«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2003-01-21 | #11, 2003-01-22 | #12, 2003-01-23


ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 21-ին ԿԸՀ-ում նախագահ Արտակ Սահրադյանին հասցեագրված մի դիմում է ստացվելՙ հանրապետության նախագահի 6 թեկնածուներիՙ Արտաշես Գեղամյանի, Վլադիմիր Դարբինյանի, Ստեփան Դեմիրճյանի, Վազգեն Մանուկյանի, Գառնիկ Մարգարյանի եւ Արամ Զավենի Սարգսյանի անունից։ Դիմումով ԿԸՀ-ին մասնավորապես առաջարկվել է վերանայել գործող նախագահին որպես թեկնածուի գրանցելու հարցը։

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նշված դիմումը քննարկվել է հանձնաժողովի անդամների խորհրդակցության ժամանակ։ «Որպես նախագահի թեկնածու գրանցելու որոշումը կոլեգիալ մարմինն է ընդունել։ Նույն կոլեգիալ մարմնին ես հրավիրել եմ եւ, մեկ անգամ եւս խորհրդակցելով, որոշեցինք, որ մեր որոշումը հստակ է», ասաց Արտակ Սահրադյանը, ավելացնելով, որ դիմումին իր կողմից պատասխան կտրվի նույն շնչով։

ԿԸՀ նախագահը նշեց նաեւ, որ դիմումն ուներ նույն ոճը, ինչ ոճով ԿԸՀ անդամ Զավեն Պլուզյանը նույն բովանդակությամբ նամակ էր ներկայացրել ԿԸՀ նիստերից մեկում։ Խորհրդակցության ժամանակ, ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանին որպես թեկնածուի գրանցելու որոշումը կայացնելիս, դեմ են եղել Զավեն Պլուզյանն ու Պավել Եդիգարյանը։

Իր խոսքի ավարտին Արտակ Սահրադյանը նշեց եւս մի հետաքրքրական հանգամանք. «Պարզապես մի հարց արծարծվեց խորհրդակցության ժամանակ, որ դիմումը ստորագրած թեկնածուների մեծ մասը տրամագծորեն այլ հարթության վրա են եղել։ Ինձ նաեւ մի փոքր զարմացրեց, որ նախագահի թեկնածուների ազգանունների դիմաց բոլորի դեպքում չէ, որ իրենց ստորագրությունն էր»։

ԿԸՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ, երեկ արդեն ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը պատասխանել է նախագահի թեկնածուների դիմումին, նշելովՙ հանձնաժողովը գտնում է, որ հանձնաժողովի որոշումն օրինական է (Ռոբերտ Քոչարյանին որպես թեկնածուի գրանցելու մասին- Ա. Հ.) եւ վերանայման խնդիր չկա, այն համապատասխանում է ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածին եւ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4