ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Ինչպես հաղորդել էինք օրեր առաջ, այսօրՙ հունվարի 14¬ին ՀՀ նախագահն առաջին անգամ երկօրյա աշխատանքային այցով ժամանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցն, իհարկե, վաղուց եւ ամենայն պատասխանատվությամբ էր նախապատրաստվում, այդ են վկայում նախագահի հանդիպումները թե՛ ԳԴՀ նախագահի, թե՛ կանցլերի, թե՛ արտգործնախարարի, թե՛ երկրի Բունդեսթագի նախագահի, թե՛ Քրիստոնեա¬դեմոկրատական կուսակցության ղեկավարի, թե՛ խոշոր արդյունաբերողների հետ։ Թեպետ այցը տնտեսական ուղղվածություն ունի եւ միտված է ներդրումների եւ հայրենի արտադրատեսակների գերմանական շուկա դուրսբերմանը, այդուհանդերձ այցի մանրամասն ժամանակացույցին հետամուտ գերմանաբնակ մեր հայրենակիցները կարծում են, թե առավել հետաքրքրական է եւ կարեւոր նախագահի հանդիպումը ԳԴՀ արտգործնախարար Յոշկա Ֆիշերի հետ, որն, ի դեպ, այսօրվա առաջին 30 րոպեանոց հանդիպումն է եւ կայանալու է Palast հյուրանոցում, ուր իջեւանելու է ՀՀ պատվիրակությունը։ Այնուհետ մի քիչ ավելի երկար ժամանակահատված է տրամադրված Բունդեսթագին։ Պատգամավորների, նախագահ Թիրզեի հետ հանդիպումներն անշուշտ հետաքրքիր կլինեն, բայց վերակառուցված ապակեպատ ու հայելապատ դեմոկրատիայի այս տունն առաջին անգամ հյուրընկալածներին շատ բան կունենա ցուցադրելու։ Ճաշը կմատուցվի արդյունաբերողների դաշնային միությունում, ուր եւ կկայանա հանդիպում խոշոր արդյունաբերողների հետ։ Այնուհետեւ այց է նախատեսված Բեռլինի Մայր տաճար։ Ժամը 15¬ին ազգային օրհներգերի, զինվորական քայլերգի ուղեկցությամբ Բելվյու ամրոցում ԳԴՀ նախագահ Յոհաննես Ռաուն կընդունի ՀՀ իր պաշտոնակցին։ 16.30¬17¬ը Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի ԳԴՀ կանցլեր Գերհարդ Շրյոդերին։ Ընդդիմադիր Քրիստոնեա¬դեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելը ՀՀ նախագահին կհանդիպի հյուրանոցումՙ 18.00¬18.45¬ին։
Բեռլինյան անարեւ այս օրը պայծառ հիշողություններ կպարգեւի հատկապես ժամը 20¬ին Բեռլինի պետական օպերային թատրոնի Ապոլլո դահլիճում մատուցվող համերգով։ Վկա անուններըՙ ջութակահար Սերգեյ Խաչատրյան, դաշնակահար Արմեն Բաբախանյան, եւ, իհարկե, մեր ամենապայծառ լուսատունՙ եզակի սոպրանո Հասմիկ Պապյանը։
Չմոռանանք, որ փոքր երկիր ենք եւ Գերմանիայի ոչ երեկվա, ոչ այսօրվա հետաքրքրությունների դաշտում չենք, նկատել են տալիս գերմանահայ մտավորականներ, վերլուծաբաններ, ովքեր ՀՀ նախագահի անդրանիկ այցից ոգեւորված այն ավելի սիմվոլիկ, քան անմիջական արդյունաբեր են համարում։ Ինչ կարելի է լուրջ արծարծել 30 րոպեանոց հանդիպումների արդյունքում, եթե դրանց 15 րոպեն թարգմանչին պիտի հատկացվի։ Առավել ուրախալի կլիներ, եթե նախագահի հետ հանդիպեր ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարը, կարծիք են հայտնում նրանքՙ հույս հայտնելով, թե միգուցե ներդրումների առումով արգասաբեր լինեն գերմանացի հայտնի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները։ Իսկ թե ինչու է Քյոլնում այցի երկրորդ օրը ՀՀ նախագահին հանդիպում Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասի ոչ թե առաջին դեմքը, այլ փոխվարչապետը, զրուցակիցներիս հավանական բացատրությունը հետեւյալն էՙ նախՙ նորանշանակ վարչապետը շատ ժամադրություններ ունի, զբաղված է. նաեւՙ այսպես ասած Հայաստանի հետ տնտեսական եւ այլ կապերը բացակայում են։ ՀՀ նախագահը կհիշատակի՞ երկրաշարժից հետո մեր երկրին գերմանացիների ցույց տված օգնության, ուշադրության մասին, հարց են հարուցում նրանք, ովքեր ծանոթ լինելով գերմանացի քաղաքական գործիչների ճառախոսության կառույցին, շեշտում են, թե դա նրանց համար կարեւոր է։
Գերմանացիների վրա ինչպիսի տպավորություն կթողնի ՀՀ նախագահի առաջին այցն իրենց երկիր, կիմանանք մի քանի օրիցՙ տեղի զանգվածային լրատվամիջոցներին հետեւելով։ Հուսանք, որ Գերմանիայի մռայլ ու ցուրտ մթնոլորտային կանխատեսումներին գերի գերմանացիների տրամադրությունը կբարձրանաՙ քաղաքական երկխոսության ջերմ մթնոլորտից։