«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՅԼ ՍԽԵՄԱՅՈՎ

Քանաքեռ ՀԷԿ-ի վերաթողարկման արարողությունից հետո էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնցից հիմնականը Հայկական ԱԷԿ-ի համար միջուկային վառելիքի ձեռքբերմանն ու դրա դիմաց վճարումներին էր վերաբերում։ Այդ կապակցությամբ նա հայտնեց, որ բանակցությունները ՌԱՕ ԵԷՍ-ի հետ ավարտված են, վառելիքի խնդիրը լուծված է։ Սակայն որոշվել է ատոմակայանն աշխատեցնել այլ սխեմայով, ինչի պատճառը նախարարը հետեւյալ կերպ մեկնաբանեց։

Ծրագրված էր 2003 թ.-ին ԱԷԿ-ը 65 օրով կանգնեցնել հերթական վերանորոգման եւ անվտանգության բարձրացման աշխատանքների համար։ Եթե այս պահին ԱԷԿ-ը նոր վառելիքով լիցքավորվի, հաջորդ կանգառը պետք է լիներ միայն աշնան երկրորդ կեսինՙ ձմեռնամուտին։ Դա լարված իրավիճակ է ստեղծում համակարգում։ Այդ պատճառով որոշվեց եղած վառելիքով 2 ամիս աշխատեցնել ատոմակայանը եւ հերթական վերականգնողական աշխատանքները կատարել ամռանը։ Այսինքնՙ մտնել բնականոն հունի մեջ, որը խախտվել էր նախկինում վառելիքի մատակարարման ուշացումների պատճառով։ Իսկ նոր վառելիքը նախատեսվում է ներկրել ապրիլին։ Այս դեպքում կբերվի 102 կասետ 56-ի փոխարեն, որը հնարավորություն կտա 300 օր (մինչեւ հաջորդ տարվա ամառ) արդյունավետ աշխատել։ Այս չափաքանակը կարժենա 11 մլն դոլար, որի մի մասը կվճարվի էլեկտրաէներգիայով, մյուսըՙ գումարով։ Ներկայիս վերագործարկումը նախատեսված է հունվարի 23-ին, իսկ աշխատանքը կտեւի մինչեւ ապրիլի վերջը։

«Ազգի» հարցին, թե ի՞նչ նոր զարգացումներ կան Իրան-Հայաստան գազատարի առնչությամբ, Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ գազատարի ֆինանսավորման եւ կառուցման ավելի օպտիմալ սխեմաներ գտնելու բանակցությունները շարունակվում են։ Նա «վերջին հաջողությունը» համարեց իր Թեհրան կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ որի, կարելի է իրանական գազ բերել եւ դրա դիմաց վճարել էլեկտրաէներգիայով։ Այժմ այդ տարբերակի առնչությամբ աշխատանքներ են տարվում, որոնց արդյունքում արված եզրակացության հիման վրա կորոշվեն հետագա անելիքները։

Գազատարի շինարարության սկզբի որեւէ ժամկետ նախարարը չնշեց, ասելով, որ մինչ այդ դեռեւս շատ աշխատանք կա։

Համակարգի ֆինանսական ճեղքվածքները, ըստ Արմեն Մովսիսյանի, 2002 թ.-ին ռեժիմների ճիշտ կարգավորման, գանձման մակարդակի բարձրացման, գերկորուստների նվազեցման միջոցով հաջողվեց նվազեցնել մինչեւ 8 մլրդ դրամի։ 2001 թ.-ին այդ թիվը կազմել էր 32 մլրդ դրամ։ Նախարարն անհրաժեշտ համարեց նման տեմպերով աշխատանքի շարունակումը, ինչը հնարավորություն կտա առաջիկա տարիներին անցնել շահութաբեր գործունեության։ -

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4