ԲԱՔՈՒ, 14 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում Ադրբեջանը դասվում է «կեղծ ժողովրդավարական» պետությունների շարքը, իսկ Հայաստանըՙ «ժողովրդավարականՙ վերապահումով»։
«Էխո» թերթի հաղորդմամբ, զեկույցը, որ կոչվում է «Արտասահմանյան օգնությունՙ ելնելով ազգային շահերից. աջակցություն ազատությանը, անվտանգությանն ու զարգացման հնարավորությանը», հրապարակվել է Պետդեպի սայթի գլխավոր էջում։ Զեկույցի հեղինակների կարծիքով, նախկին ԽՍՀՄ երկրների մեջ ժողովրդավարական են միայն չորսը։ Ընդ որում նրանցից երեքը ժողովրդավարական են կոչվում որոշ վերապահումով. դրանք ենՙ Հայաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը (հատկապես Վրաստանը)։ Իսկ Ադրբեջանը ընդհանրապես «կեղծ ժողովրդավարական ռեժիմ» կամ «ընտրական ավտորիտարիզմ» ունեցող երկիր է։ «Անհնար է այլեւս ասել, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ադրբեջանը, Կամբոջան, Կամերունը, Եգիպտոսը, Հայիթին, Ղազախստանը, Քենիան եւ Մարոկկոն, գտնվում են դեպի ժողովրդավարություն անցման վիճակում։ Նրանք դեռ միայն դուրս են գալիս ավտորիտար կառավարումից»,- ասվում է զեկույցում։ «Ճիշտ է, այդ երկրներից մի քանիսը լրիվ չեն «փակել» քաղաքական բազմակարծությունը։ Նրանք թույլ են տալիս կուսակցություններին մասնակցել ընտրությունների, որոնք կանոնավորապես անցկացվում են, սակայն ընդդիմադիր թեկնածուներին եւ կուսակցություններին թույլ չեն տալիս ազատորեն քարոզարշավ վարել եւ արդարացիորեն հաղթել։ Ձեւական ժողովրդավարական հաստատությունները, ինչպիսին են բազմակուսակցական համակարգը եւ խորհրդարանները, գոյություն ունեն զուտ նրա համար, որպեսզի սքողեն ավտորիտար կառավարման իրողությունները»,- ասվում է զեկույցում։