Գարեգին արք. Բեկջյան. «Պատմական օր է գերմանահայության համար»
Հունվարի 15-ի հետմիջօրեին ավարտվեց ՀՀ նախագահի առաջին աշխատանքային երկօրյա այցը Գերմանիա։ Դրա արդյունքում կնքվեց երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին մի փաստաթուղթ, կարեւոր հանդիպումներ եղան ԳԴՀ առաջնակարգ պաշտոնատարների հետ, նրանցՙ թեկուզ 30 րոպեով շեղելով Իրաքի խնդիրներից, «ստիպելով» հայացք ուղղել մերՙ իրականում մոռացված երկրին, առաջին անգամ պաշտոնական Բեռլինը խորհրդանշող մի շարք շենքերի վրա ծածանվեց ՀՀ եռագույնը, առաջին անգամ Բեռլինի նշանավոր պետական օպերային թատրոնը վկան դարձավ համաշխարհային չափումներով երաժշտական այն բարձր մակարդակին, որ փաստեցին Հասմիկ Պապյանը, Սերգեյ Խաչատրյանը, Արմեն Բաբախանյանը։ Օտարերկրյա, գերմանացի դիվանագետներով լեփ-լեցուն այդ նույն դահլիճն առաջին անգամ արձանագրեց մեր երկրի նախագահի հպարտությունն ու հուզմունքը, առաջին անգամ համաշխարհային ճանաչման հասած մեր արտիստները նրա ձեռքից ծաղիկներ ստացան։ Առաջին այս այցի արդյունքում ՀՀ նախագահը սփյուռքահայության այս հատվածի համար խորհրդանիշից վերածվեց մի հայրենակցի, ում ձեռքը սեղմեցին, ում հետ լուսանկարվելու առիթ ունեցան, ում հարցեր ուղղեցին ու պատասխաններ ստացան։ Հայաստանից ջերմ շունչ, ուշադիր հայացք ստացան նաեւ նրանք, ովքեր վերջին տարիներին լքել են Հայաստանը տարբեր պատճառներով ու... չեն էլ հիշում վերադառնալ։ Նախաբանս նախընտրական քարոզարշավի մաս չհամարեք, Քյոլնի Սահակ Մեսրոպ եկեղեցում ընտրելու իրավունք ունեցողները մեծ թիվ չէին կազմում։ Հոգեւորականներից ինձ փոխանցեցին, որ եկեղեցին հարցուպատասխանի լսարան առաջին անգամ էր դառնում (միգուցե խորհրդանշական փաստ է)։ Ինչեւիցե, առաջին անգամների այս շարքում թերեւս երկու բան կուզենայինք, որ առաջին անգամ էլ չլիներՙ գերմանացի լրատվամիջոցների «երդվյալ» լռությունը (այցը որեւէ կերպ չլուսաբանվեց) եւ Երեւանից պատվիրակությանը մաս կազմած, Քյոլնի հայկական եկեղեցում առաջին անգամ գտնվող ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի հանդեպ ցույց տրված մեր անուշադրությունըՙ առաջին շարքում նստած ՀՀ պաշտոնյա մեր այրերի կողքին նա տեղ չուներ...
«Արդարեւ, պատմական օր մըն է մեզի համար այս հարկեն ներս ընդունիլ ՀՀ նախագահը», Ռոբերտ Քոչարյանին ուղղված ողջույնի իր խոսքն այսպես սկսեց Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանըՙ հունվարի 15-ին հյուրընկալելով նրա գլխավորած պատվիրակությունը հայկական եկեղեցում։ Սրբազան հայրն այնուհետեւ իր գրավոր ելույթում ներկայացրեց գերմանահայությանը, մասնավորապես նշելով, թե 60-ականներին այս երկրում բնակություն հաստատած հայերի շուրջ 70 տոկոսը արեւմտահայ է։ «Կարելի է հպարտանալ անոնց ցուցաբերած շնորհներով եւ հասած դիրքով, սակայն մինչեւ այսօր տակաւին անոնց դեմքերու արտահայտություններեն, ճակտի կնճիռներեն եւ փոթորկոտ հոգիներեն կարելի է կարդալ 1915¬ի աղետին սարսափը», ասաց Բեքջյան սրբազանըՙ այդուհետեւ խոսելով սփյուռքահայությանՙ մանավանդ գլոբալիզացիոն քաղաքականության մեջ վտանգված լինելու մասին։ «Իրեն նկատելով մեր հայրենիքի բաղկացուցիչ մեկ մասնիկը, սփյուռքահայությունը մանավանդ անկախութենեն ետք իր կարեւոր նյութական մասնակցությունը բերավ հայրենիքի բարգավաճման, նեցուկ հանդիսացավ արցախահայության արդար պայքարին», ասաց գերմանահայոց առաջնորդըՙ հավելելով, թե «վերջին տարիներուն ուրախ ենք հաստատելու, որ հայրենի կառավարությունը Ձեր նախագահությամբ ավելի ուշադրություն կընծայե եւ զգայնություն կը ցուցաբերե սփյուռքահայության սպասումներուն։ Մեր անկեղծ փափագն է, որ հայրենի իշխանությունները Ձեր նախագահությամբ շարունակեն Սփյուռքի նկատմամբ որդեգրված այս քաղաքականությունը»։ Ելույթի ավարտին սրբազան հայրն ընդգծեց ՀՀ նախագահի դրական կեցվածքն Ամենայն հայոց կաթողիկոսության հանդեպ, որ Վեհափառ հայրապետի հետ ներդաշնակ համագործակցությամբ նպաստում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու զարգացմանը։
Այնուհետ բարձրախոսին մոտեցավ Հայաստանի նախագահը։ «Ընդհանրապես սփյուռքի հետ աշխատանքը, նման սփյուռք ունեցող ժողովրդի, այդ ժողովրդի կառավարության, իշխանությունների համար համար իր աշխատանքի պարտադիր բաղկացուցիչ պետք է լինի, այսպիսի մոտեցում ենք որդեգրել մի քանի տարի առաջ եւ պետք է ասեմ, որ այս մոտեցումը հետեւողականորեն իրականացնում ենք», ասաց նաՙ այդուհետեւ ներկաներին իրազեկելով երկօրյա իր աշխատանքային այցի մանրամասներինՙ մասնավորապես նախորդ օրը Բեռլինում կայացած իր հանդիպումների մասին։ «Պետք է խոստովանենք, որ այս այցը բավական ուշացել է, թեպետ ունենք ձեւավորված հարաբերություններ եւ այս տարիների ընթացքում Գերմանիայի կառավարությունը բավական լուրջ աջակցություն ցույց էր տալիս Հայաստանին բարեփոխումների այս անցումային շրջանը հաղթահարելու նպատակով։ Ընդհանուր առմամբ 100 միլիոն եվրոյից անցել են այդ օժանդակության ծավալները։ Շնորհակալ ենք Գերմանիայի կառավարությանը նման վերաբերմունքի համար»։ Բեռլինյան հանդիպումները բնութագրելով «բովանդակային առումով հետաքրքրական»ՙ նախագահը հաղորդեց, որ դրանցում շեշտադրված է տնտեսական հարաբերությունների զարգացումը։ ՀՀ նախագահի տեղեկացմամբ, տնտեսական կապերը մասնավորների միջեւ դեռ թույլ են, եւ գերմանական մասնավոր կապիտալը ներկայացված չէ։ «Սա էապես տարբերվում է այն հարաբերությունների ծավալներից, որոնք ունենք եվրոպական այլ երկրների հետ, բայց համոզված եմ, ասաց Հայաստանի նախագահը, որ ակտիվ աշխատանքի դեպքում 2¬3 տարում ի վիճակի ենք գրանցել լուրջ փոփոխություններ։ Գերմանիան Եվրոպայի ամենակազմակերպված, հզոր երկիրն է, եւ մենք չափազանց շահագրգռված ենք այս երկրի հետ ունենալ խորացված, լայն կապեր։ Աշնանը Գերմանիայում կկայանա բիզնես-ֆորում, կփորձենք առավել ակտիվ լինել մշակութային կապերի զարգացման գործում։ Հարգելի՛ հայրենակիցներ, ասաց Ռոբերտ Քոչարյանը, այս հարաբերությունների մերձեցման, զարգացման գործում պարտավոր եք Ձեր ներդրումն ունենալ։ Ավելի ակտիվ են աշխատում այն երկրների հետ, ում ճանաչում են։ Համայնքի խնդիրներից մեկն է այնպես անել, որ մեզՙ մեր ժողովրդին ճանաչեն իր մշակույթով, իր կեցվածքով, իր աշխատասիրությամբ։ Ձեր կենսագրությամբ դուք այս նպատակին ծառայում եք», ասաց Ռոբերտ Քոչարյանը, շարունակելովՙ «քանի հավաքվել եք, ուրեմն հետաքրքրություն ունեք Հայաստանի հանդեպ»։ Բավական պատասխանատու ժամանակահատված է, ընտրությունները հիշատակելով որակեց նաՙ վստահեցնելով, որ ամեն ինչ անելու են, որ դրանք անցնեն ազատ, արդար, լիարժեքորեն համապատասխանեն եվրոպական չափանիշներին։ ՀՀ տնտեսական վիճակի մասին խոսելով նախագահն արձանագրեց, որ 2002-ին 12 տոկոսից ավել աճ է գրանցվել, արտահանման ծավալները մոտ 50 տոկոսի աճ են արձանագրել։ «Արտագաղթը բավական նվազել է, անկախություն ձեռք բերելուց հետո միգրացիոն հաշվեկշիռը այս տարի նվազագույնը կլինիՙ գրեթե 0-ի ենք հասցնելուՙ տնտեսական աճի շնորհիվ։ Այս ցուցանիշները մի քանի տարի անընդմեջ պահպանելու դեպքում երկրի որակն էապես ուրիշ է լինելու։ Դրա նախապայմանը կլինեն կազմակերպված ընտրությունները փետրվարին եւ մայիսին։ Ակտիվ աշխատում ենք ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ։ Այս տարի մի փոքր դադար է լինելուՙ դանդաղ ենք շարժվելու Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվելիք ընտրությունների պատճառով։ Բայց գործընթացը շարունակվելու է։ Չենք կարող ասել, որ հասել ենք համաձայնության բոլոր հարցերի շուրջ, բայց առանց միջազգային ուժերի պահպանվող զինադադարն ասում է, որ որոշ ձեռքբերումներ ունենք։ Մեզ հաջողվեց մեր մոտեցումները հասցնել միջազգային հանրությանը, եւ մեր դիրքորոշումը երբեք այդքան ընկալելի չի եղել, որքան այսօր է։ Հարավային Կովկասում ընդհանուր բարեփոխումների ծավալի եւ որակի իրականացման առումով մենք առաջինն ենք»։
Նախագահը հատուկ անդրադարձավ սփյուռքի հետ աշխատանքին։ «Սփյուռքը ունի հզոր քաղաքական, տնտեսական, մշակութային ներուժ, իմ կոչըՙ միասին աշխատենք այդ պետականության ամրապնդման գործում»։ «Հայաստանից դուրս մոտ երկու անգամ շատ հայ է ապրում։ Այդ աշխատանքը հեշտ է, երբ կազմակերպված սփյուռքի հետ ենք աշխատում», դահլիճի ծափերից ընդհատված ելույթը շարունակեց ՀՀ նախագահը։ Անդրադառնալով համահայկական նախաձեռնություններին նախագահն արդեն եղածներին հավելեց եւս երկուսըՙ աշնանը կբացվի երիտասարդական ճամբարը, սեպտեմբերինՙ տնտեսական խորհրդաժողովը։ 2003¬ին նշվող հոբելյաններից նախագահն առանձնացրեց երեքըՙ Էջմիածնի 1700, Արամ Խաչատրյանի 100 եւ Գրիգոր Նարեկացու 1000 ամյակները։ Նախագահը գնահատեց «Հայաստան» հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի Ղարաբաղում իրականացրած աշխատանքը։
Այնուհետ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանելու ներկաների հարցերին։
«Դուք գիտեք, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հարցն է, միայն սփյուռքի հարցը չէ, պատասխանելով գերմանահայերից մեկիՙ ի՞նչ է Գերմանիայի կեցվածքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին ասաց նախագահը։ Կյանքը նաեւ ցույց տվեց, որ երբ միասին ենք աշխատում, շատ ավելի լուրջ արդյունքների ենք հասնում։ Կոնկրետ Գերմանիայում ավելի շատ ես ձեզնից պիտի հարցնեմ, քան դուք ինձանից։ Պետք է հաշվի առնեք, որ երկարատեւ աշխատանք է պետք այս հարցի շուրջ։ Չպետք է ձանձրանալ, պետք է բացատրել երկարատեւ, երկարաշունչ, կան պետական շահեր, որոնք միշտ չէ, որ մեր ցանկությանը համընկնում են, մեծ բացատրական աշխատանքի կարիք կա», ասաց Հայաստանի նախագահը։
Հաջորդՙ երկքաղաքացիության հարցի հետ կապված ներկաներից մեկի մտահոգությանը պրն Քոչարյանը ծանուցեց ԱԺ ընտրությունների հետ մայիսին նախատեսված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին։ «Սահմանադրության նոր խմբագրությունը երկքաղաքացիության արգելք չի պարունակում։ Սա նշանակում է, որ դրանից հետո քաղաքացիության մասին օրենք կարող ենք ընդունել եւ այդ հարցը կանոնակարգել։ Փորձը կա աշխարհում եւ լուծումներ հնարավոր է գտնել», հստակեցրեց ՀՀ նախագահը։
Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին էլ հարց հնչեց։ Դրան ի պատասխան մեր երկրի նախագահի տված մեկնաբանությունը հետեւյալն էրՙ «մեր քաղաքական իրավիճակը դիտորդների կողմից գնահատվում է հանգիստ, քան նախընտրական վիճակն է նախատեսում։ Սա կապված է երեւի այն հանգամանքի հետ, որ անցած տարվա ընթացքում իշխանությունը հենց ինքը այդպիսի տրամադրություններ չէր ձեւավորում։ Հայաստանում սկսել են ավելի հանգիստ վերաբերվել ընտրություններին եւ, կոպիտ ասած, ընտրությունները իբրեւ ատրակցիոն չեն դիտվում արդեն, նորմալ գործընթաց է»։ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ էլ ասաց, թե «իրավապահ մարմինները պարտավոր են բոլոր վարկածներն ուսումնասիրել, բայց այդ վարկածների մեջ առաջին տեղում, իհարկե, քաղաքականն էՙ կապված այն դերակատարման հետ, որ նա ուներ երկրումՙ իր խոսքի սրությամբ, գրչի տաղանդով։ Իրավունք չունենք կասկածամտությամբ տառապել, պետք է ամեն ինչ արվի զուտ իրավական դաշտում»։
Պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե «Նաղդալյանի գործի հետաքննությունն ի՞նչ փուլում է եւ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ նախագահական ընտրությունների վրա», մեր երկրի նախագահն ասաց, թե «իրավապահ մարմինները բավական ակտիվ զբաղվում են, պատվերով սպանության ոճ է, եւ նման կարգի հանցագործությունների ժամանակ եթե հանցագործը տեղում չի ձերբակալվում, ապա երկրորդային ինֆորմացիայի շնորհիվ է բացահայտվում։ Աշխարհում պրակտիկան այդպիսին է։ Գիտեք, որ բավական մեծ դրամական պարգեւ է հայտարարված արժեքավոր ինֆորմացիայի դիմաց։ Ի՞նչ ազդեցություն կունենա, դժվարանում եմ գնահատական տալ, բայց հեռուստատեսության կոլեկտիվը շարունակում է աշխատել նույն ոճով, համարձակությամբ։ Լուրջ դերակատարություն եւ տաղանդավոր լրագրող է այս պայքարից դուրս մնացել։ Անձամբ ինձ համար դա մեծ կորուստ է։ Որովհետեւ Տիգրանը նախընտրական այդ ամբողջ հատվածում իր բնավորության, ընդունակությունների շնորհիվ լուրջ դերակատարություն կունենար»։
Վերջինՙ տուրիզմի զարգացման վերաբերյալ հարցին նախագահն ակնարկեց դիմել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ճշմարիտյանին, որ պատվիրակության հետ նույն եկեղեցում էրՙ իր կողմից հայտարարելով, թե տուրիզմը համարվում է գերակա ոլորտներից մեկը եւ ակտիվ աշխատանք է արվում այդ ուղղությամբ։ «Եթե կան առաջարկներ, շնորհակալ կլինենք, ասաց պրն Քոչարյանը։ Հյուրանոցային շինարարությունը Երեւանից արդեն դուրս է եկել, բավական հետաքրքիր արդյունք ունենալու ենք 1¬2 տարուց»։
Վերջում «պատմական այդ օրը» եզրափակվեց այն հույսով, որ սա ՀՀ նախագահի գերմանահայության հետ հանդիպման սոսկ սկիզբն է, ինչը նոր խթան կլինի հայրենիքի հետ արդեն ընթացք գտած համագործակցությանը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն