«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2003-01-21 | #11, 2003-01-22 | #12, 2003-01-23


ՆՈՐ ՇԵՆՔԵՐ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆԻՆ»

Անավարտ շինարարության օբյեկտն ավարտելու դիմաց

Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, երեկ ներկայացնելով 2002 թ. նախարարության աշխատանքի հաշվետվությունը, նշեց, որ կառավարության հաստատած բոլոր հանձնարարականներն իր ղեկավարած գերատեսչությունը կատարել է։ Նա առանձնացրեց մասնավորեցման հետեւանքով պետբյուջե 3,3 մլրդ դրամի մուտքը։ Ընդ որում, խոշոր օբյեկտների («Հայաստանի էլեկտրացանցեր» եւ այլն) սեփականաշնորհման հետեւանքով ստացած գումարներն այստեղ ներկայացված չեն։

Պետական գույքի կառավարման ոլորտում բյուջետային առաջադրանքը գերակատարվել է մոտ 14 մլն դրամով։ Նախատեսված 319 մլն դրամի փոխարեն մուտքագրվել է 305 մլն դրամ։ Հաշվետվության մեջ առանձնացված է առողջապահության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, կրթության եւ գիտության նախարարություններից օտարումից ստացված 2 մլն դոլարը, որն ուղղվել է կառավարական 3-րդ շենքի հարեւանությամբ անավարտ շինարարության օբյեկտի շինարարությանը։ Եվս 2,5 մլն դոլարի ներդրում է սպասվում այս տարվա ընթացքում։ «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն այդ գումարով ավարտին է հասցնելու Երեւանի Մյասնիկյանի անվան հրապարակում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցումը։ Դրա դիմաց սեփականության իրավունքով ընկերությանն են տրվելու Երեւանի քաղաքապետարանի Գր. Լուսավորչի փողոցի շենքը, գյուղատնտեսության նախարարության շենքը եւ հիշատակված անավարտ շինարարության օբյեկտի տարածքից 1845 քմ հողամաս։

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը, ներկայացնելով ոլորտի վիճակն անցած տարի, տեղեկացրեց, որ ապահովվել է տնտեսական աճ։ 2001 թ.-ի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 4,4 տոկոսով։ Մասնավորապես ավելացել է կարտոֆիլի, հացահատիկի, բանջարեղենի, ձվի, մսի եւ կաթի արտադրությունը։ Դրական տեղաշարժերը թռչնաբուծության մեջ հնարավորություն են տվել էապես կրճատել ձվի եւ թռչնի մսի ներկրումները։

Հողօգտագործման բնագավառում նշվեց վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը։ Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 302 հազ. հա։ Այգեգործության ոլորտից առանձնացվեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի այգիների հիմնումը շուրջ 206 հա տարածքում։

Բնականաբար գյուղատնտեսության հիմնական խնդիրներից է հումքի եւ գյուղմթերքների իրացումը։ 2002 թ.-ին գյուղմթերքների վերամշակման ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Այսպես, վերամշակող ձեռնարկությունները մթերել են 52 հազ. տոննա բանջարեղեն 2001 թ.-ի 26 հազ. տոննայի դիմաց եւ 47 հազ. տոննա խաղողՙ 37 հազ. տոննայի դիմաց։ Ընդ որում, աճել են նաեւ ձեռնարկությունների առաջարկած գնման գները։

Երեկ կառավարությունում ներկայացրած իր հաշվետվության մասին լրագրողներին մանրամասներ ներկայացրեց նաեւ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4