Ամենաքաջատեղյակին իսկ թերեւս դժվարությամբ հաջողվի վերարտադրել, քարտեզագրել սփյուռքն ամբողջությամբ։ Անընդգրկելի մի գոյությունՙ իր աշխարհագրությամբ, մտածողությամբ, անհատականությամբ, հոգեբանությամբ։ Յուրաքանչյուրն, իհարկե, կարող է վերակերտել իր ապրած սփյուռքըՙ իր կորուստն ու ձեռքբերումըՙ աշխարհագրական, միջավայրային ազդեցություններից, բնականաբար, անզերծ։ Ամենից դժվարը ժամանակի բարդ հանգույցներում, ճանապարհի ամենաբանուկ հատվածներում սեփական արմատների պրկումները մշտապես զգալն է։ Այս խնդիրն է ամենից առավել կարեւորվել սփյուռքահայ մտավորականի համար եւ «անարմատ որթատունկի» չնմանվելու տագնապն է, որ զգոն է պահել սփյուռքահայի միտքն ամենուր, իսկ ինքնության պահպանման խնդիրը եղեռնից վերապրողների բոլոր սերունդների ենթագիտակցության մեջ մշտապես արթուն է եղել։ Սերնդափոխության ընթացքում հիշողության պահպանումը զուտ ենթագիտակցականին ապավինելը, անշուշտ, անհիմն է։ Անհայրենիք կեցությունը հող ու իրականություն է դառնում տվյալ հանրության պատմական հիշողությունների եւ հոգեւոր-մշակութային, ազգային արժեքների պահպանումով միայն։ Որտեղ էլ որ լինի։ Ուստի սփյուռքը հայապահպանման տագնապներով հղիՙ մշտապես ուշադիր է եղել այս հարցերի նկատմամբՙ լեզու-մշակույթ, հավատ-եկեղեցի, կրթություն-դպրոց։ Գոյապայքարի դժվարին ճանապարհին ստեղծվել են նոր արժեքներ, մտայնություններ, ըմբռնումներ։
Սփյուռքահայ անվանի հրապարակագիր, Լոս¬Անջելեսի ՌԱԿ պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթի խմբագիր Վաչե Սեմերճյանի «Ապրուած սփիւռք» ժողովածուն (Թեքեյան մշակութային միության հրատարակությամբ) ամփոփում է «Նոր օր» պարբերականումՙ սկսած 1978 թ. լույս տեսած նրա հոդվածները։
Վաչե Սեմերճյանը Բեյրութի ՀԲԸՄ-ի Հովակիմյան-Մանուկյան երկրորդական վարժարանի 60-ականների այն սերնդից է, ում բախտ է վիճակվել աշակերտելու սփյուռքահայ լավագույն մտավորականներինՙ հետեւելու հայի այն կերպարին, որ փորձում էին կերտել վարժարանի ուսուցիչներըՙ Արա Թոփչյան, Վահե Վահյան, Գերսամ Ահարոնյան, Սիմոն Սիմոնյան, Օննիկ Սարգսյան, Զարեհ Մելքոնյան։ Այստեղ ստացած հայեցի կրթությունն է «մեղավոր» Սեմերճյանի հետագա ողջ գործունեության։ Բեյրութի Ամերիկյան համալսարանի քիմիագետի վկայականը բնավ չխանգարեց լրագրությանՙ նրա նախընտրած մասնագիտությանը։ Իր համար օգտագործվում է «լրագրական խիզախություն» արտահայտությունը (ամենաէականը լրագրողի համար), որին հավելվում են նրա քաղաքական խոր գիտելիքները եւ իմացությունն ընդհանրապես, ինչպես նաեւ լավատեղյակությունն արեւմտահայ լեզվի նրբերանգներին եւ ճկունությանը։
Ժողովածուն, առաջին անգամ ամբողջացնելով Սեմերճյանի հրապարակախոսությունները, բավական ընդգրկուն պատկերացում է տալիս հայ սփյուռքի նման բարդ կառույցի ներքինՙ բազմաթիվ առումներով հակասական հարցերի մասին։ Հրապարակագրի խոսքն ազդեցիկ է, միտքը զգոն եւ անաչառ։ Քաջատեղյակ իրադարձություններին, Վաչե Սեմերճյանն առաջ է քաշում հայության համար ամենակենսական հարցադրումներՙ ամեն պարագայում ազգային շահի գերակայությամբ։ Սեմերճյանի անդրադարձները սփյուռքի տագնապներին վերաբերում են երեք ամենացավոտ հիմնահարցերին։ Առաջինՙ եկեղեցական տագնապներ («Եկեղեցին հայկական տագնապի վայրն է հայուն». «մինչեւ այն ատեն, երբ երկու եկեղեցիի, երկու առաջնորդի այս ծիծաղելիութիւնը պիտի կրենք, սփիւռքի եկեղեցական կառոյցը աղճատուած պիտի մնայ, մեր մօտ միշտ յառաջացնելով երկու պատկանելիութիւններու երկընտրանքը»։ Երկրորդՙ կրթությունՙ «Հայեցի կրթութիւն... Խաղաղականի ափին». «Եթէ քսան տարիներ ետք չենք ուզեր ափսոսալ մեր գործած սխալին համար եւ եթէ քսան տարիներ ետք կ՚ուզենք արդար հպարտութեամբ դիտել հայկականութեամբ խանդավառ, հայախօս ամերիկածին նոր սերունդին փաղանգը, այժմէն սրբագրենք այն հիմնական սխալները, որոնք կը գործուին այսօր։ Քաջութիւնը ունենանք մէկդի դնելու դաստիարակութեան ամերիկեան շփացածութիւնները, ունայնամտութիւնը եւ աւելորդաբանութիւնները եւ վերադառնանք, քիչ մը կոպիտ ձեւով ըսելու համար, միջին արեւելեան դաստիարակութեան հին հասկացողութեան»։ Երրորդՙ «Հին Սփիւռք, նոր հոգեր»ՙ հիմնականում մշակութային անդրադարձներ (ազատ մամուլ, ազատ արվեստ)։ Հետաքրքրական դիտարկումներ է կատարում հեղինակը նորանկախ Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքին, մտավորականությանը սպառնացող վտանգին, սփյուռքահայ կուսակցությունների հետագա գործունեություններին. «Սփիւռքահայ կազմակերպութիւններ Հայաստանի դիւանագիտութեան ծառայութեան պէտք է նուիրեն իրենց ոյժերը։ Ա՛յս կ՚ենթադրէ ազգային ծառայութեան ոգին եւ տրամաբանութիւնը։ Աւելին, Հայաստանի եւ հայ ժողովուրդի հաշւոյն եւ անոնց համար առանձին քաղաքականութիւն վարել թոյլատրելի պէտք չէ ըլլայ։ Այս նախապայմանն ալ ընդունելէ ետք, չենք գիտեր, թէ սփիւռքահայ կուսակցութիւններուն ինչ կը մնայ ընել Հայ դատի առանձին հետապնդումի գործին մէջ»։
Վաչե Մեմերճյանն ավելի քան 40 տարիներ նվիրել է ռամկավար ազատական մամուլին, աշխատակցել «Զարթօնք», «Զարթօնք Սփոր», «Պայքար», «Միութիւն» թերթերին, պաշտոնավարել Ռամկավար Ազատական կուսակցության տարբեր կառույցներում, խմբագրել «ՌԱԿ-60-ամեակ» գիրքը, Անդրանիկ Անդրեասյանի լրագրական գործունեության 50-ամյակին նվիրված ժողովածուն, Ալեք Գլըճյանի «Թափառիկ խոհեր» ստեղծագործությունը, Անդրանիկ Ծառուկյանի «Արեւմտյան կողմն աշխարհի» հուշագրական հավաքածուն։
Այս հատորով Վաչե Սեմերճյանն իր բաժին ծառայությունն է մատուցում ապագա սփյուռքագիտությանը, ամենակարեւորըՙ ուսումնասիրողին մատուցելով տեղեկություններ հայ սփյուռքի ապրված վիճակի մասին։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ