Հունվարի 13-ին, թուրքական կենտրոնական թերթերի դիպուկ արտահայտությամբՙ Բաղդադ կատարած «խայտառակ» այցից հետո Անկարա վերադարձավ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարության պետնախարար Քյուրշաթ Թյուզմենը։ Նույն օրը կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով ուղեւորվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկին։ Կասկածից վեր է, որ նա Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներում կարծարծի «իրաքյան ճգնաժամն առանց պատերազմական գործողությունների դիմելու հաղթահարելու» հարցը եւ, ելնելով վերջինիս հակաիրաքյան պատերազմի նկատմամբ բացասական դիրքորոշումից, կստանա անհրաժեշտ աջակցությունը։
Տվյալ դեպքում կարեւորը ենթադրվող աջակցությունը չէ, այլ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելի դիտարկումը, թե Իրաքի հարցը չպետք է քննարկել Էրդողանի հետ։ Մինչդեռ դեկտեմբերի առաջին կեսին Վաշինգտոնում Էրդողանն արժանացել էր պետության ղեկավարին արժանավայել ընդունելության, եւ նախագահ Ջորջ Բուշը նրա հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ նա շուտով կփոխադրվի այլ պաշտոնի։ Ուրեմն, իրաքյան պատերազմի առումով Թուրքիայի «խաղաղ նախաձեռնությանը» երկակի մոտեցում են ցուցաբերում նաեւ ամերիկացիները։
Բուշի ակնարկը վարչապետության մասին էր։ Պետնախարար Թյուզմենի այցելությունը Բաղդադ որպես «կատարյալ խայտառակություն» բնութագրող կենտրոնական թերթերի պարագայում խոսքը շուրջ 1 մլն տպաքանակ ունեցող «Հյուրիեթի» եւ «Միլիեթի» մասին է։ Հարկ է սակայն նշել, որ «Դողան հոլդինգին» պատկանող այս երկու թերթերն էլ ի սկզբանե բացասաբար են վերաբերվել իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը։ Ինչ խոսք, նրանց վերաբերմունքն ավելի քան բացասական էր լինելու այդ կուսակցության իշխանությունների նկատմամբ, որոնց երկրում ներկայացնում է Աբդուլլահ Գյուլի կառավարությունը։
Դա չէր կարող չանդրադառնալ Թյուզմենի այցի բնութագրմանը, քանի որ կատարել էր տվյալ կառավարության պետնախարարը։ Բայց եւ այնպես, անկախ վերոհիշյալ թերթերի մոտեցումից, Թյուզմենի այցը բուռն հակազդեցություն առաջ բերեց Անկարայի քաղաքական շրջանակներում։ Հունվարի 13-ին թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից այցին հակազդեցության դրսեւորումներով արձագանքեց նաեւ թուրքական երկկուսակցական խորհրդարանի ընդդիմադիր, Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր նախագահ Դենիզ Բայքալը։
Նա մասնավորապես ասաց. «Ներկա պահին Բաղդադ այցելելը, երբ տարածաշրջանում անխուսափելի է դարձել ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, այն էլ առեւտրի զարգացման նպատակով, ոչ այլ ինչ է, քան քաղաքական թուլության արտահայտություն։ Ցավոք, անտեղի, միանգամայն անժամանակ եւ անիմաստ այդ այցը Թուրքիայի նսեմացման պատճառը դարձավ։ Բաղդադում մենք ստիպված հայտնվեցինք անվայել արտահայտությունները հանդուրժողի դերում։ Երկրի սահմաններից դուրս կատարված դիվանագիտական կոպիտ սխալը ներսում չես ուղղի»։
Բայքալին նույն էկրանից պատասխանեց պետնախարար Թյուզմենը։ Նա հերքեց թուրքական թերթերին, թե այցի մասին դրանց հրապարակումները ամենեւին չեն համապատասխանում իրականությանը։ Այնուհետեւ նշեց, որ հանդիպել է Բայքալին եւ նրան տեղեկացրել այցի արդյունքների մասին։ Ըստ Թյուզմենի, Բաղդադում թուրք գործարարներին հաջողվել է կնքել առեւտրային տարբեր գործարքներ, որոնց ընդհանուր արժողությունը 695 մլն եվրո է։ Միաժամանակ Թյուզմենն Անկարա է բերել Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնի գրավոր երեք ուղերձը, որոնք հասցեագրված են վարչապետ Գյուլին, նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին, ինչպես նաեւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Էրդողանին։
Այլ կերպ, Թյուզմենի խոսքերով, այցի արդյունքները միանգամայն գոհացուցիչ են, եւ իրեն Բաղդադում գոհունակությամբ են ընդունել Իրաքի ղեկավարներըՙ նախագահի գլխավորությամբ։ Նրա խոսքերը հաստատեց Բաղդադում թուրքական հանրային հեռուստատեսության սեփական թղթակիցը, վկայակոչելով իրաքյան կենտրոնական թերթերի հրապարակումները։ Հունվարի 13-ի այդ նույն օրը Թուրքիա ժամանեց 150 հոգանոց ամերիկյան զինվորական մի պատվիրակություն, ուսումնասիրելու այն ռազմաբազաներն ու նավահանգիստները, որոնք Իրաքի դեմ պատերազմի դեպքում տրամադրվելու են ԱՄՆ զինված ուժերի օգտագործմանը։
Նախնական տվյալներով ռազմական այդ օբյեկտները հակաիրաքյան պատերազմի պահանջներին հարմարեցնելու համար ենթադրվում է 300 մլն դոլարի հատկացում։ Ինչ վերաբերում է հարմարեցման աշխատանքներին, ապա դրանք նախատեսում է ավարտել առաջիկա մեկ ամսում։ Նույն օրը վարչապետ Գյուլն ընդունեց թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հիլի Օզքյոքին, տեղեկացնելու համար նրան շրջագայության մանրամասնությունների մասին, որը կատարվել է Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներով։
Ընդունելության ավարտին հայտարարվեց Իրաքի հարցում Թուրքիայի զինվորական եւ քաղաքական իշխանությունների տեսակետների միասնականության մասին։ Սակայն դա չխանգարեց Անկարայի քաղաքական շրջանակներին, որ նրանք սկսեն Իրաքի հարցում անորոշության մեջ մեղադրել Գյուլի կառավարությանը, իսկ մամուլը նրանց միացավ։ Ակնհայտ է, որ տվյալ դեպքում մեղադրանքի մոտիվը թուրքական կառավարության «խաղաղ նախաձեռնության շրջանակներում» վարչապետ Գյուլի շրջագայությունը կամ պետնախարար Թյուզմենի վերոհիշյալ այցելությունը չէ միայն, այլ Սիրիայի արտգործնախարար Ֆարուք ալ Շարաայի բանակցություններն Անկարայում։ Հատկանշական է, որ նա Անկարա է ժամանել Գյուլի շրջագայությունից հետո, որը ներառում է նաեւ Սիրիան։ Այսինքնՙ նրա այցի մասին որոշվել է այն ժամանակ, երբ Գյուլը դեռեւս Դամասկոսում էր։ Մինչդեռ Սիրիան Իրաքի դեմ պատերազմի հարցում ոչ միայն չի կողմնորոշվում, այլեւ չի վայելում ԱՄՆ-ի վստահությունը։
Որքան էլ թուրքական մամուլը շրջանցի Շարաայի այցը, կասկածից վեր է, որ Անկարայում նրա բանակցությունները չեն կարող ընթանալ ի նպաստ Իրաքի դեմ ամերիկյան պատերազմիՙ առավել եւս դրան Սիրիայի անմիջական մասնակցության։ Եթե նկատի ունենանք, որ Հորդանանն արդեն հայտարարել է պատերազմին չմասնակցելու իր որոշումը, իսկ Իրանն առհասարակ դեմ է դրան, ապա կարելի է փաստել վարչապետ Գյուլի արաբական երկրների մասնակցությամբ հակաիրաքյան կոալիցիա ձեւավորելու առաջադրանքով կատարած շրջայցերի ոչ միայն ձախողման, այլեւ հակառակ արդյունքը։
Ի՞նչ առումով, այն, որ վերոհիշյալ երկրներից Սաուդյան Արաբիայի իշխանությունները եւս, թուրքական կառավարության օրինակով, Իրաքի դեմ պատերազմի հարցում «խաղաղ նախաձեռնություն» են ցուցաբերում, իսկ Եգիպտոսը հապաղում է առ այսօր հայտնել իր դիրքորոշումը։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ արաբական երկրների մասնակցությամբ հակաիրաքյան կոալիցիա ձեւավորելու Գյուլի փորձը կամա թե ակամա նպաստում է Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի համար անընդունելի կոալիցիայի ձեւավորման նախադրյալների ստեղծմանը։ Ուրեմն, Գյուլը շրջագայությունը ձախողելիս ձախողել է նաեւ հակաիրաքյան վերահաս պատերազմում արաբական դաշնակից երկրներին Թուրքիայի գլխավորությամբ ԱՄՆ-ի շուրջ համախմբելու Վաշինգտոնի առաջադրանքը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ