«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2003-01-23 | #13, 2003-01-24 | #14, 2003-01-25


ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ 37 ՐՈՊԵՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին առայժմ ոչինչ չի ասվել, նա դեռեւս մնում է չգնահատված, այսպիսի խոսքեր են հնչում «37 րոպե Արտավազդ Փելեշյանի մասին»ՙ «Երեւան» կինոստուդիայում Տիգրան Խզմալյանի նկարահանած այս տարվա անդրանիկ ֆիլմում, որ երեկ ցուցադրվեց «Ինտերնյուս» գործակալության սրահումՙ սակավաթիվ լրագրողների համար։ Ֆիլմը ներկայացնող իր խոսքում ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ցավով նկատեց, որ մեզանում դեռեւս չկա ֆիլմերը լրագրողներին ցուցադրելու սովորույթ, ինչն իրենք փորձում են դարձնել ավանդույթ։ Իր հրավիրած երկու տասնյակ լրատվամիջոցներից շատ քչերն էին ներկա ֆիլմի ցուցադրությանը, շատերը պարզապես տեղյակ էլ չէին Արտավազդ Փելեշյանի մասին։

Նորավարտ ֆիլմի ցուցադրությունը ռուսերենով էր, թարգմանվելու է նաեւ հայերենՙ հայկական եթերի եւ անգլերենՙ փառատոների համար։ Տիգրան Խզմալյանը նկատեց, որ վերջին 5 տարիների ընթացքում «Երեւան» կինոստուդիայի ֆիլմերի ճակատագրերը նույնն են, ուղարկվում են մասնակցության արտասահմանյան փառատոների, իսկ այստեղ ցուցադրություններ չեն լինում, եւ մամուլն էլ գրեթե չի անդրադառնում։

Ֆիլմի 37 րոպեներում ժամանակը խտացված է, խոսքի հագեցվածությամբ եւ ընդգրկումի խորությամբ ռեժիսորը կարողացել է ստեղծել խոհուն ու ներհայող արվեստագետի կեպարըՙ ընդգծված անհատականությամբՙ մտածողության, աշխարհայացքային, կենսակերպի։ Փելեշյանին ներկայացնող տարբեր ազգությունների արվեստագետներ բացահայտում են ստեղծագործողի էության ամենանուրբ ու թաքուն շերտերը, հայացքըՙ փիլիսոփայաբար ուղղված կյանքին, այն կյանքին, որի ամենասովորական փաստը ռեժիսորը դարձնում է արվեստ։

Ֆիլմում հնչող խոսքը պարբերաբար ընդհատող Փելեշյանի ֆիլմերի դրվագները դրամատիզմ են հաղորդում կինոնկարին, ուր կյանքը բացահայտվում է ներքին ապրումների գերլարված պրկումներով։

Այս 37 րոպեն Փելեշյանի դիմանկարի փորձ է եւ ամենաանտեղյակին իսկ շատ բան կարող է ասել թեկուզ Փելեշյանի աննկարագրելի, զինաթափող քնքշությամբ ու տխրությամբ զարմանալիորեն մեղմ հայացքը...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4