«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2003-01-23 | #13, 2003-01-24 | #14, 2003-01-25


ՈՐՊԵՍ ԳՈՎԱԶԴՙ ՍՆԱՆԿ Է

Հարգարժան Վազգեն Մանուկյան,

Քաղաքական գովազդի համար ընտրել աղբանոցը, իրեն հարգող ոչ մի գործիչ թույլ չէր տա, այն էլ մի տարածաշրջանում, ուր վերջին երկու տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել։

Լավ, Դուք այդ առաջընթացը չեք ուզում տեսնել։ Գուցե ավելի շուտ մինչեւ ընտրարշավը տեսած լինեիք այդ մի քանի մարդուն, որոնք, ի դեպ, բոլորն էլ Բուլվարային թաղամասում բնակարաններ ունեն, եւ այդ մարդիկ իրենք են իրենց համար որդեգրել «աղբանոցային արքաների» մասնագիտությունը։

Իմ խորին համոզմամբ, Ձեր ընտրած ռազմավարությունն ընդդեմ Գյումրու սնանկ է, որովհետեւ տարածաշրջանը չի կարող մատնանշել գոնե մեկ փոքրիկ ներդրում Ձեր կողմից, Ձեր պաշտոնավարած եւ չպաշտոնավարած ժամանակահատվածում։

Ձեր քաղաքական գովազդըՙ հեռարձակված հանրային հեռուստատեսությամբ ակամա Գյումրու ընտրողներին հիշեցնում է, որ թե նախորդ, թե ներկա ընտրապայքարում Գյումրին Ձեզ համար ընդամենը խայծ է մնում։

Հիշեցնեմ մի փոքրիկ տող, որը Դուք արտաբերել եք նախորդ ընտրապայքարումՙ Գյումրին թողնելուց անմիջապես հետո. «...Հիմա գնալու ենք քաղաք (նկատի ունեք Երեւանը- Հ. Մ.) ազդանշաններն անջատած, լույսերն անջատած, առանց խուլիգանության։ Այն, ինչ կարելի է այստեղ (նկատի ունեք Գյումրին), քաղաքում չի կարելի» (մեջբերումըՙ տեսաժապավենից)։

ԵՍԹԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Հ. Գ. Եթե ուզում եք, որ առավել հանգամանորեն ներկայացնեք Ձեր վերաբերմունքն աղետի գոտու հանդեպ, Ձեր վարչապետության շրջանում, ապա կարող ենք հրապարակել այն ծախսերի ու գումարների ցանկը, որոնք կատարվել են երկրաշարժից տուժածներին իբրեւ օգնություն ստացված գումարների հաշվին։ Նաեւ խորհուրդ ենք տալիս հաջորդ տեսահոլովակի համար այլ աղբանոց ընտրելՙ առավել հարուստ ու շքեղ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4