Այս տարվա հունվարի 25-ին «Բրիտիշ էրուեյզը» արդեն հինգերորդ անգամ Երեւան կբերի պարկապզուկահարինՙ տոնելու ավանդական դարձած բըռնսյան ընթրիքի հանդիսությունը։ «Մեզ բերկրանք է պատճառում, որ շոտլանդական ավանդույթը մենք Հայաստան ենք բերում», այս առթիվ ասել է Հայաստանում այդ ավիաընկերության առեւտրական բաժնի տնօրեն Ջիմի էլ Մուրը, ավելացնելով, որ այդ առթիվ նվիրատվությունների միջոցով առաջացած գումարը ծառայելու է «Ուրախ ժպիտներ» ծրագրի իրականացմանը։
«Ուրախ ժպիտներ» ծրագիրը մշակել է «Ուորլդ վիժն» կազմակերպությունըՙ հոգալու «նապաստակի շրթունքներ» ունեցող երեխաների վիրահատության ծախսերը։ Վիրահատությունն իրականացնելու են «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության վիրաբույժներըՙ բարեսիրական հիմունքներով։ Ավիաընկերությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ «Արմենիա» հյուրանոցում ընթրիքի ընթացքում չորս տոմսեր (դեպի Լոնդոն եւ Հյուսիսային Ամերիկա) կխաղարկվեն որպես մրցանակներ։ Ավանդական «հագգիսը» (շոտլանդական հատուկ խորտիկ) կտրվելու է թրով եւ հյուրասիրվելու է ներկաներինՙ շոտլանդական վիսկիով եւ անմահ բանաստեղծ Ռոբերտ Բըռնսի ստեղծագործությունների արտասանությամբ։
Ավելացնենք, որ «Բրիտիշ էրուեյզն» իրականացնում է 3 չվերթ Երեւանից Լոնդոնՙ երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ վերադարձըՙ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ Ուղեւորներին սպասարկում են «Էրբաս A 320» եւ «A 321» հանգստավետ ու հարմարավետ ինքնաթիռները։