2002 թ.-ին հանքարդյունաբերության աճը կազմել է մոտ 22 տոկոս։ Այս մասին երեկ հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը։ Գումարային առումով իրացվել է 65 մլրդ դրամի արտադրանք, որը 2000 թ.-ի ցուցանիշը գերազանցում է արդեն մոտ 4 անգամ։ Կան ռեկորդային աճ արձանագրած եւ կայուն աճ ունեցող ձեռնարկություններ։ Իհարկե, գումարային առումով պատկերը համանման չէ։ Օրինակՙ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արձանագրած 5 տոկոս աճը շատ ավելի է, քան մեկ այլ ձեռնարկության 40 տոկոս աճը։ Այս կոմբինատը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ մշակել է 8,7 մլն տոննա հանքաքար եւ տվել 40 մլն դոլարի արտադրանք։ Հայտնի է, որ այս ձեռնարկությունները գործում են համատեղ ծրագրով, եւ Ագարակի կոմբինատի գործունեությունը հնարավոր է դարձել շնորհիվ Զանգեզուրի կոմբինատի։ Սա, ինչպես նաեւ «Մաքուր երկաթի գործարանը», որն ունեցել է 30 տոկոս աճ, կարողացան մեծ գումարներ աշխատել մոլիբդենի գների կտրուկ աճի ժամանակ։ Անցյալ տարվա ամռանը մոլիբդենի գները 3 անգամ աճեցին, որը, ճիշտ է, մեկ ամիս տեւեց եւ հետզհետե նվազեց։ Ռաֆինացված պղնձի գինը նույնպես բարձր է մնացելՙ 1600 դոլար 1 տոննայի համար։
Զուտ հանքերի շահագործմամբ զբաղվող ընկերություններից ամենակտրուկ աճն արձանագրել է Սոթքի ոսկու հանքերի սեփականատեր AGRC-ն, որը կազմել է 224 տոկոս։ Արտահանվել է 18,9 մլրդ դրամի ոսկի։
Քանաքեռի նախկին ալյումինի գործարանը, ներկայիս «Արմենալը», նույնպես ավելացրել է իր արտադրանքի ծավալները։ Վերջին 3 ամիսներին այստեղ արտադրվել եւ արտահանվել է ավելի շատ փայլաթիթեղ, քան նախորդ 2 տարիներին միասին։ 2003 թ.-ին «Արմենալը» նախատեսում է ամսական 20 տոկոսով (1200 տոննա փայլաթիթեղ) ավելացնել արտադրությունը։
Այս արդյունքները վկայում են, որ տնտեսության այս ճյուղը մեկ-երկու ուրիշների (ադամանդագործություն, սննդարդյունաբերություն) հետ շարունակում է լուրջ առաջընթաց արձանագրել, ինչը, դժբախտաբար, չի կարելի ասել մեր արդյունաբերության մյուս ճյուղերի մասին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ