«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2003-01-21 | #11, 2003-01-22 | #12, 2003-01-23


ՀԱՂԱՐԾԻՆԸ ԵՎ 19-ՐԴ ԴԱՐԻ ՆՐԱ ԵՐԱԽՏԱՎՈՐ ՎԱՆԱՀԱՅՐԸ

«Ով տոնելի անձնավորություն, քո հիշատակը երբեք չի թառամիլ, դարեր կանցնեն, աշխարհ կիմանա, որ կոչմանդ արժանի գործ ես կատարել», Հաղարծին վանքի 19-րդ դարի վանահայր, վարդապետ Պողոս Տեր-Մարգարյանի մասին ասել են նրա ժամանակակիցները։ Էջմիածնի երիտասարդ հոգեւոր սպասավորը, իմանալով պատմական վանքի անմխիթար վիճակը եւ մտահոգված նրա հետագա ճակատագրով, 19-րդ դարի 60-ական թթ. հանձն է առնում այդ սրբավայրի բարենորոգման գործը։ Հաղարծինը սրբավայր է համարվել հին ժամանակներից, սակայն իբրեւ վանական համալիր ձեւավորվել է 13-րդ դարի շեմինՙ Իվանե եւ Զաքարե իշխանների ու Խաչատուր Տարոնեցու վանահորության ժամանակաշրջանում։ Այդ ընթացքում մեծ վերելք է ապրումՙ դառնալով Աղստեւի հովտի գրչության, դպրության եւ հոգեւոր մշակութային կենտրոններից մեկը։

18-րդ դարի 90-ական թթ. վերջին Աղա Մահմեդ խանի կործանարար արշավանքների հետեւանքով մահմեդական ցեղերը տիրանում են հայկական վանքերին ու նրանց կալվածքներին, այդ թվում նաեւ Հաղարծնին։ Իսկ ռուսական տիրապետության հաստատումից հետո Էջմիածինը զրկվում է վանքերի սեփականատերը լինելու իրավունքից։ Վանքերը վերադարձնելու փորձերը մատնվում են անհաջողության։ Հաղարծին վանքի կալվածքների վերադարձման, բարեկարգման եւ հոգեւոր կյանքի վերականգնման դժվարին խնդրի իրականացման գործին նվիրվեց Էջմիածնի միաբանության եւ Սինոդի անդամ, ազնիվ հոգեւորական, մեր ժամանակների սակավ հայտնի վարդապետ Պողոս Տեր-Մարգարյանը։ Նրա անունը հայտնի է դառնում հասարակության լայն շրջանակներին, սակայն 1896 թ. երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով շատերի նման մոռացվում է։

Հենրիկ Խառատյանի «Հաղարծինը եւ 19-րդ դարի նրա երախտավոր վանահայրը» գրքույկում ամփոփված է վանահոր 35-ամյա հոգեւոր-տնտեսական մեծածավալ գործունեությունը։ Մանրամասնորեն ուսումնասիրելով, հեղինակը ցանկացել է վեր հանել այդ հոգեւոր անձի եկեղեցանվեր, անձնուրաց գործերը եւ կազմել սույն փաստագրական աշխատությունը։ Հեղինակի կարծիքով, Պողոս վանահոր անունն արժանի է դասվելու երեւելի Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնեցու, Հովհաննես Արմանեցու նվիրական անունների շարքում։ Աշխատությունը բաղկացած է երկու մասից. առաջինում հակիրճ ներկայացվում է վանքի պատմական անցյալը, զարգացումը, բնութագրվում շինությունները, պատմիչների, մասնագետների վկայակոչումները։ Երկրորդ մասը նվիրվում է 18-րդ դարից հետո վանքի ճակատագրի եւ Պողոս վարդապետ Տեր-Մարգարյանի անձի ու գործունեության մանրամասն եւ ամբողջական լուսաբանմանը։

Ուշագրավ է այն փաստը, որ հեղինակը վանահոր գերեզմանը գտնելու նպատակով բազմիցս մեկնում է Էջմիածին, դիմում վանքի հոգեւորականությանը։ Երկարատեւ պրպտումներից հետո նա իմանում է միաբանության նախկին գերեզմանատան տեղը։ Մայր տաճարից ոչ հեռուՙ դեպի Սուրբ Գայանե վանք տանող ճանապարհի ձախ կողմում, 3 ժամ ուսումնասիրելով եւ փնտրելով, դարերով քամահարված ու եղծված մամռապատ շիրմաքարերի մեջ 1990 թ. ապրիլի 4-ին գտնում է լուսահոգի Պողոս վանահոր գերեզմանը։

Գրքի հեղինակի համոզմամբ, պատմության ընթացքում տեղի ունեցող անցանկալի իրադարձությունների հետեւանքով հաճախ ցավալիորեն կորսվում են բազմաթիվ հոգեւոր արժեքներ, մոռացության մատնվում նվիրական շատ անուններ, սակայն մեզանից պահանջվում է երախտամոռ չլինել եւ թեկուզ ուշացումով մեծարել եւ սերունդների հիշողությանը հանձնել նրանց անձնուրաց գործերը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4