Լիչֆիլդի (Կոնեկտիկուտ) «Նյու Արտս գալերի» պատկերասրահում հունվարի 25-ին բացվելու է քարտաշ Օննիկի «Կեցության նոր միջոցներ» ցուցահանդեսը, որը հետագայում շրջելու է Միջին Արեւելքի երկրներումՙ սկսելով Լիբանանիցՙ հայազգի քարտաշի ծննդավայրից։
Արվեստագետը Մ. Նահանգներ է գաղթել 1958-ինՙ 17 տարեկանում։ Քանդակագործ, ուսուցիչ, խաղալիքներ պատրաստող եւ մանուկների համար ստեղծագործող հայորդին իր նախորդ ծրագրերի իրականացման շնորհիվ քննադատների դրական արձագանքներին է արժանացել ինչպես Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում, այնպես էլ Մոնրեալում, Լոնդոնում, Իրաքում եւ այլուր։ Իր ստեղծագործություններում նա գովերգել է խաղաղությունն ու հանդուրժողականությունը, միջմշակութային համագործակցությունն ու փոխհասկացությունը։ Նա այդ շփումները կարեւորում է համարելով, որ դրանց միջոցով հոգեկան, փիլիսոփայական եւ գիտական արժեքները փոխանցվում են եւ ստեղծվում են նոր արժեքներ։ «Իրենց այլաբանական իմաստով իմ ստեղծագործությունները հիմնված են չորսի սկզբունքի վրա, որը բավական տարածված խորհրդանիշ է աշխարհում (խաչ, սվաստիկա եւ այլն)։ Նաեւ բնության չորս տարրերը, չորս եղանակները, աշխարհագրական չորս կողմերը։ Իմ ծրագրով ես փորձում եմ լեզվի եւ գաղափարախոսության սահմանումներից այն կողմ անցնել եւ հասնել մի նոր գիտակցության», նշել է այս առթիվ քարտաշ Օննիկը։
Հ. Ծ.