ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովը հունվարի 16-ին կայացած հանդիպման ժամանակ հավանություն են տվել այն սխեմային, որը թույլ կտա Երեւանի ԱԷԿ-ին փակել միջուկային վառելիքի դիմաց «ՏՎԷԼ» ԲԸ-ին ունեցած պարտքը, իսկ ՌԱՕ ԵԷՍ-ինՙ վաստակել էլեկտրաէներգիայի վերավաճառմամբ։ Մեկ ամսվա ընթացքում գործարքը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ։
Ինչպես հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը, Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է ներգրավվել ԱԷԿ-ի կառավարման մեջՙ չվճարումները փակելու նպատակով։ Մի քանի ամիս «ՏՎԷԼ» ԲԸ-ն եւ Հայաստանի էներգետիկայի նախարարությունը մշակում էին համապատասխան մեխանիզմ։ Համատեղ մշակված մեխանիզմի համաձայն, ՌԱՕ ԵԷՍ-ը կվերաձեւակերպի մի քանի տարով հայ ատոմագործների պարտքը, իսկ ռուս էներգետիկների հետ հաշիվները կփակի սեղմ ժամկետում։ Հետագայում ռուսական էներգոհոլդինգի դուստր ձեռնարկություն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կմիանա երեւանյան ԱԷԿ-ի եւ էլեկտրաէներգիայի տեղական սպառողների հաշվարկների համակարգինՙ սպառողներին ԱԷԿ-ի մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց 100% վճարում ապահովելու նպատակով։ Որպես գրավ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կստանա Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի բաժնետոմսերի մի մասը։
Ենթադրվում է, որ այս սխեման վերջնական հավանության կարժանանա փետրվարի 4-ին Երեւանում կայանալիք առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։