«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2003-01-10 | #4, 2003-01-11 | #5, 2003-01-14


ՕՍԿԱՐ ԼՈՊԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին թափուր է մնացել։ Արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսը, որի գլխավորությամբ ֆուտբոլի ՀՀ հավաքականն անցյալ մրցաշրջանում ընտրական երկու հանդիպում էր անցկացրել Ուկրաինայի (2¬2) եւ Հունաստանի (0¬2) ֆուտբոլիստների հետ, հավաքականում աշխատանքը շարունակելու համար պահանջել է տարեկան 300 հազար դոլար։ Այդ գումարը եվրոպական չափանիշներով մեծ գումար չէ, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի վիճակի չէ վճարել մարզչին։ Ուստի Օսկար Լոպեսը հրաժարվել է հավաքականից, նաեւ «Փյունիկից», որտեղ աշխատելիս, հավաստի աղբյուրների համաձայն, նա ամսական 10 հազար դոլար աշխատավարձ էր ստանում։ «Փյունիկն» այս օրերին Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ադլերումՙ նախապատրաստվելով հունվարի 18-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի մրցաշարին։

Ինչ վերաբերում է հավաքականի մարզչի հարցին, բանակցություններ են ընթանում մի քանի թեկնածուների հետ, որոնց թվում է նաեւ ֆրանսիացի Անրի Միշելը։ Հավաքականի գլխավոր մարզչի հարցը շուտափույթ լուծում է պահանջում, քանի որ արդեն մարտի 29-ին ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարի շրջանակներում սեփական հարկի տակ հյուրընկալվելու է Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլիստներին։ Մարտին նախատեսված է ՀՀ հավաքականի ուսումնամարզական հավաքն Արգենտինայում, որտեղ էլ կայանալու է ընկերական հանդիպում այդ երկրի ընտրանու հետ։ Հուսանք, որ ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիային կհաջողվի շուտափույթ լուծում տալ հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցին, եւ մեր ընտրանու ղեկը կվստահվի հմուտ մասնագետի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4