Հայոց ցեղասպանությունը գրեթե մեկ դար խրվել-մնացել է պատմության կոկորդում։ Մեկ դարից ավելի մենք խոսում ենք այս մասին, աշխարհըՙ երբեմն կիսատ-պռատ խոսում է, երբեմն կիսատ-պռատ լսում է։ Աշխարհի ականջը բացելու համար շատ բան է արվում։ Ու կազմակերպված, գիտական մեթոդներով ավելի շատ բան արվում է Հայաստանումՙ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում։ Երեւանում երեկ բացվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության «Ծիծեռնակաբերդ» ակումբը, որին անդամագրվեցին 11 նորագիրներ։ Ընտրվեց ակումբի վարչություն (ատենապետՙ Երանուհի Մարգարյան)։
ՀՌԱԿ փոխատենապետ Հրաչյա Կարապետյանը, Հանրապետության վարչության անդամներ, ինստիտուտ-թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը եւ Կարեն Կակոյանը խոսեցին ոչ միայն կուսակցության պատմության, այսօրվա կողմնորոշումների մասին, այլեւ անչափ կարեւորելով ակումբի անդամների գործունեությունը, հայտարարեցին, որ նախագահական առաջիկա ընտրությունների ժամանակ պաշտպանելու են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Դա բնավ պատահական չէ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության այն նախագահը եղավ, որ ամենաբարձրագույնՙ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց Հայոց ցեղասպանության մասին, միջազգային հանրությանը կոչելով արդարամիտ գնահատել պատմական իրողությունները։
Կազմավորվեց ՀՌԱԿ նոր ակումբ, որը, հետեւելով կուսակցության գաղափարախոսությանը, հետեւողականորեն կշարունակի աշխարհին պարզաբանել այն, ինչ պետք է վաղուց աշխարհը հասկացած լիներ։
Ս. Մ.