«Հոկտեմբերի 27»¬ի գործով դատավարության երեկվա նիստը սկսվեց վկա Խաչիկ Մարտիրոսյանի հարցաքննությամբ։ Վերջինս ահաբեկչության օրը հսկել է կանաչ նախասրահից նիստերի դահլիճ տանող դռներից մեկը։
Դատարանում, պատասխանելով դատավարության կողմերի հարցերին, վկա Մարտիրոսյանը պնդում էր, որ դեպքից հետո շուրջ 10 րոպե մնացել է կանաչ նախասրահումՙ գտնվելով աստիճաններից քիչ ներքեւ տեսել է նախասրահում կատարվածը։ Եվ չնայած նման պնդմանը, հենց այդ 10 րոպեի ընթացքում կատարվածի մասին հարցերին վկա Խաչիկ Մարտիրոսյանը պատասխանում էր «չեմ տեսել, չեմ հիշում» լակոնիկ տարբերակով։ Պարզապես վկա ոստիկանը մեծ ցանկություն ուներ հավաստիացնելու, թե իր պահակետը չի լքել։
Հետագա հարցաքննությունից պարզ դարձավ, որ, վկայի խոսքերով, իր ծառայողական ընկերներից Մարտիրոսյանը չի հարցրել, թե ահաբեկիչներն ինչպես են մտել Ազգային ժողով։ Հետաքրքրական էր, որ, ըստ վկայի, եթե նման խոսակցություն էլ եղել է իր եւ ծառայողական ընկերների միջեւ, ինքը չի հիշում։
Օրվա երկրորդ կեսին դատարան էր ներկայացել թվով 7-րդ ոստիկան-վկանՙ Արա Կարախանյանը, որը նույնպես հսկել է կանաչ նախասրահից նիստերի դահլիճ տանող դռներից մեկը։ Վկան նոր էր սկսել իր ցուցմունքը եւ ըստ էության չէր էլ հասցրել որեւէ նորմալ բան ասել, սկսեց խիստ հուզվել։ Այնպես որ, դատավոր Սամվել Ուզունյանը նկատեց. «Դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես ամբաստանյալները չեն պահել»։ Հավանաբար նախագահողը նկատի ուներ անսովոր հուզմունքը։
Վկա Արա Կարախանյանը, իր իսկ պնդմամբ, վատ էր զգում, ուստի դատավորը թույլ տվեց նստել։
Դատական նիստն ընդմիջվեց, եւ դահլիճ հրավիրվեց հերթապահ բժշկուհին։ Վերսկսված նիստի սկզբում բժշկուհին դատարանին հայտնեց, որ թեեւ վկայի վիճակը ծանր չէ եւ հոսպիտալացման կարիք չկա, բայց Արա Կարախանյանն ի վիճակի չէ շարունակելու ցուցմունքը։ Ըստ բժշկուհու, վկան պետք է գնար տուն, սրսկվեր եւ պառկեր։
Դատավորի այն հարցին, թե կա՞ն արդյոք խոչընդոտներ, որոնք խանգարում են վկային ցուցմունք տալու, Արա Կարախանյանը բացասաբար պատասխանեց։ Իսկ թե ինչով է պայմանավորված իր նման վիճակը, վկան ասաց, որ դա իր հետ պատահել է նաեւ մինչեւ 1997 թ. հոկտեմբերի 27-ը։
Դատավարությունն այդպիսով ընդմիջվեց մինչեւ երկուշաբթի։
Ընդհանուր առմամբ, վերջին ժամանակներս դատարան ներկայացող ոստիկանների ցուցմունքներից ու հարցաքննություններից ակամա անհանգստանում ես նրանց պահպանելու հույսին թողնված ամեն ինչի համար։ Եվ եթե ավելացնենք նաեւ, որ ոստիկանների ե՛ւ զինվորական պատրաստվածությունը, ե՛ւ հաճախակի անկումներով բնութագրելի հիշողությունը նորմատիվային որեւէ քննություն բռնել դժվար կարողանան, ապա մնում է մտահոգվել, թե ովքեր են ներառվում, ընդհանրապես, ոստիկանության շարքերում։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ