Պնդում է Վաճառականների միության նախագահը
Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանի հավաստմամբ, կառավարության առաջարկած հարկային բարեփոխումների փաթեթում պարզեցված հարկի բարձրացում է կատարված։ Այդ մասին նա հայտնեց միության 2-րդ կոնֆերանսի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցելիս։ Չնայած կառավարության ներկայացուցիչները հակառակն են պնդում, ըստ միության նախագահի, փաստերն այլ բան են վկայում։ Համաձայն «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, առեւտրային գործունեություն իրականացնողների համար այս հարկը բարձրացել է 75 տոկոսովՙ նախկին 2 տոկոսի փոխարեն դառնալով 3,5 տոկոս, իսկ արտադրողների համար 100 տոկոսովՙ նախկին 3,5 տոկոսի փոխարեն դառնալով 7 տոկոս։ Այս փոփոխությամբ, տիկին Գեւորգյանի համոզմամբ, ոտնահարվում է նախ եւ առաջ պետական շահը, քանի որ ե՛ւ արտադրողն է ստիպված լինելու ստվերային դաշտ մտնել, ե՛ւ վաճառողը։ Իսկ հիմնական խնդիրը, որն անհանգստացնում է վաճառականներին, անհավասար հարկային դաշտն է։ Հաստատագրված վճարով աշխատող կրպակները կարող են վաճառել որեւիցե ծագման ապրանք, որեւէ գնով, տոնավաճառների շրջանառությունն ընդհանրապես չի հարկվում։ Վերջիններս խանութների եւ առեւտրի այլ օբյեկտների համեմատ արտոնյալ վիճակում են։ Այս ոլորտները հարկման դաշտում ընդգրկելու դեպքում, Ցոլվարդ Գեւորգյանի կարծիքով, պետբյուջեի մուտքերը եւս բազմիցս կավելանան։ Նա դժգոհեց նաեւ «Հարկային ծառայության մասին» օրենքի մի քանի դրույթներից, մասնավորապես գործարարին երրորդ անձի տեղեկատվությամբ ձերբակալելու հոդվածը։ Վաճառականները համոզված են, որ նման երրորդ անձ միշտ էլ կգտնվի։
Եվ ամենաայժմեական խնդիրը, որին անդրադարձան միության նախագահը եւ մարզերի ներկայացուցիչները, հարկային կանխավճարների հավաքման չդադարող գործելաոճն է։ Գումարների չափերը, նրանց հավաստմամբ, տարբեր են եւ կախված են այն բանից, թե տվյալ պահին որքան գումար է անհրաժեշտ պետբյուջեին։ Չնայած միջազգային կազմակերպություններիՙ այս գործելաոճի հանդեպ ունեցած դժգոհությանն ու զգուշացումներին, իրավիճակն այստեղ չի փոխվել։ Մարզերում գործող գործարարները հատկապես նշեցին, որ հարկային համակարգի աշխատակիցներն իրենց հետ վարվում են ինչպես ստորադասի։ Մայրաքաղաքում ավելի հաճախ խնդրում եւ հորդորում են կանխավճար տալ։ Նման իրավիճակը Ցոլվարդ Գեւորգյանը համարում է կործանարար առանց «տանիքի» գործող ձեռներեցների համար, որոնք միավորված են Վաճառականների միության մեջ, քանի որ հովանավոր ունեցողները նման եւ այլ վտանգներից զերծ են։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ