«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2003-01-22 | #12, 2003-01-23 | #13, 2003-01-24


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԻՐԵՆ ԿՀԱՋՈՂՎԻ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԲԵՅՐՈՒԹ, 23 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հայերի միության պատվիրակության Լիբանան այցը, որը գլխավորում է նրա նախագահ Արա Աբրահամյանը, մեծ հետաքրքրություն է առաջացրել այդ երկրի հայ համայնքում։ Այցի ծրագիրը խիստ հագեցած է. ամեն օր 7-8 հանդիպում է անցկացվում հայկական քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, հայ եկեղեցու հոգեւոր ղեկավարների, զանգվածային լրատվամիջոցների լրագրողների հետ։ «Ես Լիբանանում մեկ րոպե ազատ ժամանակ չունեմ, քանի որ ցանկանում եմ իրագործել այն ամենը, ինչ նախատեսված է այցի ծրագրով. անցկացնել բոլոր հանդիպումները, այցելել բոլոր կազմակերպությունները, հայ համայնքի բոլոր շրջանակներին ծանոթացնել համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու ծրագրի հետ», -ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ի թղթակցին հայտնել է Արա Աբրահամյանը։

«Համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու կոնկրետ պլաններն այն պայմաններով, որ առաջարկվում են Ռուսաստանի հայերի միության կողմից, կենդանի հետաքրքրություն են առաջացրել Լիբանանում», -ասել է միության փոխնախագահ Հապետ Թափալցյանը։ «Հայ գործարարները, որոնք հանդիպման են եկել Արա Աբրահամյանի հետ, մասնավորապես հայտարարել են, որ այդ մտահղացումը հարկավոր էր վաղուց իրականացնել», -նշել է նա։

Իրապես, Արա Աբրահամյանի ծրագրերը չեն տեղավորվում նոր կազմակերպության ստեղծման սովորական շրջանակների մեջ։ Լինելով խոշոր գործարար, նա առաջարկում է հայերի միասնության հասնել բիզնեսի միջոցով։ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին ամենից ավելի զարմացրել է այն, որ նա փող չի խնդրում բոլոր հայերին միավորող կազմակերպություն ստեղծելու համար, այլ փաստորեն ինքն է փող առաջարկում։ «Եկեք հետեւենք նոր բանաձեւին,-ասում է Աբրահամյանը, -համատեղ գործարարությամբ զբաղվենք, իսկ շահույթից ստացվելիք տոկոսն ուղղենք համաշխարհային հայկական կազմակերպության կարիքներին»։ «Պետք չէ մարդկանցից որեւէ բան խնդրել, ընդհակառակըՙ պետք է տալ նրանց», -ընդգծում է Աբրահամյանը։

Նա վստահ է, որ իրեն կհաջողվի ստեղծել համաշխարհային հայկական կազմակերպություն, եւ այն շատ ավելի ուժեղ կլինի Ռուսաստանի հայերի միությունից։ Ըստ երեւույթին այդ վստահությունը փոխանցվել է նաեւ Լիբանանում նրա զրուցակիցներին, որոնք հայտարարել են այդ ծրագրին աջակցելու մասին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4