Մի՞թե ժողովրդավարությունն այսքան ծայրահեղ է
Ինչպես գիտենք, օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվեց հանրապետության նախագահի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը։
Համաձայն նշված կարգի, ԶԼՄ-ները պետք է հավասար պայմաններ ապահովեն թեկնածուների քարոզչական նյութերը հրապարակելիս։
Մի քանի օր է պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզչությունը։ Սակայն ե՛ւ եթերից, ե՛ւ տպագիր մամուլի էջերից տպավորություն է ստացվում, թե լրատվական դաշտն ուղղակի մասնատվել է տարբեր թեկնածուների միջեւ։ Իսկ իրականում հավասար պայմաններ լրատվամիջոցները չեն կարող ապահովել հանրապետության նախագահի թեկնածուների քարոզարշավն իրականացնող նախընտրական շտաբների քաղաքականության պատճառով։
Բոլոր 11 թեկնածուների նախընտրական շտաբները, առանց բացառության, իրենց միջոցառումները լուսաբանելու համար լրատվամիջոցներին ընտրովի են հրավիրում։ Ստացվում է, որ թերթերի էջերում հայտնվում են միեւնույն թեկնածուներըՙ առանց բազմազանության։
Նման աշխատելաոճը զրկում է ընթերցողին ընտրության իրավունքից, մինչդեռ ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող ընտրության գաղափարը ոչ թե մի որոշ խումբ թեկնածուների է վերաբերում, այլՙ բոլորին։
Զանգվածային լրատվության միջոցները ոչ մարդկային եւ ոչ էլ նյութական ռեսուրսներով չեն կարող ձեռք բերել բոլոր թեկնածուների քարոզարշավի ընթացիկ միջոցառումների մասին տեղեկություններ։ ԶԼՄ-ները չեն կարող նաեւ արձագանքել բոլոր միջոցառումներին։ Բայց դա չի նշանակում, որ լրատվամիջոցները բոլոր թեկնածուներին չէին ցանկանա հավասար պայմաններ ապահովել։
Պարզապես այդ հավասար կոչվող պայմաններն ապահովելու հարցում, թերեւս, ամենաշահագրգիռը պետք է լինեին հենց նախընտրական շտաբները, որոնք ոչ միայն չեն աջակցում լրատվամիջոցներին, այլեւ հետագայում սեփական անգործությունն անպայման կորակեն որպես ԶԼՄ-ների դիտավորություն։
«Ազգը» հնարավորությունների սահմաններում պատրաստ է յուրաքանչյուր թեկնածուի քարոզարշավը ե՛ւ լուսաբանելու, ե՛ւ վճարովի քաղաքական գովազդ տպագրելու, եթե նախընտրական շտաբները համագործակցեն տեղեկատվություն տրամադրելիս «պոչ չխաղացնեն» եւ հակագովազդով կառաջարկեն։
Ա. Հ.