«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2003-01-11 | #5, 2003-01-14 | #6, 2003-01-15


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱԼԻԶԱՏՈՐ

«Մեռնող աստղերին» փոխարինում են նորերը

Այսպիսով նախագահի 15 թեկնածուներից ասպարեզից դուրս եկան 3, ավելի ճիշտՙ չորս թեկնածուներ, որոնցից առնվազն երեքի ոչ մասնակցությունն ընտրություններին, ոչ էլ դրանցից դուրս գալը որեւէ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների վրա։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ անգամ մասնակցության դեպքում ե՛ւ Արշակ Սադոյանը, ե՛ւ Պետրոս Մակեյանը, ե՛ւ Պարույր Հայրիկյանը միասին չէին կարող անգամ հուսալ ընտրողների 1 տոկոսի ձայնը, իսկ 10 հազար դոլար ընտրագրավ կորցնելն այդ պարագայում, մեղմ ասած, այդքան էլ դյուրին չի կարող լինել վերջիններիս համար։ Այս թեկնածուների վիճակն այն աստիճանի թշվառ կարելի է համարել, որ քաղաքական «շուկայում» նրանց «գինը» գրեթե զրոյական է, եւ նրանք ոչ միայն չէին ընկալվում հասարակության կողմից, այլեւ չեն արժեւորվում մյուս թեկնածուների համար։ Բանն այն է, որ նրանք քաղաքական վերնաշերտին այլեւս պետք չեն, նրանք էլեկտորատ չունեն, կորցրել կամ երբեւէ չեն ունեցել լիդերի հատկություններ։ Իսկ այդ պարագայում նրանք մյուսներին քաղաքական պայմանավորվածությունների համար բանակցությունների սեղանին ոչինչ դնել չեն կարող։ Եվ դա շատ լավ գիտակցում են հենց ընտրապայքարը լքած թեկնածուները։ Հակառակ դեպքում անհնար կլիներ պատկերացնել, ասենք, Արշակ Սադոյանին... Ռ. Քոչարյանին իր հավանական սատարման մասին ակնարկներ անելիս, ինչը բոլոր ռեսուրսների սպառված լինելու մասին է միայն խոսում։

Այս տեսակետից թերեւս անհաջող քաղաքական տրյուկ էր նաեւ ընտրագրավը չհավաքելու Սադոյանի բարձրացրած աղմուկը, որով ուղղակիորեն հաստատեց, որ ինքը գործարար շրջանակների կողմից անգամ համարվում է անլուրջ թեկնածություն եւ ամենակարեւորըՙ որպես տապալված քաղաքական գործիչ։

Նույնը կարելի է կրկնել Պետրոս Մակեյանի մասին, որը գործարարների փոխարեն, թերեւս, ակնկալում էր նախկինների օժանդակությունը, ինչն այդպես էլ չստացավՙ փաստորեն հենց յուրայինների կողմից եւս անլուրջ, անհեռանկարային գործիչ համարվելու պատճառով։ Սակայն բոլոր թեկնածուների մեջ Մակեյանը թերեւս միակն է, եւ հույս ունենանքՙ այդպես էլ կլինի, որն ընտրապայքարից դուրս գալու համար ընտրեց բարոյական նորմերը տրորելու, լրագրողի սպանությունը շահարկելու ճանապարհը։ Այս հանգամանքը, սակայն, որքան էլ անընդունելի, այնուամենայնիվ, վկայում է իր իրական կշիռը գիտակցելու Մակեյանի գիտակցության մասին։

Ի տարբերություն երկու նախորդ նախկին թեկնածուների, Պարույր Հայրիկյանը կարողացավ հիմնավորել ընտրապայքարը թողնելու իր որոշումը։ Նա պարզապես հայտարարեց, թե քանի որ իր շուրջը քաղաքական ուժերին համախմբել եւ նախընտրական դաշինք ստեղծել չհաջողվեց, ապա ինչպես եւ խոստացել էր նախօրոք, աննպատակահարմար է համարում նախագահի աթոռի համար իր հետագա պայքարը։ Քաղաքական եւ բարոյական իմաստով Հայրիկյանի քայլը ինչ-որ տեղ անգամ ամրապնդում է նրա դիրքերը քիչ թե շատ գաղափարական քաղաքական ուժերի դաշտում։ Սակայն առաջին հարցը, որն առաջանում է Հայրիկյանի պարագան դիտարկելիս, հետեւյալն է. ինչո՞ւ ոչ ոք չցանկացավ միանալ Հայրիկյանին, ինչո՞ւ նրա քաղաքական կշիռը նման անկում ապրեց, ինչո՞ւ իրենց ուսերի վրա Հայաստան բերող ժողովուրդն այս գործչին այլեւս չի վստահում։

Այս հարցադրումները մի կողմից պատասխաններ են պահանջում, մյուս կողմիցՙ պարզորոշ վկայում են, որ Հայրիկյանն ինքը վերջապես հասկացավ, որ ոչ քաղաքականության եւ ոչ էլ հասարակության մեջ ինքն այլեւս պահանջարկ չունի։

Բոլորովին այլ է իրավիճակն ընտրապայքարը լքելուն միտված նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան։ Ի տարբերություն մյուսների, վերջինս ոչ միայն չի կորցրել իր քաղաքական կշիռը, այլեւ իրավական հարթության վրա բարձրացրած նրա քաղաքական նկրտումները վկայում են, որ Հովհաննիսյանը շատ հեռատես քաղաքականություն է վարում եւ մյուս թեկնածուների մեջ էլեկտորատի կտրվածքով լուրջ հետաքրքրություն է ներկայացնում։ Այսօր այդ թեկնածուներն ամեն ինչ կարող են անել տեղեկանալու համար, թե ինչպես է կողմնորոշվելու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը նրա ասպարեզից հեռանալու դեպքում։ Այս իմաստով շատ ավելի կարեւորվում է, թե ինչ կուրս կորդեգրի ինքըՙ Հովհաննիսյանը մյուս թեկնածուների առումով, կարճ ասած, իրենցից մեկին (եւ որին) կպաշտպանի՞ արդյոք, թե՞ կնախընտրի պահպանել ռեսուրսները մյուս ընտրությունների համար։ Ցանկացած դեպքում դատական պրոցեսները Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ փորձում է ծառայեցնել քաղաքական նպատակներին, որոնց դրսեւորումները, թերեւս, ի հայտ կգան հետագայում։

Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ էության, կրկնում է Կարեն Դեմիրճյանի մարտավարությունը։ Վերջինս, միանգամից մտնելով քաղաքական հարթություն, 1998 թ.-ին մասնակցեց նախագահական ընտրություններին, այնուհետեւ իր պարտության մեջ իշխանություններին սկզբնական շրջանում մեղադրելուց հետո ձեռնամուխ եղավ նոր քաղաքական ուժիՙ ՀԺԿ-ի ձեւավորմանը, իսկ մեկ տարի հետո նրա գլխավորած կուսակցությունը խորհրդարանական մեծամասնության մի թեւն էր արդեն։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը եւս այս տակտիկան է ընտրել, ապա արդեն 2007 թ. նա ակտիվորեն, որպես քաղաքական ուժ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։

Ինչեւէ, երեք մյուս թեկնածուների դեպքում միանշանակ կարելի է խոսել քաղաքական ռեսուրսների սպառվածության եւ դրա հետեւանքով քաղաքական պայքարին այլեւ չդիմակայելու, դիմադրողականությունը կորցնելու, պայքարից դուրս մնալու մասին։ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհակառակը, նոր լիցքեր է հավաքում, եւ դրանք կարտահայտվեն հետագայում։ Այս ծայրահեղ տարբեր երեւույթները վկայում են, որ ներկայիս նախագահական ընտրությունները նաեւ լիդերների անալիզատորի դեր են կատարում. ակտիվ քաղաքականությունից դուրս են մղվում նախկին լիդերները, նրանց փոխարինելու են գալիս նորերը։

Ամենայն հավանականությամբ այս ընտրապայքարում տեղի տվողներ էլի կլինեն։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4