«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2003-01-15 | #7, 2003-01-16 | #8, 2003-01-17


ԻՍՐԱՅԵԼՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայ-իսրայելական հարաբերությունները փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի մեկ ամիս առաջ Իսրայել կատարած այցից հետո, կարելի է ասել, նոր փուլ են մտնում։ Իսրայելում սկսված քաղաքական երկխոսության շարունակությունը Իսրայելի արտգործնախարարության Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի բաժնի փոխտնօրեն Դեւիդ Պելեգի երեկվա այցն էր Երեւան։ Նա երեկ հանդիպեց Հայաստանի փոխարտգործնախարարի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Իսկ Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի հրավերով երեկ երեկոյան «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Հորիզոն» լուսանկարների ցուցահանդեսի ու «Շալոմ» միջազգային ակումբի հայաստանյան մասնաճյուղի բացումը։ Ողջունելով ներկաներին, Իսրայելի դեսպանը նախ շնորհավորեց Ամանորի առիթով, ապա ցուցահանդեսի բացման կապակցությամբ հույս հայտնեց, որ ցուցադրված լուսանկարները, որոնք պատկերում են Իսրայելի պատմական ու տեսարժան վայրերը, կնպաստեն երկու ժողովուրդների մերձեցմանն ու զբոսաշրջության զարգացմանը։ Այնուհետեւ նա ներկայացրեց հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը ծառայելու նպատակով բացվող «Շալոմ» կազմակերպության ղեկավար Թորգոմ Վարժապետյանին։

Վերջինս փաստեց, որ այս ակումբը կնպաստի հայ-իսրայելական տնտեսական, գիտահետազոտական համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության բնագավառներում։ Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, դիվանագետներ եւ Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներ։ Դեւիդ Պելեգի հետ «Ազգի» ճեպազրույցը կներկայացնենք վաղվա համարում։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4