Լույս է տեսել «Հայ արվեստ» մշակութային հանդեսի 3-րդ համարը, որն իր արեւելահայերեն եւ արեւմտահայերեն ուղղագրությամբ մատչելի է ե՛ւ հայաստանաբնակներին, ե՛ւ սփյուռքահայերին։ Հայաստանում եւ սփյուռքում տեղի ունեցող մշակութային իրադարձություններից բացի, հանդեսն անդրադառնում է նաեւ մեր մշակույթում առաջացած հիմնախնդիրներին, որոնք պրոֆեսիոնալ եւ պետական հոգածության կարիքն ունեն։ «Մշակույթը Հայաստանի այցեքարտն է քաղաքակիրթ աշխարհում, բայց այն սոսկ ցուցափեղկ չէ մեզ համար, այլեւ կենսական հոգեւոր հաց, որի հասունացման համար ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պետք։ Այս մասին գիտեն «վերեւից ներքեւ», բայց հիրավի անդունդ կա խոսքի ու գործի միջեւ», գրված է հանդեսի խմբագրականում։ Իսկ այս համարում խոսվում է սփյուռքում գործող արվեստագետների, մոնումենտալ արվեստի հիմնախնդիրների, Արուճի վաղ քրիստոնեական ճարտարապետական համալիրի, Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու մասին, Դանիել Երաժիշտը շարունակում է խաչատրյանական վերհուշը։ Հանդեսում ինչպես միշտ տեղ է հատկացված հայ նկարչությանը (Մարտիրոս Սարյան, Էդվարդ Իսաբեկյան, Հրանտ Ստեփանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Արթուր Օշականցի եւ ուրիշներ), խոսվում է նկարի եւ սրբապատկերի տարբերության, վերջինիս առանձնահատկությունների մասին։ Դանիել Երաժիշտը գրում է մեր մշակույթում տիրող վիճակի մասին, երբ արվեստն իջել է առեւտրի մակարդակիՙ ապազգայնացնելով եւ համամարդկային իդեալներից հեռացնելով հատկապես մատաղ սերնդին։ «Արվեստը վերածվում է մի զենքի, որով ձեռնածություն են անում մարդկային զանգվածների հետ, լվանում ու կոդավորում ուղեղները... «Կուլտուրտրետեգները», հոգեորսներն իրենց իշխանությունն են տարածում նորանոր շրջանների, երկրների վրա, ապազգայնացնում ու տիրում... Թիրախ է դառնում մատաղ սերունդը, անտեղյակ խավը։ Ճիշտ այդպես են վարվում աղանդ եւ թմրադեղ տարածող հոգեորսները»։
Ա. Ա.