ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ծավալած կամավորական գործունեության շրջանակներում ձեռք բերած նվաճումների համար ամերիկահայ հասարակական հայտնի գործիչ, Հայ-ամերիկյան մշակութային ընկերակցության նախագահ Ռիտա Պալյանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի կողմից արժանացել է «Քաղաքացիական ականավոր նվաճումների համար» մրցանակին։
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից, ներկա են եղել միջազգային զարգացման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ռ. Պալյանի գործունեությունը բարձր են գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Ֆրեդերիկ Շիքը, կազմակերպության Հայաստանի առաքելության տնօրեն Քիթ Սիմոնսը եւ ուրիշներ։
Իր ելութում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը Հայաստանի կառավարության եւ դեսպանության անունից շնորհավորել է Ռիտա Պալյանին պատվավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ, նաեւ շնորհակալություն է հայտնել Զարգացման գործակալության ղեկավարությանըՙ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։ Պրն Կիրակոսյանը հատկապես նշել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոն հիմնելու Ռ. Պալյանի նախաձեռնությունը։