«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2003-01-16 | #8, 2003-01-17 | #9, 2003-01-18


ՐԱՖՖՈՒ «ՕՐՐԱՆԸ» ՇՈՂՈՒԼԻՑ ԸՆԿԵԼ Է

Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին սպասարկող «Օրրանում» հունվարի 14-ին զետեղվել է մի խմբագրական («Դժվար պայքար, հեշտ ընտրություն»), որին չանդրադառնալ չի կարելի։

Հարցադրելով, թե «ո՞րն է, ի՞նչն է Ռոբերտ Քոչարյանի ուժը», խմբագրականի հեղինակը եզրակացրել է, որ «Քոչարյանն ուժ չունի, բացի մեր (այսինքնՙ ժողովրդի¬ Ա. Ա.) ստորաքարշությունից, մեր միջի ստրկամտությունից ծնված, մեր միջի պնակալիզությունից ու խոտաճառակությունից»։ Եվ այդ պնակալիզությունը, ըստ «Օրրանի», «քաղաքականապես կազմակերպվել է ի դեմս այնպիսի կուսակցությունների, որոնք ոչ վաղ անցյալում մեր ազգային ընդվզումի, արդար վրեժի, որբ ճշմարտության մարմնացում էին, մեր դատի պաշտպանը»։ Սույնից բխում է հետեւյալ սրտամաշ գնահատականը. «Աներեւակայելի է այդ անկումը...»։

Թողնեմ վերոհիշյալ բառակույտի պերճ հմայքը լեզվաբանների գնահատանքինՙ անդրադառնամ ասվածի բովանդակային իմաստին։ Անհայտ մայրցամաքներ չեմ հայտնաբերիՙ ասելով, որ ստորաքարշությունը, ստրկամտությունը, պնակալիզությունը եւ այլ նմանատիպ արատներ մարդու մեջ դրվում են կյանքի կոչման պահից։ Այսինքնՙ մարդը կամ լինում է ստորաքարշ ու ստրկամիտ, պնակալեզ ու խոտաճառակ, կամ չի լինում այդպիսին ընդհանրապես։ Անհույս տկարամիտներին ավելի պարզ բացատրելու համար բերեմ էլ ավելի պարզ փաստարկներ։ Ստորաքարշ պնակալեզը երբեւէ չի խռովվում, ըմբոստանում ու պայքարում, այլ հակառակըՙ ցանկացած իշխանության օրոք, ցանկացած իրավիճակներում աչք փակելով շուրջբոլորը տիրող սոդոմ-գոմորին, իր փափլիկ կենցաղն է ստեղծում ու ապահովումՙ իսպառ անտեսելով ճիշտն ու սուտը, ազնիվն ու անազնիվը։ Այս առումով հարց է ծագում. արդյոք չի՞ մտաբերում «Օրրանի» հոդվածագիրը ժողովրդի ցասումը, ընդվզումը, անհնազանդ, ըմբոստ պահվածքը ոչ վաղ անցյալում։ Օրինակ, հենց այն իշխանության օրոք, որին «Օրրանի» պատասխանատուները հլու-հնազանդ ծառայում էին։ Զբաղեցնելով բարձր պաշտոններ քարոզչական դաշտումՙ նրանք ջանք ու եռանդ չէին խնայում սեւը սպիտակ մատուցելու գործում։ Եթե չեմ սխալվում, հենց նույն քարոզչական ճակատի մարտիկներն էին «ստրկամիտ» ժողովրդին կոչում հնազանդության, համբերության, հարգանքի իշխանության եւ երկրի նախագահի հանդեպ, համոզում ըմբռնումով մոտենալ դժոխային պայմաններին եւ, ինչո՞ւ չէ, իշխանիկների ցոփ վարքուբարքին։ Այո, Հայաստանը փոքր երկիր է, այստեղ ոչինչ չի պարտակվում տարածության ու ժամանակի մեջ։

Ստրկամտություն չդրսեւորելով ՀՀՇ-ի իշխանության օրոք, ժողովուրդըՙ համենայն դեպս նրա ստվար զանգվածը, տրամադրվել է գալիք ընտրություններում ձայնը տալ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչի մասին վկայում են բազմաթիվ հարցումները եւ դրանց արդյունքները, հրապարակված թե՛ «դիմադիր», թե՛ ընդդիմադիր ԶԼՄ-ներում։ Այնպես որ, Քոչարյանի դեպքում խոսքը կարող է գնալ ոչ թե ստրկամտության դրսեւորման, այլ մտածված ընտրության մասին։ Փառք Աստծո, Քոչարյանը մեկն է, իսկ ընդդիմության թեկնածուներըՙ բազմաքանակ, այնպես որ, ընտրիր նրան, ում ուզում ես։

Ինչպես համոզվեցինք, «Դժվար պայքար, հեշտ ընտրությունը» լավ մրոտել է նաեւ որոշ կուսակցությունների։ Թույլ տանք մեզ ենթադրելՙ ավանդական, ժամանակին «սուրբ ճշմարտության մարմնացնողներին, մեր դատի պաշտպաններին», իսկ այժմ Քոչարյանին սատարողներին ու այդ իսկ պատճառով «պնակալիզության կազակերպիչներին»։

Դե, ո՞նց չասես, ա՜յ քեզ դիմափոխություն, ա՜յ քեզ թատերական արվեստի վարպետություն... Այլապես ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բրիգադը տառապում է հիշողության կորստով։ Մոռացվել են եւ սեփական տքնաջան աշխատանքը, եւ անսպառ հնարքներըՙ ուղղված ավանդական կուսակցությունների պախարակմանը, ջլատմանը, պառակտմանը, անգամ ոչնչացմանը։ Եվ միայն այն «մեղքի» համար, որ չցանկացան ստրկամտորեն ենթարկվել Տեր-Պետրոսյանին ու նրա կուսակցական մերձավորներին։ Հենց նույն քարոզչական բրիգադի պարագլուխներն էին այն ծանր հրետանին, որը, տեղակայվելով Հայաստանի Հանրապետության մայր թերթում կամ նրա վերին ու ստորին մերձակայքում, անխնա քարկոծում էր ոչ ստրկամիտ կուսակցություններին թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում։

Սակայն հատուկ ընդգծեմ. քարոզչական հնարքներում «մեր դատը», «որբ ճշմարտության մարմնացնողի» հանգամանքը բնավ էլ չէին հիշատակվում։ Դե, ո՞վ կթողներ քարոզչական բանակի զինվորիկներին գլխից վեր թռնել։ Չէ՞ որ «մեր դատը» տաբու էր։

Տեսեք, թե ոնց են այսօր երգում Հովհաննիսյանի փառաբանմանը զինվորագրվածները։ Ինչ սրտացավություն են դրսեւորում «մեր դատի», ժողովրդի բարոյական կերպարի ու կուսակցությունների հանդեպ։ Ո՞նց հասկանա այդ ցավը Մարսից իջած այլմոլորակային Քոչարյանը։ Չէ՞ որ, ըստ «Օրրանի», նա «ընդդիմությունից չէ, որ վախենում է։ Նա վախենում է այս հայրենիքի, այս հողի ճշմարտությունից, այդ ճշմարտության լույսից։ Պարզապես սարսափում է։ Թե ինչու, ոչ ոք նրանց լավ չգիտի։ Վայ այդ ճշմարտության դեմ գնացողներին։ Այսօր կամ վաղը»։

«Օրրանի» սարսափազդու սպառնալիքով ավարտելով սույն անդրադարձըՙ «Դժվար պայքարին, հեշտ ընտրությանը», խորհուրդ կտայի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, րոպե անգամ չհապաղելովՙ վախը չափել։

Ինձ էլ մնում է փաստելՙ «Օրրանի» շողուլը շեղվել է։

Այնուհանդերձ, հարց է ծագում. ինչպե՞ս է վերաբերվում նման խմբագրականի երեւույթին ինքըՙ պարկեշտության ջատագով, ազգասեր ու ազգապաշտ Րաֆֆի Հովհաննիսյանը։

ԱՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4