«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2003-01-15 | #7, 2003-01-16 | #8, 2003-01-17


ԲՅՈՒՋԵՆՙ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստը, որը հրավիրվել էր հանրապետության նախագահի հրամանագրով, տեղի ունեցավ հունվարի 16-ին։ Օրակարգային 4 հարցերից գլխավորն, անշուշտ, 2003 թ. պետբյուջեի օրենքի քննարկումն էր։

Խորհրդարանի նախագահ Օլեգ Եսայանը ներկայացրեց ընթացակարգը, որից հետո ելույթ ունեցավ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։

Քանի որ պատգամավորները նախապես ծանոթ էին բյուջետային փաթեթին, ապա Ս. Թեւոսյանը այն ներկայացրեց հիմնական շեշտադրումների տեսքովՙ առանց մանրամասների մեջ խորանալու։

Նախարարի ներկայացրած տվյալներով, 2002 թ. համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 26.0 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 10.3 տոկոսով։ Տարվա ընթացքում ՀՆԱ-ի դեֆլյատորը կազմել է -0.4 տոկոս, դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2002 թ. ընթացքում ձեւավորվել է 1$/573.4 AMD հարաբերակցությամբ։

Համախառն թողարկումը կազմել է մոտ 53.3 մլրդ դրամ։

2002 թ. ԼՂՀ-ում աշխատանքով ապահովված բնակչության թվաքանակը կազմել է 27600 մարդ, այսինքնՙ 700 աշխատատեղով նախորդ տարվանից ավելի։

Ընդհանուր վարկային ներդրումների ծավալը նախորդ տարում կազմել է 13.2 մլրդ դրամ։

Տնտեսության մեջ արձանագրված հաջողությունների արդյունքում 2002 թ. բյուջեի մուտքերը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 167.4 դրամով։

Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով, պետական եւ համայնքային բյուջեների սեփական եկամուտների մուտքերը կազմել են 2550.3 մլն դրամ։ Տարեկան պլանավորված ցուցանիշը կատարվել է 89.8 տոկոսով։ Հարկային եկամուտների եւ տուրքերի փաստացի մուտքերը կազմել են 2022.9 մլն դրամ։

Անցյալ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ Ս. Թեւոսյանի, հիմք են հանդիսացել 2003 թ. եւ հետագա տարիների կանխատեսումների համար, եւ դրանք կլինեն նախորդ տարիների տնտեսական հաջողությունների օրգանական շարունակությունը։

Կանխատեսվում է ընթացիկ տարում երկրի համախառն ներքին արդյունքի 6.5 տոկոսի (28.3 մլրդ դրամ) իրական աճ։ Դրամի միջին փոխարժեքըՙ 1$/586.4 AMD հարաբերակցությամբ։

Համախառն արտադրության աճի տեմպերը կգերազանցեն նախորդ տարվա մակարդակները, իսկ ապրանքների արտահանման ծավալը կավելանա 30 տոկոսով։

Զգալիորեն կմեծանա բոլոր աղբյուրների հաշվին իրականացվող շինաշխատանքների ծավալը։ Ձեռնարկատիրության բնագավառում 2003 թ. մեծ աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-երին։ Ս. Թեւոսյանը 2003 թ. համախմբված բյուջեի համառոտ պատկերը ներկայացրեց հետեւյալ կերպ։

Եկամուտները կազմում են 3092.0 մլն դրամ, ծախսային մասըՙ 12592.0 մլն դրամ, դեֆիցիտըՙ 9500.0 մլն դրամ։ Դեֆիցիտը կծածկվի Հայաստանի Հանրապետությունից ստացվող վարկի միջոցների հաշվինՙ 9500.0 մլն դրամի չափով։

2003 թ. բյուջեի ծախսային մասը կազմելիս, ըստ նախարարի, հաշվի են առնվել մակրոտնտեսական կանխատեսումները, գների եւ սակագների կանխատեսվող ցուցանիշները, նոր բյուջետային պարտք չստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առանձին ծախսատեսակների գծով մշակված բյուջետային նորմատիվները։

Նախագծով ծախսերը նախատեսվել են 12185.0 մլն դրամ։ Ծախսերի 15.7 տոկոսը (1908.1 մլն դրամ) նպատակաուղղված է կրթությանն ու գիտությանը։ Առողջապահության բնագավառի ծախսերը կկազմեն 740.4 մլն դրամ (6.1 տոկոս)։ Իսկ առավել մեծ ծախսաչափՙ 31.6 տոկոս կամ 3849.8 մլն դրամ, ծրագրվում է ծախսել սոցիալական ապահովության բնագավառում։

Մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի բնագավառները եւս ներառված են ծախսային մասի շոշափելի հատվածում։ Ընթացիկ տարում այս բնագավառների համար բյուջեով նախատեսվում է 439.9 մլն դրամ (3.6 տոկոս)։ Հատկանշական է, որ 2003 թ. մշակույթի ոլորտի պատասխանատու աշխատողների եւ մասնագետների աշխատավարձերը կհասցվեն մինչեւ 19000 դրամի, որի նպատակով բյուջեով նախատեսվել է լրացուցիչ 7.7 մլն դրամ։

Գյուղատնտեսության բնագավառում նախատեսվել են 141.5 մլն դրամի ծախսեր։

Այն փաստը, որ այս համառոտ հաշվետվությունից հետո պատգամավորները հարցեր չուղղեցին Ս. Թեւոսյանին, վկայում է խորհրդարանի համաձայնությունը բյուջեի նախագծի ուղղություններին։ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Մայոր Դանիելյանը հանդես գալով քննարկվող օրենքի վերաբերյալ, նշեց, որ նախագիծը բոլոր հանձնաժողովներում քաղաքական եւ տնտեսական վերլուծությունների է ենթարկվել եւ առաջարկվող փոփոխություններով հանդերձՙ արժանացել հավանության։ Նրա կարծիքը պաշտպանեցին ինչպես գլխադասային հանձնաժողովների, այնպես էլ խորհրդարանական խմբակցությունների (ԺԱՄ, ՀՅԴ) ղեկավարները։ Իրենց համաձայնությունն արտահայտեցին նաեւ առանձին պատգամավորներ, գտնելով, որ 2003 թ. բյուջեն ի տարբերություն նախորդ տարիներիՙ իրատեսական է։ Իսկ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, ելույթ ունենալով խորհրդարանի լիագումար նիստում, այն անվանեց անկախության տարիների ամենահավասարակշռված բյուջեն բոլոր առումներով։

Թերեւս առաջին անգամ Արցախի խորհրդարանական գործունեության ընթացքում պետբյուջեի ընդունման քվեարկության ժամանակ բոլոր խմբակցությունները եւ անկախ պատգամավորները ցուցաբերեցին միասնական կամքՙ կողմ քվեարկելով բյուջեի մասին օրենքին ամբողջությամբ։ Ընդամենը եղավ մեկ ձեռնպահ, այն էլ գուցե թե բազմազանության նպատակադրությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4