ԲԱՔՈՒ, 13 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հատուկ ներկայացուցիչների ղարաբաղյան խնդրին նվիրված հերթական հանդիպումը կկայանա հունվարի 24-ին Ստրասբուրգում, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը։ Ռոյթերի հաղորդմամբ, նախարարը չի բացառել, որ 2003 թվականի փետրվարին Հայաստանում եւ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապվածՙ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ բարձր մակարդակի բանակցությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, սակայն տարվա ընթացքում բանակցություններ կվարվեն երկու երկրների նախագահների անձնական ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակում։