Հայրենասիրական կուսակցությունների առաջին համաշխարհային կոնգրեսի շրջանակներում
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունում հրավեր էր ստացվել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուցՙ մասնակցելու Հայրենասիրական կուսակցությունների առաջին համաշխարհային կոնգրեսին։ Մոսկվա մեկնեց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, որի հետ էլ զրուցեցինք Կոնգրեսի աշխատանքների ընթացքի եւ արդյունքների մասին։
¬ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՌԱԿ-ին հրավիրելը Հայրենասիրական կուսակցությունների առաջին համաշխարհային կոնգրեսին եւ արդյոք հայաստանյան այլ կուսակցություններ նո՞ւյնպես հրավիրված էին։
¬ Հավանաբար հիմք են ընդունել այն հանգամանքը, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը դեռ 1885 թվականից ստեղծվել է «Արմենական» հայրենասիրական շարժմամբ, եւ այն պատմական անցած ուղին, որ անցել է կուսակցությունըՙ նշանավորելով իր գործունեությունը թե՛ սփյուռքում եւ թե՛ հայրենիքում, եղել է միտված միմիայն ազգապահպանմանն ու հայրենասիրությանը։
Կարելի է ասել, որ հրավերը պայմանավորված էր նաեւ նրանով, որ «ռամկավար-ազատական» բառակապակցությունը թարգմանաբար նշանակում է լիբերալ-դեմոկրատական, այսինքն ՀՌԱԿ-ը անվանակիցը եւ գաղափարակիցն է ՌԼԴԿ-ի, ու ինչպես մենք ենք սփյուռքի Ռամկավար-Ազատական կուսակցության իրավահաջորդը Հայաստանում, այնպես էլ ՌԼԴԿ-ն է 20-րդ դարասկզբին ստեղծված Կադետների (Սահմանադիր դեմոկրատներ) իրավահաջորդը։ Փաստորեն ստեղծվեց հայկական եւ ռուսական երկու դասական կուսակցությունների համագործակցություն։ Ինչ վերաբերում է հայաստանյան այլ կուսակցությունների մասնակցությանը, եղել են հրավերներ, սակայն ՀՌԱԿ-ը միակն էր, որ Կոնգրեսում ներկայացրեց Հայաստանը։
¬ Ինչպե՞ս ընթացավ Կոնգրեսը եւ ի՞նչ հարցեր քննարկվեցին։
¬ Մինչ Կոնգրեսի սկսելը, մեկ օր առաջ Դումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ընդունեց ինձ, նախատեսված 15 րոպե հանդիպումը տեւեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուսակցությունների խնդիրները եւ ճշտեցինք հետագա համագործակցության ծրագրերը։ Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ երկու կուսակցություններն էլ ունեն ռազմավարական նույն պատկերացումները քաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների հանդեպ։ Հանդիպման ավարտին ՀՌԱԿ-ի կողմից հանձնվեցին հուշանվերներ եւ հրավերՙ մոտակա ժամանակահատվածում Հայաստան այցելելու, որն էլ սիրով ընդունեց պրն Ժիրինովսկին։
¬ Պրն Առաքելյան, հեռուստաեթերից իմացանք, որ ձեր ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կոնգրեսի մասնակիցների մեջ, ինչի՞ մասին էր։
¬ Իմ ելույթի առաջին մասը բաղկացած էր ողջույնի խոսքից, քանի որ Կոնգրեսին մասնակցում էին 25 երկրներից ժամանած 29 կուսակցությունների 44 մասնակիցներ (Ճապոնիա, Չեխիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Հունաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, ԱՊՀ երկրներ եւ այլն)։ ՀՌԱԿ-ի պատմությունը կարճ ներկայացնելուց հետո շնորհակալություն հայտնեցի այն խորհրդարանականներին, որոնք ճանաչել եւ դատապարտել էին 1915¬23 թթ. թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանությունը, եւ կոչ արեցի մնացյալ խորհրդարանականներին նույնպես ճանաչել ու դատապարտել այդ ողբերգությունը, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության դեմ։ Իմ խնդրանքով կոնգրեսականների հետ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգեցին նաեւ դահլիճում ներկա տասնյակ դեսպանատների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Կոնգրեսին առաջարկեցի ստեղծել հայրենասիրական կուսակցությունների համագործակցության, փոխօգնության եւ տեղեկատվության փոխանակության խորհուրդ, որն էլ սիրով ընդունեցին մասնակիցները։
Կոնֆերանսի հաջորդ օրը Վլ. Ժիրինովսկին կազմակերպել էր ուղիղ եթեր M1 ստուդիայում հեռարձակվող «Միլիոնների համալսարան» հաղորդաշարով, որին մասնակցեցի նաեւ ես։ Վլ. Ժիրինովսկին առաջինն ինձ ձայն տալով խնդրեց ներկայացնել Կոնգրեսի աշխատանքները, որն էլ հաճույքով արեցի (M1-ն ունի 25 մլն հեռուստալսարան Մոսկվայում եւ մարզում)։
Կոնգրեսի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվեց. «Մենքՙ հայրենասեր կուսակցությունների ներկայացուցիչներս, առաջին Կոնգրեսում պայմանավորվեցինք համատեղ ջանքերով, գլոբալացման պայմաններում պաշտպանել մեր երկրների եւ ժողովուրդների ազգային հետաքրքրությունները միջկուսակցական համերաշխության ու համագործակցության շրջանակներում, տարբեր միջազգային կոնֆերանսներում, միջխորհրդարանական ֆորումներում ու ազգային խորհրդարաններում հանդես գալ միմյանց աջակցման ու հզորացման գործում»։ Դատապարտվեցին ԱՄՆ-ի նկրտումներն Իրաքի ժողովրդի հանդեպ։ Կոնգրեսն իր աշխատանքները ավարտեց որոշում ընդունելով II համաշխարհային կոնգրեսը կրկին անցկացնել Մոսկվայումՙ մեկ տարի հետո։ Իսկ այդ ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային հանդիպումներ։
Համագումարի երեք օրերի ընթացքում եղան լիարժեք հանդիպումներ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, շատերի հետ հաստատվեցին բարեկամական կապեր։ Առանձնացնեմ մի հետաքրքրական դեպք. այդ օրերին պաշտոնական այցով Մոսկվայում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ պատահաբար բոլորս միասին դիտեցինք Սվանիձեի հարցազրույցը մեր նախագահի հետ։ Սենյակումս հավաքված հյուրերը բոլորը քաղաքական գործիչներ էին, եւ իրենց գնահատականներն ինձ առիթ տվեցին հպարտանալու իմ երկրով եւ նախագահով։ Երբ մենք ըմբոշխնում էինք հայկական կոնյակը, հնչեց հեռուստադիտողի հարցըՙ կապված իսկական հայկական կոնյակի հետ։ Բոլորը հպարտացան, որ խմում են նույն կոնյակը, ինչը գերադասում է խմել Ռոբերտ Քոչարյանը։
Առիթն օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արմավիա» ավիաընկերությանը եւ անձամբ նրա տնօրեն Անդրեյ Նիկիտինինՙ ուղեւորությանն աջակցելու համար։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ