Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկը ֆրանսիացի Անրի Միշելն է, որը ժամանակին մարզել է Ֆրանսիայի երիտասարդական եւ Մարոկկոյի ազգային ընտրանիները։ Նրա թեկնածությունը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանն էր առաջարկել մեր հայրենակից Ալբեր Արսթանյանը, որը Մարսելում հիանալի մարզաբազա ունի։ Անրի Միշելը կարճ ժամանակով ժամանել էր Երեւան եւ բանակցություններ վարել ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Թե ինչո՞վ են ավարտվել բանակցությունները, ցավոք, հայտնի չէ։ Մեզ այդպես էլ չհաջողվեց ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ տեղեկություն ստանալ։ Ֆեդերացիայի նախագահը, գործադիր տնօրենն ու հավաքականների գործադիր տնօրենը Հայաստանում չեն, իսկ մյուս աշխատակիցները տեղյակ չեն բանակցությունների արդյունքից։ Այնպես որ, մեզ մնում է սպասել ֆեդերացիայի նախագահի Մոսկվայից վերադարձին։