Իսկ պետնախարարի այցելությունը Բաղդադ ավարտվեց խայտառակությամբ
Իրաքի դեմ ռազմական գործողությունների դիմելու պաշտոնական Վաշինգտոնի վճռականությունն անխուսափելի է դարձրել հակաիրաքյան պատերազմը։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցչի դերը, ինչպես նաեւ տնտեսապես, քաղաքականապես եւ ռազմականապես կախվածությունը նրանից այլ հնարավորություն չի տալիս Թուրքիային, քան անխուսափելիորեն պատրաստվել վերահաս պատերազմին։ Սակայն, երբ թուրքական զինվորական իշխանությունները Պենտագոնի հետ քննարկում են երկրիՙ Իրաքին սահմանակից ռազմաբազաները, օդանավակայաններն ու նավահանգստներն ամերիկյան զինված ուժերի տրամադրության տակ դնելու պայմանները, քաղաքական իշխանությունները «Իրաքյան ճգնաժամն առանց պատերազմի հաղթահարելու» կարգախոսով դիվանագիտական նախաձեռնություն են ցուցաբերում։
Ավելինՙ այդ նախաձեռնությունը զուգորդվում է վարչապետ Աբդուլլահ Գյուլի Մերձավոր Արեւելքի երկրներում շրջագայության եւ պետնախարար Քյուրշաթ Թյուզմենի Բաղդադ կատարած այցելության հետ։ Այլ կերպՙ թուրքական քաղաքական իշխանությունները, ի տարբերություն զինվորականների, մամուլի դիպուկ արտահայտությամբ, «խաղաղության շրջայցեր» են կատարում, որպեսզի տարածաշրջանն, այսպես կոչված, խուսափի անխուսափելի պատերազմից։ Ինչպե՞ս։ Հարցի պատասխանը հայտնի չէ նույնիսկ շրջայցեր կատարողներին։ Ուրեմն նրանց խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ «խաղաղության շրջայցերի» վրա արվող քաղաքական հաշվարկները։
Եթե մենք Գյուլի հաշվարկները համադրենք զինվորական իշխանությունների բանակցությունների հետ, ապա ակնհայտ կդառնա, որ Թուրքիան երկակի քայլեր է կատարում։ Ընդ որում, ի հակակշիռ ԱՄՆ-ի պահանջները բավարարող զինվորականների, կառավարությունը նախաձեռնությամբ պատերազմին հակադրվող պետություններին ընդառաջելու պատրաստակամություն է ցուցաբերում, որպեսզի տարածաշրջանում ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցչի դերը հնարավոր լինի հակակշռել Մերձավոր եւ Միջին Արեւելքում խաղաղության նպաստելու նոր դերով։
Այս երկու դերերի հակադրումը խիստ անհրաժեշտ է Թուրքիային, այն առումով, որ տարածաշրջանում նրա հետագա մեկուսացումը կասեցնելու հետագա նախադրյալներ է ստեղծում։ Դրանով, միաժամանակ, հակաիրաքյան պատերազմին մասնակցության ողջ պատասխանատվությունը դրվում է երկրի զինվորական իշխանությունների վրա։ Այսպիսով քաղաքական իշխանությունների առջեւ բացվում են Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը ե՛ւ հետպատերազմյան իրավիճակին հարմարեցնելու, ե՛ւ թե հարմարեցման պայմաններում նաեւ ակտիվացնելիս այլ երկրի հակազդեցությունից խուսափելու լայն հեռանկարներ։
Սրանք ընդհանուր հաշվարկներ են։ «Խաղաղության շրջայցերը», սակայն, կատարվում են նաեւ մասնավոր հաշվարկներով։ Մինչ դրանց անդրադառնալը, նշենք, որ հաշվարկների իրականացումն անմիջականորեն պայմանավորված է այցելությունների արդյունքներով, որոնք, ըստ երեւույթին, գոհացուցիչ չեն։ Այլապես թուրքական կենտրոնական թերթերը հունվարի 13-ի համարներում պետնախարար Թյուզմենի Բաղդադ կատարած այցին «Կատարյալ խայտառակություն» խորագրերով չէին անդրադառնա։ Ինչո՞ւ խայտառակություն։ Այն պատճառով, որ երբ ԱՄՆ-ն ավարտին է մոտեցնում հակաիրաքյան պատերազմի նախապատրաստական աշխատանքները, թուրքական կառավարության անդամը, 350 հոգանոց պատվիրակութամբ, որի կազմում գերակշռում են գործարարները, առեւտրատնտեսական կապերի զարգացման առաջադրանքով մեկնում է Բաղդադ։
Այսինքնՙ այցի ժամանակացույցը ամենեւին չի համապատասխանում առաջադրանքին։ Թեեւ Թյուզմենը վարչապետ Գյուլի ուղերձն է տանում Բաղդադ, նախագահ Սադդամ Հուսեյնը նրան ընդունում է միայն վերջին պահին։ Հանդիպումը տեւում է մոտ 2 ժամ 20 րոպե, որի ընթացքում Իրաքի նախագահը սպառնալիքներ է հասցեագրում Թուրքիային, ապա եւ ավելացնում է. «Մենք պատերազմին պատրաստ ենք»։
Ուրեմն ընդունելությունը նույնպես խայտառակություն էր։ Թերեւս այդ առումով հատկանշական է Իրաքի փոխնախագահ Թահա Յասին Ռամադամի հետ հանդիպման ավարտին կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսը, որտեղ փոխնախագահը նախ հանդիմանում է Թյուզմենին, թե մի կողմից դատապարտում եք Իրաքի դեմ պատերազմը, իսկ մյուս կողմից Մոսուլի եւ Քերքուքի հետ կապված հաշվարկներ եք անումՙ համագործակցելով ԱՄՆ-ի հետ, ապա եւ լքում է դահլիճը։ Թուրքական թերթերի վկայությամբ, նրա խոսքերը հանկարծակիի են բերում Թյուզմենին, եւ նա, չկարողանալով արժանի որեւէ պատասխան տալ Ռամադանին, պապանձվում է։
Խայտառակությունը կատարյալ ձախողում է ենթադրում։ Ըստ երեւույթին եթե ոչ կատարյալ, ապա մասնակի ձախողված պետք է համարել Գյուլի շրջագայությունը։ Օգտվելով առիթից նշենք, որ Թուրքիայի վարչապետն անցյալ շաբաթվա սկզբում եղել էր Սիրիայում, Եգիպտոսում եւ Հորդանանում, իսկ վերջում եղավ Սաուդյան Արաբիայում ու Իրանումՙ հանդիպելով այդ երկրների ղեկավարներին։ Հանդիպումները կարեւոր են, սակայն Գյուլի պարագայում առավել կարեւորը մամուլի ասուլիսին իրանցի լրագրողի հետեւյալ հարցն էր. «Դուք խաղաղությունից եք խոսում, սակայն, միաժամանակ, ձեր ռազմաբազաները, օդանավակայաններն ու նավահանգիստները պատերազմական գործողությունների համար ամերիկյան զինված ուժերին տրամադրելու շուրջ բանակցություններ եք վարում։ Մի՞թե սա հակասություն չէ»։ Գյուլն այդ հարցին պատասխանեց. «Ոչ, դա խոչընդոտ չէ իրաքյան ճգնաժամն առանց պատերազմի հաղթահարելու համար։ Տարածաշրջանում ոչ մի երկիր, առավել եւս Թուրքիան, պատերազմ չի ցանկանում։ Խաղաղության մասին նույնիսկ նախագահ Բուշն է խոսում»։
Թուրքական թերթերը, անդրադառնալով Գյուլի Իրան կատարած այցին, ուշադրություն դարձրին հենց լրագրողի հարցին։ Հունվարի 13-ի առավոտյան թուրքական հեռուստատեսության էկրանից Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Էրսին Օնուլդուրանը հարցը վերագրեց լրագրողի անտեղյակությանը, ավելացնելով, որ ԱՄՆ-ը եւ տարածաշրջանի պետություններն ընդհանուր առմամբ գոհ են Գյուլի շրջագայության արդյունքներից։
ԱՄՆ-ի գոհունակությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Գյուլի շրջագայությունը համաձայնեցված է եղել, եւ դա ձեռնարկվել է Իրաքի դեմ վերահաս պատերազմի նախաշեմին տարածաշրջանային պետությունների տրամադրությունները շոշափելու, ռազմավարական գործողություններին մասնակցելու հարցում նրանց դիրքորոշման ճշգրտումն արագացնելու եւ հնարավորության սահմաններում նրանցից հակաիրաքյան դաշինք ձեւավորելու մասնավոր հաշվարկներով։ Ի դեպ, շրջագայության նախօրյակին Էրդողանը, ի պատասխան Վաշինգտոնի պահանջների, ասել է. «Իրաքում ռազմական գործողություններին Թուրքիայի անմիջական մասնակցության համար անհրաժեշտ է, որի ձեւավորվի հակաիրաքյան կոալիցիաՙ մասնակցությամբ արաբական այնպիսի երկրների, ինչպիսիք են Սիրիան, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան»։
Ուրեմն Գյուլի շրջագայությունը, բացի համաձայնեցված լինելուց, ընթացել է նաեւ Էրդողանի սցենարով։ Այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ Իրաքի դեմ վերահաս պատերազմի շեմին կարեւորն Էրդողանը չէ, այլ տարածաշրջանային պետությունների դիրքորոշումը։ Դրանցից Հորդանանը, ինչպես ցույց է տվել Գյուլի այցելությունը, հայտնել է հակաիրաքյան պատերազմին չմասնակցելու իր որոշումը։ Թեեւ թուրքական հեռուստատեսությունը որեւէ տեղեկություն չհաղորդեց, սակայն ենթադրելի է, որ չի մասնակցի նաեւ Իրանը։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նա, ըստ երեւույթին, դեռեւս չի կողմնորոշվել, բայց եւ այնպես, ԱՄՆ-ի համար անկախ կողմնորոշումից, հազիվ թե վստահելի լինի։ Իսկ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան նախընտրում են առայժմ լռել։ Ուրեմն որքան էլ վարչապետ Գյուլի շրջագայությունը ձախողվի, ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների մեջ, որպես վստահելի երկիր, Թուրքիան պահպանում է իր տեղը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ