Ստամբուլում սկսվեց իրաքյան ճգնաժամին նվիրված գագաթաժողովը, նախաձեռնությամբ Թուրքիայի։ Արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին, փաստորեն, մասնակցում են Իրաքի 6 հարեւաններըՙ Սաուդյան Արաբիան, Սիրիան, Եգիպտոսը, Իրանը, Հորդանանը եւ հյուրընկալ երկիրը։
Նախնական տվյալներով, գագաթաժողովին մասնակից երկրները կորոշենՙ մեկ կողմից ճնշում բանեցնել Բաղդադի վրա անվերապահորեն եւ ամբողջովին համագործակցելու ՄԱԿ-ի տեսչական խմբի հետ, իսկ մյուս կողմիցՙ Վաշինգտոնին կոչ կանեն ինքնազսպում դրսեւորելու եւ չշտապելու Իրաքին ռազմական հարվածներ հասցնելու հարցում։
Այս ճգնաժամում Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, որոնք ավանդաբար Մ. Նահանգների ամենահավատարիմ դաշնակիցներն են, գրեթե համանման վիճակում են գտնվումՙ երկու երկրներում էլ հակապատերազմական տրամադրությունները շատ սուր են զգացվում ժողովրդի մոտ։
Ենթադրվում է, որ այս գագաթաժողովին կհաջորդի մեկ ուրիշը, այս անգամ Դամասկոսումՙ մասնակցությամբ երկրների գերագույն ղեկավարների։