«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2003-01-23 | #13, 2003-01-24 | #14, 2003-01-25


«ԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ ՉԵՆ ԲԽՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ-Ը ՉԷ»

Հունվարի 23-ին ադրբեջանական ընդդիմադիր «Ազգային անկախության» կուսակցության վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆ. Նազիմ Մուզաֆֆարլին (Իմանով) հեռուստակամրջային մամուլի ասուլիսում պատասխանեց հայ լրագրողների հարցերին։ Դա կազմակերպել էին Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները «Միր» միջպետական հեռուստաընկերության տեխնիկական աջակցությամբ։

Հայ լրագրողների հարցերը վերաբերում էին հակաիրաքյան պատերազմում ամերիկյան զինված ուժերին, ադրբեջանական ռազմաբազաների տրամադրմանը, Բաքու-Միջազգային արժութային հիմնադրամ հարաբերությունների վատթարացմանը, Անդրկովկասում էներգետիկայի միացյալ համակարգի ստեղծման ծրագրին, ԼՂՀ-ի ղեկավարության հետ, բանակցություններին, Արծվաշենի ադրբեջանական օկուպացիային, ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակներին եւ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու հնարավորություններին։

Հասկանալի է, որ Մուզաֆֆարլիի պատասխանները պիտի արտացոլեին ադրբեջանական հասարակական կարծիքի տրամադրությունները։ Համենայն դեպս, նա, չհաշված «հայկական օկուպացիայի» եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ադրբեջանական քաղաքացիության» մասին արտահայտությունները, աշխատում էր չսրել հանդիպման մթնոլորտը։

Մուզաֆֆարլին ասաց, որ Ադրբեջանում քաղաքական ուժերի մեծամասնությունն արտահայտվում է Իրաքի հարցում ԱՄՆ-ին աջակցելու օգտին։ Խոսքը տվյալ դեպքում ռազմաբազա տրամադրելու մասին է, քանի որ, ինչպես Մուզաֆֆարլին ընդգծեց, սեպտեմբերի 11-ից հետո Ադրբեջանն ԱՄՆ-ին օդային միջանցք է տրամադրել։

Նա ընդունեց Բաքվի հարաբերությունների վատթարացումը ՄԱՀ-ի հետ եւ նշեց, որ դա ենթադրում է Ադրբեջանի վարկավորման ծրագրի սառեցում, ինչպես կրթական համակարգի համար նախատեսված վարկը։ Ադրբեջանցի գործիչն ընդգծեց. «Անդրկովկասում էներգետիկայի միացյալ համակարգ ստեղծելու համար հարկավոր է, որ համակարգի մեջ մտնող երկրների հարաբերությունները քիչ թե շատ կարգավորված լինեն։ Մինչդեռ մի պետություն գրավել է մյուսի տարածքը»։

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի հետ բանակցություններին, ապա նա ասաց, որ Ադրբեջանում հակամարտության առնչությամբ գոյություն ունի երկու մոտեցում։ Մեծամասնությունը հակամարտությունը համարում է ներքին հարց եւ Ղարաբաղի հայերին համարում «անջատողականներ»։ Նման մոտեցմամբ կողմերի թիվը երկուսով է սահմանափակվում։ Մինչդեռ կան Հայաստան եւ նրան աջակցող պետություններ։ Ուստի ղարաբաղյան կողմի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը հակամարտության լուծում չի բերի, դրա համար անհրաժեշտ է հրաժարվել ագրեսիվ նկրտումներից եւ դուրս գալ գրավյալ տարածքներից։

Արծվաշենի առնչությամբ Մուզաֆֆարլին նշեց. «Լավ կլիներ, որ կողմերը դուրս գային իրենց գրաված բոլոր տարածքներից»։ Այնուհետեւ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նա ասաց, որ Ադրբեջանի քաղաքական ու հասարակական մի շարք կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ եղանակով «ազատագրումը» համարում են անհնար, քիչ չեն հարցի ռազմական լուծման կողմնակիցները, սակայն վերջիններս ամենեւին չեն պնդում, թե պատերազմը հենց այսօր պետք է վերսկսել։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ նրա, որեւէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրել, կողմերից մեկը խմբի գործունեությունը համարում է արդյունավետ, մյուսըՙ ոչ, եւ արդյունավետ համարող կողմը տեղաշարժ չի ցանկանում։ Ըստ Մուզաֆֆարլիի, ադրբեջանցիները խմբի գործունեությունից դժգոհ են, որովհետեւ գրավյալ տարածքների եւ փախստականների խնդիր ունեն։ Այնուհետեւ նա ավելացրեց. «Հայաստանը ոգեւորված է այն պայմաններից, որոնց մեջ գտնվում է Ադրբեջանը։ Հակամարտության կարգավորման համար կարեւորը ֆորմատը չէ, այլ ուժերի տնտեսական, քաղաքական եւ ռազմական հարաբերակցությունը, ինչպես նաեւ խաղաղության համար անհրաժեշտ ներքին պատրաստակամությունը»։

«Ազգը» Մուզաֆֆարլիին ուղղեց հետեւյալ հարցը. «Վերջերս Բաքվում սկսել են հաճախակի քննադատել ԱՄՆ-ին։ Դրա վկայությունը «Զերկալոյի» վերջին համարն է։ Մինչդեռ Ադրբեջանը մշտապես ընդգծել է, որ անկախության ձեռքբերումից հետո ռուսական կողմնորոշումը փոխարինել է ամերիկյանով եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը։ Արդյոք այս քննադատությունը պայմանավորվա՞ծ չէ դրանով, որ ղարաբաղյան հակամարտությանն ԱՄՆ-ի մոտեցումն այլեւս չի համապատասխանում Ադրբեջանի շահերին։

Հարցին նա պատասխանեց. «ԱՄՆ-ի մոտեցումները միանգամայն համընկնում են Ադրբեջանի մոտեցումներին։ Պարզապես նրա ակտվիության աստիճանը չի բավարարում մեզ։ ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի մեր շահերին չի հակասում նաեւ նրա դիրքորոշումը։ Իհարկե, կան պետություններ, որոնց մոտեցումները մեր շահերից չեն բխում, սակայն այդ պետությունն ԱՄՆ-ը չէ»։ Այնուհետեւ նա ասաց. «Ադրբեջանցիները հավատացած են, որ հակամարտությունը վաղ թե ուշ կլուծվի Ադրբեջանի շահերին համապատասխան։ Մի թերթ կարող է քննադատել ԱՄՆ-ին, մյուսըՙ գովերգել»։ Այլ կերպՙ Մուզաֆֆարլին ընդգծեց, որ թերթերը չափանիշ չեն։ Մինչդեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախագահ Հեյդար Ալիեւի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի եռանախագահող Ռուդոլֆ Փերինայի դեկտեմբերի 11-ի հայտարարությունը, դա «ոչ կոռեկտ» է բնութագրել եւ ավելացրել. «Եթե ԱՄՆ-ը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, իսկ Լեռնային Ղարաբաղը համարում Ադրբեջանի շրջան, ապա ամերիկացի եռանախագահը պարտավոր է գործել ելնելով այդ դիրքորոշումից»։

Ուրեմն հարցը թերթերը չեն, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի եռանախագահողի հայտարարությունը եւ դրան նախագահ Ալիեւի անձնական ներկայացուցչի հակազդեցությունը։ Եթե սա պատահական չէ, ամենեւին չեն կարող պատահական լինել ադրբեջանական թերթերի ԱՄՆ-ին հասցեագրված քննադատությունները։

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4