Բնակարանՙ երեխաների դիմաց
Անկախության առաջին տարիներին մեծ մասամբ տնտեսական պատճառներով հայրենիքից մոտ 1 մլն (բնակչության մոտ 25 տոկոսը) հայերի արտագաղթը նորափթիթ հանրապետության ամենասուր խնդիրներից է։ Հարցն ավելի է բարդանում նրանով, որ տեղի հայերն էլ քիչ երեխաներ են ունենում։ Բնակչության քանակի այս կտրուկ նվազումը հեռագնա հետեւանքներ ունի ինչպես Հայաստանի տնտեսության բարելավման, այնպես էլ դրա գոյության համար։
Տարիներ շարունակ շատ է խոսվել այս երեւույթի մասին։ Ցավոք, խոսքերից բացի, կոնկրետ քայլեր չեն իրականացվել։ Իհարկե, լավագույն լուծումը Հայաստանի տնտեսության բարելավումն է։ Նորաստեղծ աշխատատեղերը ոչ միայն կկասեցնեն արտագաղթի հոսքը, այլեւ հետ կբերեն անգործության պատճառով հեռացածներին։ Չնայած տնտեսության աստիճանական աճ գոյություն ունի, եւ շատ աշխատատեղեր իրոք բացվել են, բայց բնակչության մի զգալի տոկոսը դեռեւս անգործ է եւ այդպես էլ կմնա դեռ մի քանի տարի։
Որոշ մարդիկ առաջարկում են շտապ, ժամանակավոր լուծումներ, ինչպես օրինակ, իրավական խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուկների, կամ արեւմտյան դեսպանատների վրա ճնշում բանեցնելու միջոցով կասեցնել արտագաղթը։
Հետաքրքրական է Ռուսաստանի կառավարության շրջանային ներկայացուցիչների առաջարկը։ Հարավային Ռուսաստանի շատ աղքատ շրջաններից մեկի տեղական մարմիններն ապագա մայրերին ձրի բնակարան են խոստացել, եթե նրանք առաջիկա 5 տարվա ընթացքում ծննդաբերեն 3 երեխա։ Տեղական կառավարությունը պարտավորվել է ընտանիքին հատկացնել բնակարանն անմիջապես, երբ 3-րդ երեխան ծնվի։ Մեկ կամ երկու երեխայով բավարարվելու դեպքում ընտանիքը պետք է համապատասխանաբար վճարի բնակարանի արժեքի երկու երրորդը կամ կեսը։
Սփյուռքի հայկական բարեգործական կազմակերպությունները կարող են նման մի ծրագիր մշակել։ Ներկայումս հայ մայրերից ոմանք կամ բախտի քմահաճույքին են թողնում իրենց երեխաներին, կամ նույնիսկ վաճառում են։ Մի մեծ բանակ էլ կյանքն է վտանգի ենթարկում բազմաթիվ վիժումների հետեւանքով։ Այս մայրերին ձրի տուն հատկացնելը հավանաբար կփոխի վերոհիշյալ անցանկալի զարգացումները։ Նրանք արդեն դրդապատճառ կունենան շատ ծննդաբերելու։
Բայց, իհարկե, անմիջապես արդարացի հարց կծագի այստեղ. ինչպե՞ս են այդ մայրերը կամ ընտանիքները մեծացնելու իրենց երեխաներին առանց եկամտի լուրջ աղբյուրների։ Այս խնդիրը կարելի է լուծել յուրաքանչյուր երեխային ամսական որոշակի գումար հատկացնելով։ Քանի որ ծրագիրը նախատեսում է երեխաների աշխարհ գալը 5 տարվա ընթացքում, ակնկալվում է, որ այդ տարիներին հետզհետե կբարելավվի նաեւ երկրի ընդհանուր տնտեսական վիճակը։
Մի բան պարզ է։ Մինչեւ անմիջական, գործնական քայլեր չձեռնարկվեն այս կամ մեկ ուրիշ ծրագիր գործադրելու, երկիրն ապագայում բավականաչափ աշխատուժ չի ունենալու պահպանելու իր արդյունաբերական բազան։ Ոչ էլ բավականաչափ զինվորՙ պաշտպանելու իր սահմանները։
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, Լոս Անջելես