«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ նոր փորձություն են կրելու բազմաբնակարան շենքերը

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղը սպասարկում է բավական մեծ տարածքՙ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Նոր Նորք համայնքներ, Կոտայքի մարզի 5 գյուղ, նախկին Ջրվեժ գյուղը։ Այս հատվածների 1250 շենքերը հիմնականում հյուսիսահայաց են, եւ բնական է, որ խստաշունչ ցրտերի պատճառով խողովակաշարերն այստեղ ավելի վաղ պիտի սառչեինՙ դեկտեմբերի 20¬22-ից։ Արդեն նախատոնական օրերից մինչեւ հունվարի 4-ը դա զանգվածային բնույթ ստացավ։ Ըստ «Հյուսիս» մասնաճյուղի տնօրեն Աղվան Մանուկյանի, այդ պրոցեսները կասեցնելու նախնական քայլեր ձեռնարկելը, միեւնույն է, օգուտ չէր տա։ Այս տարի շրջանցվեց ձմռանն ամառվանից նախապատրաստվելու ավանդույթը եւ ջեռուցման փորձարկումներ չիրականացվեցին։ Բացի այդ, վերջին մի քանի տարիների տաք ձմեռը եւս մոլորության մեջ գցեց։ Այս տարվա ցրտերն անսպասելի էին քաղաքային իշխանությունների համար։ Նրանք հանապազօր սովորույթի ուժով կատարում էին իրենց պարտականություններըՙ աշխատելով չծանրաբեռնվել հնարավոր պատահարների «ավելորդ» մտահոգություններով։

Գալիք ձմռանը մատների արանքով նայելուն նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման ընտրություններն անմիջապես ձմռան նախաշեմին էին։ Եվ թաղապետներից ոչ ոք համոզված չէրՙ մնալո՞ւ է ինքն իր պաշտոնում, թե՞ ոչ։ Ինչեւէ, «Հյուսիս» մասնաճյուղի սպասարկած տարածքում բազմաթիվ շենքեր ջեռուցվում էին ե՛ւ Նոր Նորքում, ե՛ւ Ավանում ու Զեյթունում։ Բայց նույնիսկ այս կարեւոր հանգամանքը չփրկեց նրանց։ Ի վերջո, անմիջականորեն ջեռուցվում են բնակարանները, ոչ թե շքամուտքերի ու հարկերի միջանցքները, որոնք ոչ դուռ ունեն, ոչ լուսամուտ։

Բազմաբնակարան շենքերի ինժեներական կոմունիկացիաները հիմնականում տեղավորված են միջանցքների պատերի ներսումՙ ընդամենը 5¬10 սմ-ով պատնեշված ցուրտ օդի ազդեցությունից։ Միայն այս տարածքի բազմաբնակարան շենքերի 90 տոկոսը դռներ ու պատուհաններ չունի։ Ժամանակին դրանք բոլորը հանեցին ու վառեցին այսօր արդեն փորձանքի մեջ հայտնված բնակիչները։ Եվ դեկտեմբերի վերջին մեկը մյուսի հետեւից վթարներ արձանագրվեցին 247 շենքերի ջրագծերում ու կոյուղագծերում, սառեցին ու շարքից դուրս եկան նաեւ նոր տեղադրված բազմաթիվ ջրաչափեր։

Արտակարգ իրավիճակը մեղմելուն կոչված օպերատիվ շտաբի խոստման համաձայն, այդ վթարները մինչեւ հունվարի 13-ը կվերացվեն։ Քաղաքի նշված համայնքներում մեծ մասամբ արդեն հաջողվել է ավարտել ջրազրկված ու սառած շենքերի վերակենդանացումը։ Մնացել է ընդամենը 3¬4 շենք։ Ի դեպ, այս տարածքի 660 բազմաբնակարան ներառված է համատիրությունների մեջ, որոնք պատկանում են այսօրինակ քիչ թե շատ կայացած հաստատությունների թվին։ Ընդհանրապես Երեւանում «Ջրմուղ-կոյուղու» հետ պայմանագրեր ունեն ընդամենը 70 համատիրություններ, որոնցից 40-ը հիշյալ համայնքների կառույցներ են։ Համատիրություններին վերաբերող կանոնակարգի համաձայն, շենքերն այսօրինակ պատահարներից ապահովագրելը հենց նրանց գործն է։ Կիսատ-պռատ վճարումների հույսին մնացած համատիրություններից ծիծաղելի է նման ակնկալիքներ ունենալ։ Իսկ ջրմուղի անելիքը, ըստ կարգի, ավարտվում է շենքի մուտքի մոտ։ Բնական է, որ ֆինանսական լուրջ միջոցների չտիրապետող համատիրությունների օգնությունը սահմանափակվեց միայն բնակչության հավաքագրումովՙ պոլիէթիլենային թաղանթներով ջերմամեկուսացնելու նկուղներն ու միջանցքները։

Թբիլիսյան խճուղու, Ավանի, Նորքի զանգվածների շատ շենքերում սառել էին նույնիսկ 6-րդ, 7-րդ հարկերի խողովակները։ Արձանագրվեցին նաեւ ոչ ստանդարտ իրողություններ։ Շատ շենքերում կոյուղագծերը սառել էին միայն մեջտեղի հարկերում, որոնցում փակ բնակարաններ կային։ Մասնաճյուղի տնօրենի դիտարկումներով, միայն իրենց սպասարկած տարածքի շենքերում բնակարանների 20 տոկոսը դատարկ է։ Եվ այսօր էլ, ամեն պահ նոր պատահարների վտանգն իրական է փակ բնակարանների վերեւի ու ներքեւի հարկերի համար։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես Նորքի V, VIII, IX զանգվածներում, Ավան-Առինջում։ Իսկ այդ տները մտնելու եւ աշխատելու իրավական հիմքեր չկան։ Մյուս կողմից, իրավիճակը բարդացնում են ոչ մասնագիտական մոտեցումները։ Խողովակները բացելու համար բնակիչներն ինչ միջոցի ասես չեն դիմումՙ երբեմն նաեւ հարվածներ տեղալով կոյուղագծերին ու ջրագծերին, որոնք շատ դեպքերում նոր վթարների պատճառ դարձան։ Բացի այդ, գոյության ժամկետները վաղուց սպառած խողովակները հարկ է աստիճանաբար տաքացնել։ Սառից տաքին կտրուկ անցումը նոր կորուստների հնարավորություն է ստեղծում։ Նման պարագայում եռակցող սարքերի, գազայրիչների երկարատեւ օգտագործումն անթույլատրելի է, բայց արտակարգ իրավիճակում հայտնված մասնագետներն ու բնակիչներն այդպես էլ վարվեցինՙ իրենց լուման ներդնելով խողովակաշարերի հետագա քայքայման մեջ։

Առայժմ հաշվարկներ չկան, թե որքան է 247 շենքերին հասած վնասի չափը։ Լոկ հայեցողական դիտարկումներով առավելապես տուժել է Նորքի V զանգվածի շենքերի 20 տոկոսը, որոնք կառուցվել են բաց, բարձրադիր տեղանքումՙ քամու ու ցուրտ հոսանքների անմիջական ազդեցության տակ։ Ողբալի վիճակում է հայտնվել հատկապես Գալշոյան 55 հասցեի շենքը։ Եռաթեւ այս շենքի առաջին հարկերը, ըստ շինարարական նախագծի, նախատեսված են սպասարկման ծառայությունների համար։ Այս տարածքները սեփականաշնորհված են, բայց մեծամասնությունը չի գործում, սրահները դատարկ ենՙ ջարդած պատուհաններով։

Իսկ առայժմ «Ջրմուղ-կոյուղու» «Հյուսիս» մասնաճյուղում ահազանգերը չեն դադարում նաեւ դպրոցներից, հիմնարկ-ձեռնարկություններից, նախագծային ինստիտուտներից, Աբովյանի տուն-թանգարանից։

Ըստ հիդրոօդերեւութաբանների, հունվարի 15-ից նոր ցրտեր են սպասվում։ Կրկնվելո՞ւ է արդյոք բազմաչարչար շենքերին այս ձմռանը բաժին ընկած փորձությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4