«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2003-01-22 | #12, 2003-01-23 | #13, 2003-01-24


ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին հրատարակվել է «Ընտրությունների ուղեցույց. նախագահական ընտրություններ» գրքույկը։ Գնահատելի է դրա արժեքը իբրեւ այս ընթացքին մասնակից կուսակցությունների, պետական եւ հասարակական կառույցների (ՀՀ նախագահի գրասենյակ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ Սահմանադրական դատարան), լրագրողական կազմակերպությունների, լրատվամիջոցների, գործակալությունների, դեսպանատների, հյուրանոցների մասին սեղմ, բայց ամփոփ ինֆորմացիայի տեղեկագիրՙ համապատասխան հասցեներով եւ հեռախոսահամարներով։

Գիրքը տեղեկացնում է նախագահական ընտրություններին առնչվող ամենաէականը. ընդհանուր տեղեկություններ Հայաստանի մասինՙ պետական դրոշից ու շրջանառության մեջ գտնվող թղթադրամներից սկսած մինչեւ քաղաքական կառուցվածքը, «Հոկտեմբերի 27»-ն ու տնտեսական հիմնահարցերը։

Երեկ ինստիտուտում կայացավ հայերեն, անգլերեն, ռուսերենՙ յուրաքանչյուր լեզվով 1000 տպաքանակով հրատարակված գրքի շնորհանդեսը։

Ուղեցույցի առանցքը կազմում են ՀՀ նախագահի թեկնածուներն իրենց կենսագրության ու ծրագրերի հիմնական դրույթներով։ Ի դեպ, մինչեւ դեկտեմբերի վերջը գրքի հեղինակներին հաջողվել էր «հայթայթել» նախագահի թեկնածուների ընդամենը 3¬4 նախընտրական ծրագիր եւ միայն հունվարի կեսերին հաջողվեց ստանալ մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերը եւս։ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբն ամենավերջում է ներկայացրել նախընտրական ծրագիրը, երբ գիրքն արդեն պատրաստ էր։ Ստիպված այն հրապարակեցին առանձին թերթիկով։

Ցանկացողները գրքույկը կարող են ձեռք բերել լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4