ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը եւ Հայաստանը «հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով, բոլոր կողմերի համար արդարացի, ընդունելի հիման վրա լուծելու օգտին»։ Այդ մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Բացի այդ, ինչպես նշված է փաստաթղթում, «կողմերն ակտիվորեն կփոխգործակցեն նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, որը կոչված է հանգուցային դեր խաղալ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման գործում»։
Համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանը եւ Հայաստանը հավաստել են հավատարմությունը ահաբեկչության դեմ պայքարինՙ դրա բոլոր դրսեւորումներում։ «Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունըՙ շարունակելու փոխգործակցությունն այդ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիման վրա»,- ասված է փաստաթղթում։ Այդ համատեքստում մեծ նշանակություն ունի համատեղ աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ ԱՊՀ¬ի Հակաահաբեկչական կենտրոնի շրջանակներում»։
Կողմերը նաեւ «ընդգծել են հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, ներառյալ համագործակցությունը ռազմատեխնիկական բնագավառում»։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Ռուսաստանը եւ Հայաստանը «առաջնահերթ նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը»։ Ռուսաստանը եւ Հայաստանը նշել են մինչեւ 2010 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ծրագրի, ինչպես նաեւ Ռուսաստանի պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի պետական սեփականության մեջ գտնվող ունեցվածքը հանձնելու վերաբերյալ համաձայնագրի եւ արձանագրությունների կարեւոր նշանակությունը։