Անցած տարվա դեկտեմբերին վարչական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն ապօրինի հատված ամեն ծառի դիմաց տուգանքը կազմում է 120-150 հազ. դրամ։ Առաջներում ընդամենը 1000 դրամ էր, ինչն օրինախախտները հաճությամբ վճարում էին։ Զանցանքի այս ձեւը բավական լայն տարածում ունի ե՛ւ մարզերում, ե՛ւ մայրաքաղաքում։ Լոկ տեսականորեն կարելի է ենթադրել, որ օրինախախտումները նույն ծավալով շարունակվելու դեպքում բյուջե մեծ մուտքեր կարող են լինել։ Սովորաբար դրանց հեղինակները տանիք ու դիրքեր ունեցող փողատերեր են։ Սրճարաններ, հյուրանոցներ ու բենզակայաններ կառուցելու տենդը կանաչ տնկարկների իսկական սպանդի սկիզբ դրեց։ Վառ օրինակը քաղաքաշինական այդպիսի ծրագրերից մեկի զոհ Իտալական փողոցի ծառերն են։ Չնայած կառուցապատումների ժամանակ ծառահատումներն արգելվում են, շինարարության հեղինակները շարունակաբար շրջանցում են այս կարեւոր պահանջըՙ վարձակալած կամ սեփականաշնորհած հողատարածքում ձեռնարկելով այն, ինչ խելքներին փչում է։ Քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանի համոզմամբ, օրենքի այս կտրուկ խստացումը հույս է ներշնչում, որ ծառահատումների ծավալը միանգամից կնվազի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, օրինախախտումն արդեն եղել է, դրա հեղինակ սովորական քաղաքացին կամ իրավաբանական անձը պարտավոր է փոխհատուցել հատված ծառերի թվով կամ կրկնակի չափով նոր կանաչ գոտու հիմնումով։
Կ. Դ.