ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր առավոտյան պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա ժամանեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը։ Վնուկովո-2 օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորեց ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն։ Օդանավակայանից պատվիրակությունն ուղեւորվեց համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն։ «Հայաստան» ցուցասրահում ներկայացված էին հայաստանյան 40-ից ավելի ձեռնարկություններիՙ կոնյակի, գինու, «Նոյան» հյութեր եւ այլ, արտադրանքներ։ Ռ. Քոչարյանը եւ նրան ուղեկցող անձինքՙ կառավարության անդամներ, գործարարներ, մշակութային գործիչներ, պատգամավորներ, շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցահանդեսին, որն այսուհետ կգործի մշտապես։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, մեր երկրի ձեռնարկությունների արտադրանքը մեծ պահանջարկ ունի ռուսաստանյան շուկայում, եւ մշակվել է մաքսային ծրագիր արտադրանքն ավելի հեշտությամբ շուկա դուրս բերելու համար։ ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի խոսքերով, Հայաստանն առաջինն է, որ վերականգնեց նախկինում եղած ավանդույթըՙ վերաբացելով այս ցուցասրահը. «Համոզված եմ, որ Հայաստանի համար իսկապես հնարավորություն է ստեղծվել իր ապրանքատեսականին ներկայացնելու։
Մեր երկրների ապրանքաշրջանառությունից ավելին ենք սպասում, չնայած այսօր կան բազմաթիվ պատճառներ, որ այդպես չէ»,- ասաց Ի. Կլեբանովը։
ՀՀ նախագահն այցելեց ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, որտեղ նրան շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում։ Ակադեմիայի ռեկտորն իր խոսքում նշեց, որ այդ կոչումը ՀՀ նախագահին է շնորհվում երկու երկրների հարաբերությունների զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար։ Միջոցառմանը ներկա օտարերկրյա դիավանագետների համար Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված զեկույցով հանդես եկավ Ռ. Քոչարյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ երկրի տնտեսական աճին, արդյունաբերության զարգացման տեմպերին, արտաքին եւ ներքին քաղաքականությանը։ Նախագահը նշեց, որ 2002 թ. տնտեսական աճը մեր երկրում կազմել է շուրջ 12 տոկոս, արդյունաբերական ապրանքներինըՙ 16, կապիտալ շինարարությանըՙ 42 տոկոս։ Նա անդրադարձավ 2002 թ. Հայաստանի անդամակցությանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, նշեց, որ դեռ 2001 թ.-ին Հայաստանն անդամակցել էր Եվրախորհրդին, երկրում իրականացվում են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, իսկ առաջիկայում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, Ռ. Քոչարյանը վստահեցրեց, որ կանցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան։ Նախագահն ասաց, որ առաջիկայում հանրապետությունում կանցկացվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, եւ հույս հայտնեց, որ դրա արդյունքները դրական կլինեն։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Ռ. Քոչարյանը շեշտեց, որ հայ-ռուսական ներկա հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վրա, եւ դրանց դինամիկ զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ չկան։ Տարածաշրջանային խնդիրների մասին խոսելիս, Ռ. Քոչարյանը մասնավորապես անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, Ռ. Քոչարյանը նշեց, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, եւ ներկայումս երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ըստ ՀՀ նախագահի, այս հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն ԼՂ հիմնախնդրով, քանի որ Թուրքիան դրա հետ կապ չունի։ Նա միաժամանակ նկատեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը ձեռնտու է երկու երկրներին։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Ռ. Քոչարյանը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորվեցին երկու անկախ պետություններՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն։ Իրավական տեսակետից, նշեց Ռ. Քոչարյանը, անժխտելի է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, եւ մեր երկիրը պատրաստ է հակամարտությունը դիտել իրավական հիմքով։
Նշենք, որ դիվանագիտական ակադեմիայում ՌԴ դիվանագիտական ակադեմիայի եւ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորների կողմից ստորագրվեց համագործակցության մասին պայմանագիր, որից հետո Ռ. Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի, իսկ ավելի ուշՙ վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ։
ՀՀ նախագահին ողջունելով Յու. Լուժկովը նշեց, որ Մոսկվայում շատ լավ գիտեն ՌԴ մայրաքաղաքի եւ Ռուսաստանի տնտեսական, մշակութային ու գիտական կյանքում հայ համայնքի ունեցած կարեւոր դերակատարությունը։ Ռ. Քոչարյանը գրառում կատարեց Մոսկվայի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՌԴ վարչապետ Մ. Կասյանովը ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ կարեւորեց երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը, եւ այդ առումով նշեց ձեռնարկությունների միջեւ կապերի ամրապնդման անհարժեշտությունը, ինչը կխթանի տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Ռ. Քոչարյանն իր հերթին ընդգծեց միջկառավարական հանձնաժողովի դրական աշխատանքը։
ՀՀ նախագահը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Առավոտյան Ռ. Քոչարյանը կայցելի ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհուրդ, որից հետո տեղի կունենա Ռ. Քոչարյանի առանձնազրույցը Վլ. Պուտինի հետ։ Այնուհետեւ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության մամուլի սրահում նախագահները կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ։