«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2003-01-22 | #12, 2003-01-23 | #13, 2003-01-24


«ԲԱՆԱՆՑԻ» ԵՎ «ՍՊԱՐՏԱԿԻ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Սկսվում է նախապատրաստական երկրորդ փուլը

Շարունակելով պարբերաբար անդրադառնալ ֆուտբոլի ՀՀ առաջնության մասնակից թիմերի նոր մրցաշրջանի նախապատրաստությանն, ընթերցողներին ենք ներկայացնում հերթական հրապարակումը։ Խմբագրության հյուրն է առաջնության բրոնզե մրցանակակիր Երեւանի «Բանանց» ակումբի հիմնադիր եւ նախագահ Սարգիս Իսրայելյանը։

¬ Պրն Իսրայելյան, բազմիցս նշել եք, որ «Սպարտակն» ու «Բանանցը» պետք է միավորվեն։ Ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը։

¬ Գործընթացն արդեն ավարտված է. արդարադատության նախարարությունում որպես իրավական անձ գրանցվել է «Բանանց» հասարակական կազմակերպությունը։ Բարձրագույն խմբում հանդես կգա «Բանանցը», իսկ դուստր թիմըՙ «Սպարտակը» կմասնակցի առաջին խմբի մրցաշարին։ Բացի այդ, «Սպարտակի» մանկապատանեկան թիմերը հանդես կգան Հայաստանի տարիքային տարբեր խմբերի պատանեկան առաջնությունում։ Ես ակումբի նախագահն եմ, փոխնախագահներն են Հովհաննես Զանազանյանն ու Նիկոլայ Ղազարյանը։ «Բանանցը» կգլխավորի Արմեն Գյուլբուդաղյանցը, որին կօգնեն ավագ մարզիչ Արամ Փարսադանյանը, մարզիչներ Սամվել Սարգսյանն ու Ալյոշա Աբրահամյանը։ «Սպարտակի» գլխավոր մարզիչն է Վազգեն Հայրապետյանը, մարզիչներըՙ Հովհաննես Դալդալյանն ու Արտաշես Մարկոսյանը։

¬ Ի՞նչ հիմունքներով է կազմավորվել «Սպարտակը»։

¬ Հիմնականում 1985¬86 թթ. ծնված պատանիներն են, որոնք «Բանանցի» հերթափոխն են։

¬ Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել թիմում։

¬ Բնականաբար, չէինք կարող 2 թիմերի բոլոր խաղացողներին պահել, ուստի մի մասի ծառայություններից հարկ էր հրաժարվել։ Տիգրան Հովհաննիսյանը, Անդրանիկ Զանազանյանը, Արթուր Քոչարյանը, Արշակ Ամիրյանը, Լեւոն Սարգսյանը, Հայկ Բաբայանը, Կարեն Նավոյանը, Արտակ Մինասյանը, Տիգրան Եսայանը տրանսֆերի են հանվել։ Մարիուս Սկինդերիսի, Վարազդատ Ավետիսյանի, Ռաֆայել Նազարյանի պայմանագրի ժամկետը լրացել է եւ նրանք հեռացել են թիմից։ 3 ամսով Իրան են մեկնել Կարեն Բարսեղյանը, Էդիկ Երիցյանը, Ֆելիքս Խոջոյանը։ Գագիկ Սիմոնյանը Լիբանանում է։ Արթուր Մինասյանը 6 ամսով պայմանագիր է կնքել Կիպրոսի «Անորտոսիսի» հետ։ Արա Հակոբյանն ու Եղիշե Մելիքյանը փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգում», Արամ Հակոբյանըՙ Հունաստանի առաջին խմբի «Պատրաիկոս» թիմում, Ալբերտ Աֆյանը Լեհաստանում է։ Արկադի Դոխոյանը Հունաստանից հետ է վերադարձել։ «Բանանցում» փորձարկվում են Արամ Սարգսյանն «Արարատից» եւ Կարեն Յայլոյանըՙ «Կոտայքից»։

¬ Ի՞նչ ճակատագիր է սպասում տրանսֆերի հանված այն ֆուտբոլիստներին, եթե նրանք չկարողանան թիմ գտնել։

¬ Ակումբում գործող կանոնակարգի համաձայն, մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտն այդ ֆուտբոլիստներին կվճարվի աշխատավարձի համապատասխան տոկոսը, նրանք կմասնակցեն թիմի պարապմունքներին, սակայն չեն հայտավորվի եւ խաղերում հանդես չեն գա։ Կարծում եմ, որ իրեն հարգող ֆուտբոլիստը չպետք է համակերպվի նման իրավիճակին եւ անպայման թիմ կգտնիՙ շարունակելու ֆուտբոլային գործունեությունը։

¬ Ինչպե՞ս է ընթանում նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։

¬ Առաջին փուլն արդեն ավարտվել է։ Դեկտեմբերի 15¬29-ը մարզվել ենք Երեւանում, հունվարի 4¬20-ն ուսումնամարզական հավաք անցկացրել Ծաղկաձորում։ Հունվարի 24-ից փետրվարի 7-ը երկրորդ հավաքը կանցկացնենք Կիպրոսում, որտեղ ծրագրված է ստուգողական 3 հանդիպում։ Հավաքին ընդգրկել ենք հետեւյալ 20 ֆուտբոլիստներինՙ Դ. Վորոբյով, Կ. Բաբայան, Հ. Դեմիրճյան, Աշ. Գրիգորյան, Կ. Սիմոնյան, Ռ. Ջենեբյան, Գ. Աթաբեկյան, Լ. Հայրապետյան, Գ. Գրիգորյան, Ար. Գրիգորյան, Ս. Մելքոնյան, Ա. Սարգսյան, Ա. Ոսկանյան, Ս. Սարգսյան, Արամ Հակոբյան, Ս. Առաքելյան, Ա. Հովհաննիսյան, Հ. Հակոբյան, Հ. Գեւորգյան, Կ. Յայլոյան։

Կիպրոսից թիմը կմեկնի Աշգաբադ, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկելու է «Թուրքմենբաշու գավաթը»։ Ըստ նախնական հայտի, մեր խմբում «Բանանցի» մրցակիցներն են Թուրքմենիայի չեմպիոն «Շագադամը», Կարագանդայի «Շախտյորը» եւ Գրոդնոյի «Նեմանը»։ 2 ուժեղագույնները կշարունակեն պայքարը։ Երեւի մինչեւ փետրվարի 24-ը մնանք Աշգաբադում։ 4-րդ հավաքի ժամկետները կճշտվեն, երբ հայտնի դառնա առաջնության խաղացանկը։

¬ «Թուրքմենբաշու գավաթի» մրցաշարում «Բանանցի» առջեւ կոնկրետ խնդիր դրվելո՞ւ է, որպեսզի թիմը չարժանանա «Փյունիկի» դառը ճակատագրին։

¬ Երբ ներկայացնում ես ազգդ, երկիրդ, անհրաժեշտ է պատասխանատվություն դրսեւորել։ Այնպես որ, կձգտենք բարձր արդյունք ցույց տալ, հանդես գալ օպտիմալ կազմով։ Կարծում եմ, կիպրոսյան հավաքը կնպաստի ֆուտբոլիստների խաղային պրակտիկային, թույլ կտա մարզիչներին որոշելու թիմի կորիզը։ Զուգահեռաբար, Աշգաբադում կշարունակվեն ֆուտբոլիստների փորձարկումները։

¬ «Բանանցն» այս տարի իր նորամուտն է նշելու եվրագավաթներում։ Առայժմ թիմն ապավինում է միայն տեղի ֆուտբոլիստներին։ Հնարավո՞ր է թիմում լեգեոներներ հայտնվեն։

¬ Թիմն իրավունք ունի մասնակցելու Ինտերտոտոյի գավաթի մրցաշարին, սակայն պայքարելու է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգրի համար։ Եթե մինչեւ մայիս գործերը հաջող ընթանան, թիմի կազմը ուժեղ լինի, գուցեեւ բավարարվենք տեղի կադրերով։ Մանավանդ, եթե Ինտերտոտոյի գավաթին մասնակցենք, նպատակահարմար չեմ գտնում լեգեոներների հրավիրումը։ Ավելի լավ է մեր ֆուտբոլիստները միջազգային խաղերի փորձ ձեռք բերեն։ Այնպես որ, լեգեոներների հրավիրման հարցը կորոշենք մրցաշրջանի ընթացքում։

¬ Փորձառու շատ ֆուտբոլիստներ տրանսֆերի են հանվել, փորձաշրջան են անցնում արտերկրներում։ Հաջողության դեպքում «Բանանցը» համալրման կարիք չի՞ զգա։

¬ Իհարկե, Հակոբյան եղբայրների, Եղիշե Մելիքյանի նման ֆուտբոլիստները թիմին անհրաժեշտ են։ Սակայն պետք է նրանց հնարավորություն տալ հանդես գալու ավելի բարձր մակարդակի առաջնություններում, կատարելագործելու վարպետությունը։ Դա նաեւ խթան կհանդիսանա թիմի մյուս երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Վերջին հաշվով, դա օգտակար կլինի նաեւ մեր հավաքականներին։

¬ Անցյալ մրցաշրջանում բազմիցս քննադատվել է դուստր թիմերին տրված արտոնությունների հետ կապված ֆուտբոլիստների հայտավորման, որակազրկումների հաշվառման կարգը։ Ելնելով դրանից, այս տարվա առաջնության անցկացման կանոնակարգի նախագծում որոշ սահմանափակումներ են մտցվել։ Ձեր կարծիքն այդ մասին։

¬ Համամիտ եմ մտցված սահմանափակումներին։ Սակայն, կարծում եմ, դուստր թիմից միայն 4 ֆուտբոլիստի մասնակցությունը բարձրագույն խմբի խաղերին քիչ է, կարելի է ավելի շատ թվով երիտասարդների իրավունք տալ փորձարկելու ուժերը։ Ես կառաջարկեի գոնե 6 ֆուտբոլիստ։ Մյուս կողմից, թույլատրվում է բարձրագույն խմբի միայն 2 խաղացողի մասնակցել դուստր թիմի խաղերին։ Սովորաբար, թիմում մինչեւ 25 ֆուտբոլիստ կա, որոնցից միայն 18-ին կարող ենք հայտավորել տվյալ խաղին։ Իսկ մնացածներն ի՞նչ անեն։ Կառաջարկեի 2-ի փոխարեն 4 ֆուտբոլիստի թույլատրել։

Դեղին եւ կարմիր քարտերի հարցն արդեն բարձրացված է։ Ճիշտ կլինի, որ ֆուտբոլիստը որակազրկման հետեւանքով բաց թողնի այն խմբի խաղերը, որոնցում ստացել է քարտերը։ Որքան տեղյակ եմ, կարգապահական կոմիտեի կանոնակարգում այդ փոփոխությունը պետք է մտցվի։ Հակառակ դեպքում հարցը կբարձրացվի գործկոմում։

¬ Որպես գործկոմի անդամ, կարո՞ղ եք տեղեկացնել, թե ե՞րբ է որոշվելու առաջնության մրցակարգը, խաղացանկը։

¬ Ֆեդերացիան կոնկրետ ժամկետ էր տվել թիմերինՙ հայտնելու առաջնությանն իրենց մասնակցության մասին։ Սկզբում ժամկետը դեկտեմբերի 23-ն էր, հետո տեղափոխվեց հունվարի 13։ Սակայն, ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով առ այսօր որոշ թիմեր դեռեւս չեն հաստատել իրենց մասնակցությունը։ Ինչ արած, թիմերը ֆինանսապես դեռ կայուն չեն։ Ֆեդերացիան ջանում է, որպեսզի թիմերն ի վերջո կարողանան մասնակցել։ Բայց, ամեն դեպքում, ժամանակն է արդեն որոշում կայացնելու։

¬ Դժգոհությունների առիթ է տվել նաեւ խաղացանկի ոչ ռիթմիկությունը։

¬ Դա մասնագիտական հարց է։ Մարզիչների մի մասը համաձայն է խաղային յոթօրյա, մյուս մասըՙ հնգօրյա ցիկլին։ Սա լուծելի հարց է, քանի որ ստեղծվել է մարզչական խորհուրդ, որն էլ պետք է պատասխան տա հիմնախնդրին։

¬ Նոր մրցաշրջանում ինչպիսի՞ խնդիր է դրվելու «Բանանցի» առջեւ։

¬ Պայքարելու ենք թե առաջնությունում, թե գավաթի մրցաշարում բարձր արդյունքների հասնելու համար, նպատակադրվել ենք ստեղծել մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ, որը հաջողությամբ նշի իր նորամուտը եվրագավաթներում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4