«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2003-01-11 | #5, 2003-01-14 | #6, 2003-01-15


ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ

Հայոց եկեղեցու ապագան վտանգված

Հունվարի 10-ին BBC ռադիոկայանը հաղորդում է նվիրել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում մնացած վերջին հայիՙ Մայքլ Ջոզեֆ Մարտինի (Միքայել Հովսեփի Մարտիրոսյանի) մասին։ Նա միակ խնամատարն է 18-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցու։ Այս մասին մեզ տեղեկացնող Լոս Անջելեսից «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հայտնում է, որ պրն Մարտինը BBC-ի թղթակցին ասել է, թե ինչ էլ պատահի ինքը չի լքելու եկեղեցին, չի թողնելու, որ այն վերածվի ավերակի։ «Թերեւս ես Բանգլադեշում ապրող միակ հայն եմ, սակայն իմ կարողությունների սահմաններում ամեն ինչ անելու եմ, որպեսզի արտասահմանից մի հայ գտնեմ, որպեսզի ինձ փոխարինի։ Այլապես մեկ օրից մյուսը մի ողջ ավանդույթ անհետ կորչելու է»։

BBC-ի թղթակցի ասելովՙ Դաքայի հայոց եկեղեցին շատ գեղեցիկ մի կառույց է, որ գտնվում է Հայկական փողոցում, որը ժամանակին հայերի կողմից երկրում զարգացող առեւտրի կենտրոնն էր։ Առաջինը հայերն այստեղ են հայտնվել 12-րդ դարում։ Նրանք կարեւոր դեր են կատարել Եվրոպայի հետ Բենգալի առեւտրային կապերի զարգացման գործում։

Մեր կողմից ավելացնենք, որ Դաքայի Սբ. Հարություն եկեղեցին գտնվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր ենթակայության տակ։ Ակնկալելի է, որ Մայր աթոռն ամեն ինչ կանի եկեղեցու ճակատագիրն ապահով հիմքերի վրա դնելու ուղղությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4