ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարներ, պաշտոնատար այլ անձինք եւ գործարարներ, երեկ ժամանեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցի առաջին օրը ՀՀ նախագահին ընդունեց ԳԴՀ նախագահ Յոհաննես Ռաուն։ Նախագահ Քոչարյանը երեկ հանդիպել է նաեւ Գերմանիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Յոշկա Ֆիշերին։
Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման հեռանկարները։ Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունները։
Մի շարք այլ հանդիպումների թվում Ռոբերտ Քոչարյանը եղել է նաեւ Գերմանիայի արդյունաբերողների միությունում, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի տնտեսության մասին։
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ «Ազգ»-ը հնարավորություն չունի պատշաճ կերպով լուսաբանելու նախագահի Գերմանիա այցը, պատվիրակությունը ուղեկցող լրագրողների մեջ ներկայացուցիչ չունենալու պատճառով։