«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2003-01-23 | #13, 2003-01-24 | #14, 2003-01-25


ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Անկախությունից ի վեր երկրի նախագահի թերեւս ամենափորձառու թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Բուտաեւը համոզված է, որ թեեւ Ռոբերտ Քոչարյանն ունի որոշակի ռեյտինգ, այնուամենայնիվ, ընտրողների գերակշիռ մասն իրենց ձայները ԱԺՄ առաջնորդին են տալու։ Եվ քանի որ նախագահի թեկնածուների մեջ Ռոբերտ Քոչարյանի համար միակ լուրջ մրցակիցը Վազգեն Մանուկյանն է, իշխանություններն ամեն կերպ փորձում են չեզոքացնել նրան։ Իսկ իրենց թեկնածուի բարձր ռեյտինգի մասին, ըստ շտաբի ներկայացուցիչների, վկայում են ե՛ւ սեփական, ե՛ւ չեզոք կազմակերպությունների սոցիոլոգիական հարցումները։ Ցավոք, չեզոք այդ կազմակերպությունների հետազոտության տվյալները ճշտել չենք կարող, քանի որ Ալեքսանդր Բուտաեւը հրաժարվում է նշել դրանց անունները, ասելով, թե իրենց այդ մասին ասել են ընկերական միջավայրում։

Սակայն հրավիրված մամլո ասուլիսի առիթը միայն այս մասին տեղեկացնելը չէր։ Շտաբի քարոզչության պատասխանատու Անահիտ Աղոյանի խոսքով, հանրապետությունում վախի մթնոլորտ է տիրում, մարդիկ տեսախցիկի առաջ մի բան են ասում (որ Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկելու), հետոՙ այլ։ Անահիտ Աղոյանն ասում է նաեւ, որ թեկնածուների համար անհավասար քարոզչական պայմաններ են ստեղծված, իսկ Ալեքսանդր Բուտաեւն ավելացնում է, որ ԿԸՀ սահմանած քարոզարշավի ժամանակացույցի շրջանակներում Վազգեն Մանուկյանի տեսահոլովակները չեն տեղավորվում, եւ իրենք ստիպված են եղել վերամոնտաժել։ Ընդհանրապես, Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց աշխատանքներին խոչընդոտում են, մասնավորապես, որ ԱԺՄ կառույցների համար տարածքներ գտնելը մեծ դժվարություն է, միեւնույն ժամանակ փաստեցին, որ հանրապետության բոլոր բնակավայրերում գրասենյակներ ունեն, 10-ն էլՙ Երեւանում։

«Եթե Վազգեն Մանուկյանը ձայների քիչ տոկոս ստանա, դա մեր ազգի մինուսն է», ասում է Ալեքսանդր Բուտաեւըՙ միեւնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ Վազգեն Մանուկյանը գալիք նախագահական ընտրություններում հաղթելու է, սակայն տվյալները կեղծվելու են։ Մի խոսքով, երեկվա ասուլիսում տպավորություն էր, որ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը գալիք ընտրություններն արդեն իսկ շփոթում է 1996-ի նախագահական ընտրությունների հետ, երբ Վազգեն Մանուկյանը ստացավ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ձայների գերակշիռ մասը։

Մ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4