«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ԽԵՂԴԱՄԱՀ ԱՐՎԱԾ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻԱԿԸ ԳՏՆՎԵԼ Է ԱՆՏԱՌՈՒՄ

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Նյուրնբերգում, դեռեւս անհայտ հանգամանքներում, սպանվել է Երեւանից Գերմանիայում ուսանելու եկած 33-ամյա Լուսինե Մերուժանի Մարգարյանը։ Ինչպես ծանուցում է հունվարի 4-ի «Նյուրնբերգյան լրատուն», կնոջ դիակը հայտնաբերվել է տարեվերջին, կենդանաբանական այգուն մերձակա անտառում զբոսնող մի անձնավորության կողմից։ Դատաբժշկական ինստիտուտի անցկացրած գենետիկական փորձաքննությունը հաստատել է հայուհու ինքնությունը։ Լուսինե Մարգարյանը սպանվել է դիսկոտեկից դուրս գալուց հետո։ Քրեական ոստիկանությունը փնտրում է այն մարդկանց, ովքեր այդ գիշեր կնոջը տեսել են քաղաքում կամ կենդանաբանական այգու մերձակայքում։ Ակնառու է, որ սեւ վերարկուն, սեւ կոշիկներն ու սպիտակ բլուզը, որ այդ երեկո կրում էր Լուսինեն, չեն գտնվել, ինչը կասկածելու հիմք է տալիս, թե հասարակագիտություն ուսանող կնոջն անտառո՞ւմ, թե՞ մի այլ վայրում են խեղդամահ արել։ Լուսինե Մարգարյանը Էրլանգենի համալսարանում արձանագրված էր որպես սոցիոլոգիայի դոկտորանտ, 2002-ի փետրվարից ապրում էր ազգականուհու մոտ (ըստ լրատվությանՙ «կուզինի մոտ»)։

Մեր տեղեկություններով, Լուսինե Մարգարյանը 1988¬93 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ավարտելուց հետո նույն կրթական հաստատության կողմից 2001-ին սոցիոլոգիայի գծով մագիստրոսի աստիճան է շնորհվել նրան։ Մեր հարցմանն ի պատասխան Բեռլինում ՀՀ հյուպատոս Արմեն Գիչյանը հաստատեց, որ Լուսինեն Գերմանիայում էր գտնվում օրինականորենՙ ուսանելու նպատակով, առանց ընտանիքի։ Երեւանում ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ելնելով գործիՙ դեռեւս չպարզված հանգամանքներից ՀՀ դեսպանությունից այլ մանրամասներ չհաղորդեցին։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4