Ասում է իսրայելցի դիվանագետը
Ինչպես նշել էինք «Ազգի» նախորդ համարում, մեկօրյա պաշտոնական այցով Երեւան էր ժամանել Իսրայելի արտգործնախարարության Եվրոպայի եւ Եվրասիայի բաժնի փոխտնօրեն Դեւիդ Պելեգը։ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կապերի ամրապնդման նպատակով նա հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի հետ։ Բարձրաստիճան դիվանագետը Հայաստանի կառավարության առաջարկով այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան եւ ծաղկեպսակ դրեց 1915 թվականի Մեծ եղեռնի կոթողին։ «Արմենիա» հյուրանոցում «Հորիզոն» լուսանկարների ցուցահանդեսի եւ «Շալոմ» հասարակական կազմակերպության բացման արարողությունից հետո «Ազգի» թղթակցի խնդրանքով Դեւիդ Պելեգը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որը ներկայացնում ենք ստորեւ։
¬ Դուք առաջին անգամ եք Հայաստանում։ Հատկապես ի՞նչն էր տպավորիչ ձեզ համար։
¬ Նախ ինձ դիմավորեցին հրաշալի եղանակն ու ջերմ մարդիկ։ Ունեցա հետաքրքրական ու կարեւոր հանդիպումներ։ Կցանկանայի առանձնացնել փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի հետ մեր հանդիպումը։ Ինչպես տեսնում եք, իմ այցը ավարտվում է լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ, որի կարեւորությունը Իսրայելի տեսարժան վայրերի նկատմամբ այցելուների մեջ հետաքրքրություն առաջացնելն է։
¬ Ինչպե՞ս եք գնահատում հայ-իսրայելական հարաբերություններն արդի փուլում։
¬ Կարծում եմ, որ բանակցություններն անցան բավականին հաջող եւ արդյունավետ։ Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց տնտեսական կապերի ամրապնդման, մշակութային երկխոսություն սկսելու, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման համար։
¬ Թեպետ դիվանագետները հաճախ խուսափում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտելուց, այդուհանդերձ, ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։
¬ Բնավ չեմ կարծում, որ պետք է խուսափել այդ հարցից։ Մենք հասկանում ենք հայ ժողովրդի վիշտն ու զգացմունքները։ Այդ զգացմունքներով ես խորապես համակվեցի Հայոց ցեղասպանության թանգարանում։ Դրանք վեր են մյուս բոլոր զգացմունքներից, քանզի մարդկային բնական զգացմունքներ են, որ զգում ու ապրում է յուրաքանչյուր մարդ։
¬ Իսրայելի կառավարությունը կձեռնարկի՞ Հայոց ցեղասպանության ճանաչման քայլեր։
¬ Հայոց ցեղասպանության նկատմամբ մարդկային վերաբերմունքն ու դիրքորոշումն ինձ օգնեցին Հայաստանում ավելի խորը հասկանալու հայ ժողովրդի տառապանքները եւ Ցեղասպանության թանգարանում ավելի շատ իմանալու ցեղասպանության մասին։
¬ Ի՞նչ կասեք Իսրայելում հայկական դեսպանատուն բացելու հեռանկարների մասին։
¬ Երկու երկրներում դեսպանատներ բացելու մասին քանիցս խոսվել է, սակայն խնդիրը դեռեւս չի լուծվել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Հարցի լուծումը կախված է երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական զարգացման ընթացքից, դրա հաջողությամբ է պայմանավորված գործնական քայլերի անցնելը։ Վստահեցնում եմ, որ այսուհետեւ Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենն ավելի հաճախ կայցելի Հայաստան եւ օգտակար աշխատանք կկատարի։
¬ Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Իսրայելը ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման վերաբերյալ։
¬ Իսրայելի կառավարությունը հույս ունի, որ այդ հարցը կլուծեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Երկու երկրների հետ էլ Իսրայելը բարիդրացիական հարաբերություններ ունի եւ ակնկալում է ղարաբաղյան խնդրի արագ եւ արդարացի լուծում։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ. Գ. Անհրաժեշտ ենք համարում նշել, որ անգլերենից ռուսերեն թարգմանությունները երրորդ լեզվի խնդիր են ստեղծում եւ դժվարացնում լրագրողների աշխատանքը։ Այս պարագայում ցանկալի էր, որ թարգմանությունները կատարվեին եբրայերենից հայերեն։