Հոբելյանական տարում «Արարատը» կձգտի գրոհել ֆուտբոլային բարձունքները
Ֆուտբոլային կարճատեւ արձակուրդներն արդեն ավարտվել են։ Ձմռան այս ցրտաշունչ օրերին ֆուտբոլիստների համար սկսվել է նոր մրցաշրջանի նախապատրաստական եռուն փուլը։ Յուրաքանչյուր թիմ ձգտում է առավելագույնս օգտակար անցկացնել նախապատրաստական շրջանը, համալրել կազմը վարպետ ֆուտբոլիստներովՙ նոր մրցաշրջանին կազմ ու պատրաստ ներկայանալու համար։ «Ազգը» պարբերաբար կանդրադառնա առաջնության մասնակից թիմերի նախապատրաստությանը, ֆուտբոլիստների թիմից թիմ տեղափոխություններին, ակումբներին հուզող հիմնահարցերին։ Հրապարակումների այդ շարքը սկսում ենք «Արարատից», որի գլխավոր քարտուղար Գագիկ Գրիգորյանին խնդրեցինք տեղեկացնել նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքին։
Այս տարի «Արարատը» մի փոքր ուշՙ հունվարի 6-ից սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ Թիմը մարզումներն անց է կացնում «Հրազդան» մարզադահլիճում, շուտով կանցկացվեն նաեւ բացօթյա պարապմունքներ։ Թիմի հիմնական կազմը պահպանվել է։ Արձակուրդից վերադարձել եւ իրենց խաղընկերներին են միացել հարավսլավացի լեգեոներներ դարպասապահ Նենատ Ռադացան, պաշտպան Սրջիան Ալեքսիչը եւ կիսապաշտպան Պրեդրագ Բլագոեւիչը, ինչպես նաեւ նիգերիացի հարձակվող Էլոկվու Էզուկամը, որոնք ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր ունեն կնքած։ Հուսով եմ, որ այս մրցաշրջանում էլ նրանք օգտակար կլինեն թիմին։ Ներկայումս թիմը համալրելու համար բանակցություններ են վարվում ինչպես տեղի, այնպես էլ արտերկրների (Եվրոպա, Աֆրիկա, Հարավային Ամերիկա) ֆուտբոլիստների հետ։ Նախապատրաստական առաջին փուլում հիմնական ուշադրությունը դարձվում է տղաների ֆիզիկական պատրաստության, նրանց արագա-ուժային որակների բարելավմանը։ Ծրագրել ենք ուսումնամարզական երկու հավաք. մեկըՙ Ծաղկաձորում, մյուսըՙ արտերկրում։ Ցավոք, մինչ օրս հայտնի չեն առաջնության եւ գավաթի մրցաշարերի մեկնարկների ժամկետները, ուստի մենք դժվարանում ենք հավաքների ժամկետները որոշել եւ հստակ ծրագրեր կազմել։ Ամեն դեպքում պետք է այնպես ծրագրել, որպեսզի 2-րդ հավաքից վերադառնալուց հետո թիմը ներգրավվի Հունան Ավետիսյանի կամ այլ հուշամրցաշարում։
Տարիներ շարունակ «Արարատի» համար ցավոտ հարցերից մեկը սեփական մարզաբազայի եւ մարզադաշտի բացակայությունն է։ Ակումբի հովանավորների ջանքերով այս հարցում զգալի առաջընթաց է նկատվում։ Ինչպես գիտեք, վերջապես լուծվել է Ձորաղբյուրի մարզաբազան «Արարատին» վերադարձնելու հարցը։ Այն 50 տարով վարձակալության է տրվել «Արարատ» ակումբին։ Ներկայումս ընթանում են նախագծային-հաշվարկային աշխատանքները 30 հա տարածք ունեցող մարզաբազան վերանորոգելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար։ Եթե փաստաթղթերի ձեւակերպումը ձգձգվի, ապա եղանակային բարենպաստ պայմանների դեպքում գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները։ Բնականաբար, առաջին հերթին պետք է նվազագույն նորմալ պայմաններ ստեղծվեն «Արարատի» պարապմունքների համար։ Մտածել ենք նաեւ թիմի հերթափոխի մասին։ Այս տարի դուստր թիմ ենք ունենալու առաջին խմբում, որտեղ կընդգրկենք հիմնականում երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստների։ Այժմ էլ թիմում կան երիտասարդներ, որոնք անցած մրցաշրջանում փոխարինման էին դուրս գալիս հիմնական կազմում։ «Արարատ-2»-ում ելույթները կնպաստեն երիտասարդ ֆուտբոլիստների խաղային փորձի ձեռքբերմանը։ Կա եւս մեկ հանգամանք։ Անցյալ տարի մենք անհավասար պայմաններում էինք գտնվում։ Շատ թիմեր ունենալով դուստր թիմեր, հնարավորություն ունեին ֆուտբոլիստների մի զգալի մասին հայտավորել առաջին խմբում, իսկ դեղին քարտերի հետեւանքով որակազրկումները «լրացնել» ի հաշիվ առաջին խմբի խաղերի։ Վարդան Մինասյանի օրինակը դրա վառ վկայությունն է։ Ես ընդհանրապես կողմ եմ մարզական ազնիվ պայքարին։ Ակումբը բարձրագույն խմբում պետք է մեկ թիմով ներկայացված լինի, չլինեն բարեկամ-ակումբներ, որոնք միավորների նպաստավոր բաշխում կատարեն։ 2001 թ. առաջնության վերջնագծում կատարվածը պարզապես խայտառակություն էր։ «Զվարթնոցի» իրական ուժը դրսեւորվեց անցած մրցաշրջանում։
Իմ կարծիքով, մասնակից թիմերի օպտիմալ քանակը 8-ն է, որի դեպքում ունենք 4 առաջատար, 2 միջակ եւ 2 հետնապահ թիմեր։ Նման մրցակարգով առաջնություն նախկինում անցկացվել է, եւ մրցակցությունն էլ բավական սուր ու անհաշտ էր։ Սակայն ելնելով ֆինանսական սուղ պայմաններից, շատ ակումբների համար այդ տարբերակը ձեռնտու չէր։ Իսկ 12 թիմի դեպքում 22 խաղն, իհարկե, բավարար չէ ֆուտբոլիստների վարպետության աճի համար։ Բացի այդ էլ, Հայաստանում չկան այնքան հմուտ ֆուտբոլիստներ, որ կարողանան համալրել 12 ակումբները։ Այստեղից էլՙ թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությունը, հնարավորության դեպքում լեգեոներների հրավիրումը։
Խաղացանկը պետք է ռիթմիկ լինի։ Անցյալ տարի եղան տարբեր տեւողությամբ խաղային ցիկլեր։ Ինձ թվում է, կարելի է նորմալ ձեւով մարտի 15-ից նոյեմբերի 15-ն անցկացնել առաջնությունը։ Ճիշտ է, մեկնարկում խաղադաշտերի խնդիր կարող է ծագել, սակայն այդ հարցն էլ լուծելի է։ Կարելի է խաղալ Արարատում, Էջմիածնում, Արտաշատում, Արմավիրում։
Այս տարին մեր ակումբի համար հոբելյանական է։ Լրանում են «Արարատի» անվանակոչության 40, եւ ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսների նվաճման 30-ամյակները։ Բնականաբար, ակումբի ղեկավարությունը ցանկանում է «Արարատի» հաջող ելույթներով նշել այդ հոբելյանները։ Ուստի թիմի առջեւ այս մրցաշրջանում շատ լուրջ խնդիրներ են դրվելու ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթի մրցաշարում։ Ձգտելու ենք ստեղծել մարտունակ կոլեկտիվՙ ունակ գրոհելու ֆուտբոլային բարձունքները։ Իսկ դրա հիմքերը պետք է դրվեն նախապատրաստական փուլում։