այս անգամ ֆրանսիացի մասնագետներին։
Մինչ մրցույթին անցնելը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին նշեց, որ սա առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ է։ Հայաստանցի բժիշկներին հնարավորություն է ընձեռվում հաղորդակցվել Ֆրանսիայում կիրառվող բժշկական նորամուծություններին, փորձառություն ձեռք բերել։ Անրի Կյունին շեշտեց, որ լավագույն մասնագետների ընտրությունը կատարվում է թափանցիկության պայմաններում, սակայն ընտրությունը բավականին դժվարին համարեցՙ բոլոր մասնակիցներին բնութագրելով որպես փայլուն մասնագետների։
Ֆրանսիացի մասնագետներին քննություն հանձնելուց առաջ 40 մասնակիցներն արդեն իսկ ընտրության նախնական փուլ են անցել։ Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի պետ Հայկ Գրիգորյանը, նախարարության ստեղծած հանձնաժողովը հանրապետության բոլոր բուժհիմնարկներին հայտ է ներկայացրել, որոնք էլ նշել են թեկնածուների անունները։ Ոլորտների ցանկն, ի դեպ, բավականին ընդգրկուն է։ Մրցույթին մասնակցելու չափանիշներից են բժիշկների երիտասարդ (մինչեւ 30 տարեկան), լավ մասնագետ լինելըՙ Փարիզից առավել պրոֆեսիոնալ վերադառնալու եւ ստացած փորձառությունը հայաստանյան իրականության մեջ կիրառելու համար։ Մրցույթի կարեւոր նախապայման է նաեւ ֆրանսերենի վարժ իմացությունը, ինչը, սակայն, սահմանափակել է հանրապետության մարզերի մասնագետների առավել մասնակցությունը։
Այս ծրագրի ֆինանսավորումը ստացվել է Ֆրանսիայի արտգործնախարարության եւ առողջապահական համակարգից։ Բժիշկների Ֆրանսիայում բնակության ծախսերը ստանձնել է Ֆրանսիայի հայ բժիշկների ասոցիացիան։
Փարիզ մեկնող 10 մասնագետների անունները հայտնի կդառնան երկուշաբթի։
Մ. Հ.