«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


«ՈՍԿԵ ԽԱՂԱԿՈՇԻԿԻ» ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

Արման Քարամյանը թեկնածուների թվում է

1968 թ. «Ֆրանս ֆուտբոլ» շաբաթաթերթը եվրոպական երկրների լավագույն ռմբարկուներին պարգեւատրում էր համապատասխանաբար ոսկե, արծաթե եւ բրոնզե խաղակոշիկով։ «Ոսկե խաղակոշիկի» առաջին դափնեկիրը Պորտուգալիայի «Բենֆիկայի» լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն էր, որը 1968 թ. մրցաշրջանում ազգային առաջնությունում խփել էր 42 գնդակ։ 5 տարի անց նա կրկին ճանաչվեց Եվրոպայի լավագույն ռմբարկու (40 գոլ)։ Էյսեբիոյից բացի պատվավոր այդ մրցանակի դափնեկիրներ են դարձել ճանաչված այլ ռմբարկուներ, այդ թվում գերմանացի Հերդ Մյուլլերը (1970 թ.ՙ 38 գոլ, 1972 թ.ՙ 40), բուլղարացի Պետար Ժեկովը (1969 թ.ՙ 36), ֆրանսիացի Իոսիպ Սկոբլարը (1971 թ.ՙ 44), ավստրիացի Հանս Կրանկլը (1978 թ.ՙ 41), պորտուգալացի Ֆեռնանդու Գոմեշը (1983 թ.ՙ 36, 1985 թ.ՙ 39), անգլիացի Իան Ռաշը (1984 թ.ՙ 32), հոլանդացի Մարկո վան Բաստենը (1986 թ.ՙ 37)։ Նրանք իրոք արժանի էին ուժեղագույնի կոչմանը։ Սակայն մրցանակի խաղարկման պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ լավագույն ռմբարկու է ճանաչվել ֆուտբոլային ոչ հանրահայտ տերության ներկայացուցիչը։ Դրա վառ օրինակը կիպրացի Սոտիլիս Կայաֆասի հաղթանակն էր 1976 թ. մրցույթում (39 գոլ)։ 70-ական թթ. կիպրական ֆուտբոլը Եվրոպայում դասվում էր հետնապահների շարքին։ Նույնը կարելի է ասել 1988 թ. թուրք Թանժու Չոլակի հաղթանակի վերաբերյալ, որը 39 գնդակով դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։ Եզակի չէին այն դեպքերը, երբ ձգտելով անպայման դառնալ մրցույթի դափնեկիր, տարբեր երկրներում ռմբարկուները սկսեցին իրենց գոլերի թիվն ավելացնել ի հաշիվ պայմանավորված խաղերում խփած բազմաթիվ գնդակների։ Տարեց ֆուտբոլասերներն, անշուշտ, հիշում են, թե ինչպես 1985 թ. «Դնեպրի» հարձակվող Օլեգ Պրոտասովին հաջողվեց խփել 35 գնդակ, ինչը 1950 թ. Նիկիտա Սիմոնյանի սահմանած արդյունավետության ռեկորդը գերազանցում էր մեկ գոլով։ Դրանում իրենց աջակցությունն են ունեցել մրցակից թիմերի պաշտպանները, որոնց բացահայտ թողտվությամբ էին խփվում գոլերը։ Արդյունքում Պրոտասովն այդ տարի արժանացավ «Արծաթե խաղակոշիկի»։ Մարզական անազնիվ պայքարում խփած գոլերը, փաստորեն, արժեզրկեցին «Ոսկե խաղակոշիկը»։ Ուստի 1992 թ. «Ֆրանս ֆուտբոլը» որոշեց այլեւս չխաղարկել մրցանակը։ Հարկավոր էր մրցանակի խաղարկության նոր կարգ մշակել։ Եվ ահա, տարիներ անց ռմբարկուներին սկսեցին կրկին շնորհել պատվավոր մրցանակները։ Սակայն հաղթողը որոշվում է արդեն այլ կերպ։ Հաշվի է առնվում ոչ թե խփած գնդակների քանակը, այլ վաստակած միավորների թիվը։ Ելնելով տվյալ երկրի մակարդակից, եվրոպական երկրների առաջնությունները բաժանվել են 3 կարգի իրենց համապատասխան գործակցով։ Ցածր մակարդակի առաջնությունների, որոնց թվին է պատկանում նաեւ Հայաստանը, գործակիցը 1 է։ Միջին մակարդակի առաջնությունների գործակիցը 1,5 է, իսկ առաջատար ֆուտբոլային երկրների առաջնությունների գործակիցը 2 է։ Այսպիսով, յուրաքանչյուր երկրի ռմբարկուի խփած գոլերը բազմապատկվում են երկրի համապատասխան գործակցով եւ ստացված միավորների քանակով էլ որոշվում են լավագույնները։

Այսօրվա դրությամբ «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավեճում առայժմ առջեւից է ընթանում Էստոնիայի ՏՎՄԿ-ի հարձակվող Անդրեյ Կռիլովը, որը վաստակել է 37 միավոր։ Երկրորդ տեղում Արման Քարամյանն է (36)։ Նրանց ցուցանիշները վերջնական են, քանի որ երկրի առաջնությունները վաղուց ավարտվել են։ Իսկ ահա եվրոպական մի շարք երկրներում առաջնություններն անց են կացվում աշուն-գարուն մրցակարգով, այդ իսկ պատճառով էլ ավարտվելու են մայիսին։ Այնպես որ, միայն մայիսին հայտնի կդառնա «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը։ 3-րդ տեղում ընթացող Հենրիկ Լարսոնը լավ հնարավորություն ունի գլխավորելու ցուցակը։ Շոտլանդիայում առաջնությունը կվերսկսվի փետրվարին։ Իհարկե, հաղթելու մեծ հնարավորություններ են պահպանում հատկապես այն երկրների ներկայացուցիչները, որոնց առաջնությունների գործակիցը 2 է։ Այսօրվա դրությամբ մրցանակի հավակնորդների ցուցանիշներն այսպիսին են.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4