«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2003-01-21 | #11, 2003-01-22 | #12, 2003-01-23


ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակության ներկայացուցիչների հետ, որը ղեկավարում էր ԱՊՀ գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Դմիտրի Բուլախովը։ Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, 7 մասնագետից բաղկացած առաքելությունը Հայաստանում աշխատանքը սկսել է հունվարի 20-ից։ Դ. Բուլախովը հայտնել է, որ ԱՊՀ կարճաժամկետ դիտորդական առաքելության նախաձեռնությանն արդեն արձագանքել է 56 մասնագետ։ Նրա կանխատեսմամբ, Հայաստանի նախագահի ընտրությանը դիտորդի կարգավիճակով մասնակցել ցանկացողների թիվը կհասնի 100-ի։ Առաքելության կազմում կընդգրկվեն դիվանագետներՙ հիմնականում Հայաստանում ներկայացված ԱՊՀ 5 երկրների դեսպանություններից, իրավաբաններ եւ ընտրական համակարգի փորձ ունեցող մասնագետներ։ Ըստ Բուլախովի, դիտորդների գնահատականի հիման վրա նախագահական ընտրությունների վերջնական գնահատական կտրվի ԱՊՀ երկրների նախագահների կողմից։

Քննարկման ավարտից հետո ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը եւ ԱՊՀ երկրներից երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Դմիտրի Բուլախովը պատասխանեցին լրագրողների հարցերին։ «Պրոֆեսիոնալներից կազմված այս պատվիրակության հետ սա առաջին հանդիպումն էր։ Նրանք արդեն այս դաշտում որոշակի ուսումնասիրություններ իրականացրել են, ծանոթացել են մեր Ընտրական օրենսգրքին։ Մնացածը կշարունակենք կոնստրուկտիվ համագործակցության պայմաններում։ Ուզում ենք, որ ամեն թերություն վերացվի ընթացքում», ասաց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը։ Նա նաեւ նշեց, որ լրատվության դաշտը համարում է իր հիմնական թիկունքը։ Պրն Սահրադյանը հավաստեց նաեւ, որ լրատվամիջոցների համար ընտրական գործընթացում որեւէ խնդիր չի լինելու։ ԿԸՀ նախագահի կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին եւ քարտուղարներին խստիվ ցուցում է տրվել, որ լրատվամիջոցների աշխատանքը չխոչընդոտվի, այլապես Ընտրական օրենսգրքի որեւէ շեղում կպատժվի։

Դմիտրի Բուլախովը համառոտ տեղեկացրեց, որ երեկվա քննարկման ընթացքում լուծվել են որոշ տեխնիկական հարցեր։ «Մենք ներկայացրել ենք ԱՊՀ երկրներից 56 դիտորդի հավատարմագրելու ցուցակ», ասաց դիտորդական առաքելության ղեկավարը։ Նա ավելացրեց, որ մնացյալ տեղեկատվությունը կտրվի այսօր, ասուլիսի ընթացքում, եւ կմանրամասնվի, թե առաքելությունն ինչու է այստեղ եւ ինչ է անելու։ Պրն Բուլախովը նշեց նաեւ, որ երեկ ԿԸՀ-ում հանդիպումից հետո հանդիպումներ պետք է լինեին նաեւ նախագահի թեկնածուներից մի քանիսի նախընտրական շտաբներում։ Մեր հարցին ի պատասխան Դմիտրի Բուլախովը մանրամասնեց, որ իրենք հունվարի 22-ին ծրագրել են այցելել Ռոբերտ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբներ։ Առաքելության ղեկավարը հավաստիացրեց, որ դիմել են բոլոր թեկնածուների նախընտրական շտաբներին եւ կաշխատեն այցելել բոլորին, քանի որ, ինչպես նշեց Դմիտրի Բուլախովը, «բոլոր թեկնածուներն էլ մեզ համար հետաքրքիր են որպես ընտրական գործընթացի մասնակիցներ»։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4