Յունոշեւը գիտի՞, թե ում են սպանելու
Հունվարի 21-ին «Այբ-ֆե» թերթին տված հարցազրույցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության դատաքննության ընթացքում Արամ Սարգսյանի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը առանց դեսուդեն ընկնելու ու ձեւակերպումներ փնտրելու, ուղղակիորեն հայտարարել է, թե Հայաստանում ահաբեկչությունները շարունակվելու են եւ հաջորդ սպանվողներից մեկը ես եմ լինելու։ Նրա խոսքով, ինձ չեն սպանի միայն այն դեպքում, եթե ես դատարանում, իր բառերով ասած, «ճշմարիտ» ցուցմունքներ տամ։ Ըստ էության, հիշյալ փաստաբանը դրանով ինձ շանտաժ-վերջնագիր է ներկայացնումՙ ըստ որի կամ պետք է հայտարարել այն, ինչ նա է ուզում, ինչքան էլ դա իրականության հետ կապ չունի, կամ էլ պատրաստվել ահաբեկչության զոհ դառնալուն։ Խոսք չկաՙ հետաքրքրական ընտրություն է առաջարկում. ընտրություն կատարել ահաբեկչի ու ահաբեկչության զոհի կարգավիճակների միջեւ։ Այսպիսի հույժ մարդասիրական երկընտրանք առաջարկելու համար երեւի շատ կարեւոր է ունենալ իրավաբանի դիպլոմ ու հատկապես փաստաբանի որակավորում։ Ի դեպ, ես անչափ զգացված եմ նաեւ պարոն փաստաբանի այն «շատ խելացի» դիտարկումներից, թե երբ իմաստ կա ինձ սպանելու, եւ երբ այդ սպանությունը կարելի է այլեւս իմաստազրկված համարել։
Շշմեցուցիչ կարելի է համարել նաեւ պարոն փաստաբանի այն վստահությունը, որով նա խոսում է հետագա սպանությունների անխուսափելիության մասին։ Ընդ որումՙ նա խոսում է ոչ թե ինչ-որ թեական հնարավորության, այլ ուղղակի ահաբեկչական ակտերի հետագա անխուսափելիության մասին։ Զարմանալի է։ Եղանակի տեսությունը, որ եղանակի տեսություն է, դարձյալ այդքան համոզվածությամբ չեն հրապարակում։ Ի դեպ, հետաքրքրական կլիներ այս առումով լսել հայաստանյան իրավապաշտպաններիՙ իմ կողմից շատ հարգելի Վարդան Հարությունյանի, Ավետիք Իշխանյանի, Միքայել Դանիելյանի, մյուսների կարծիքը։ Սակայն կասկածում եմ, թե այն այս դեպքում կարող է հնչել։ Քանզի այս դեպքում գրանտի հոտ չի գալիս, իսկ մարդու կյանքի իրավունքն էլ, ինչպես ինքներդ եք հասկանում, մեր օրերում այնքան էլ անօտարելի չէ, որքան ասենքՙ Եհովայի վկայի խղճի կամ զրպարտչական խոսքի ազատությունը։
Ինչեւէ։ Վերադառնալով ահաբեկչի ու ահաբեկչության զոհի կարգավիճակների միջեւ Յունոշեւի կողմից ինձ մեծահոգաբար առաջարկած ընտրությանը, ուզում եմ ի գիտություն ամեն տեսակ յունոշեւների ընդգծել, որ ես արդեն տվել եմ իմ ցուցմունքները նախաքննությանը եւ այդ առումով ավելացնելու բան չունեմ։ Առավել եւս, որ ես շատ անհամբեր եմ սպասում դատարանում իմ վկայակոչման հերթին, որպեսզի եւս մեկ անգամ, արդեն հրապարակայնորեն շարադրեմ դրանք եւ խնդրեմ դատարանինՙ մանրամասն քննարկել իմ հանդեպ նախաքննության ընթացքում տրված հայտնի ցուցմունքների համապատասխանությունը իրականությանը եւ դրանից ելնելովՙ իրավական հետեւանքներ առաջացնող որոշումներ ընդունել կամ այսպես կոչված «վկաներ» Նարինե Դիլբարյանի, Մարգարիտ Ստեփանյանի եւ Վիկտորյա Աբրահամյանի, կամ էլ իմ հանդեպ։ Քանզի կամ նրանք ճիշտ են ասում, եւ ես հանցագործ եմ, որին պետք է դատել, կամ էլ, ինչպես դա իրականության մեջ է եղել, նրանք ակնհայտ զրպարտչական ցուցմունքներ են տվել, որի համար պետք է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվեն եթե ոչ ինձ զրպարտելու, ապա առնվազն 27-ի ոճրագործության նախաքննության ընթացքը շեղելու համար։ Ի դեպ, դա պարտադրում են ոչ միայն հայաստանյան օրենքներն ու իմ ոտնահարված իրավունքները, այլ նաեւ 27-ի զոհերի հիշատակը։ Սաՙ ի գիտություն տարբեր տեսակի յունոշեւների։ Այդ առումով ինձ համար հասկանալի, բայց խիստ անընդունելի է մնում այն մոտեցումը, որ իրենց տուժողի ներկայացուցչի շահերի պաշտպան հռչակած մարդիկ առ այսօր, նախաքննության ավարտից հետո անցած արդեն 2.5 տարվա ընթացքում այդ հարցերով այդպես էլ շարունակում են չհետաքրքրվել։ Ինչո՞ւ դատավարության արդեն 2 տարիների ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ նրանց կողմից հարց կամ միջնորդություն չի հնչել իմ դեմ զրպարտչական ցուցմունքներ տված անձանց ցուցմունքների համապատասխանությունը իրականությանը ստուգելու նատակահարմարության մասին։ Մինչդեռ չեն զլանում անընդհատ իմ հասցեին կասկածներ սերմանել մշուշապատ ու անհիմն հայտարարություններով, որոնցում խոսում են բացառապես, իրենց բառերով ասածՙ «սեփական տպավորությունների» մասին, չհիշատակելով այդ տպավորությունը հիմնավորող եւ ոչ մի դետալ, քանզի բնության մեջ այդպիսիք պարզապես գոյություն չունեն։ Պատասխանը ակնհայտ է, քանի որ գործի նյութերից նրանք հստակ գիտեն, որ զրպարտիչ եռյակի ցուցմունքները չեն համապատասխանել իրականությանը եւ այդ ցուցմունքների ուղղությամբ հետագա դատական հրապարակային քննությունը եւ մանրամասնումները միայն կապացուցեն իմ անմեղությունը, ինչը նրանց պլանների մեջ ամենեւին չի մտնում։ Ավելին, դրանք կարող են նաեւ նախաքննությունն ուղղորդած որոշ մարդկանց համար ոչ այնքան հաճելի բացահայտումների պատճառ դառնալ։ Մինչդեռ նրանց պետք է, որ ինձ հանցագործ հայտարարեն, որ հետո էլ հընթացս կապեն Ալեքսան Հարությունյանին, ինչպես ոմանք դա արել են նախաքննության ընթացքումՙ ոճագործների պարագլուխ Նաիրի Հունանյանին խոշտանգումներով պարտադրելու միջոցով։ Ի դեպ, դա միայն իմ տեսակետը չէ, օրերս այդ մասին գրեթե բաց տեքստով Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ակնարկեց նաեւ ինքըՙ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Ինչեւէ, ինչո՞ւ դատաքննության այս երկու տարիների ընթացքում մեղադրողները եւ յունոշեւները չեն փորձել մանրամասնել ու ստուգել նաեւ Նաիրի Հունանյանի հունվարի 8-իՙ ինձ ու Ալեքսան Հարությունյանին մի շղթայում կապող այդ ցուցմունքի համապատասխանությունը իրականությանը։ Որովհետեւ այս դեպքում եւս, ինչպես զրպարտիչների եռյակի ցուցմունքների դեպքում էր, քրգործում առկա հստակ արձանագրված ժամանակագրական փաստերի ու տարրական տրամաբանության համադրությամբ միանգամից ակնհայտ էր դառնալու վերոնշյալ ցուցմունքի շինծուությունը, միանգամից քանի ու քանի կուսակցության զրկելով քաղաքական շահարկումներով պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորությունից։ Իսկ այդ հանգամանքն արդեն հիշյալ կուսակցությունների համար համազոր է քաղաքական ինքնասպանությանը, քանզի նրանք քաղաքական դաշտում որեւէ այլ բանի անընդունակ են դարձել։
Մինչդեռ այդ ցուցմունքների համապատասխանությունը իրականության հետ Յունոշեւն ու նրա գործընկերները պարտավոր են ստուգել ի պաշտոնե։
Այնինչ, դրա փոխարեն «Այբ-ֆե»-ին տված հիշյալ հարցազրույցում փաստաբան Յունոշեւը իր իրավական գրագիտության մակարդակը բացահայտող մի ուրիշ ուշագրավ գաղափար է առաջ քաշում։ Նշելով, որ առաջարկելու է իմ հանդեպ քրեական գործ հարուցել, պարոն փաստաբանը իր այդ քայլի տրամաբանությունը բացատրում է հետեւյալ կերպ. «ես չեմ խոսում ապացուցված մեղքի մասին. քրեական գործը հարուցվում է հենց քննություն իրականացնելու, փաստերն ու ապացույցները ստուգելու, մեղքի չափը կամ անմեղությունը պարզելու նպատակով»։ Բայց, այդուհանդերձ, հարկ է նկատել, որ մարդու հանդեպ քրեական գործ հարուցելու մարդասիրական գաղափարը այն հեռահար նպատակով, որ նրան հնարավորություն տրվի ապացուցել, որ ինքն ուղտ չէ, համաշխարհային իրավական տեսության մեջ զուտ Յունոշեւի գյուտը չէ։ Վիշինսկին ժամանակին բավականին հաջողել էր այդ հարցում։ Իսկ կոնկրետ հոկտեմբերի 27-ի գործում այդ տեսությունը, ճիշտ է, մի քիչ ավելի անհարթ նախադասություններովՙ բայց առաջինը ձեւակերպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը։ Դեռ երկուսուկես տարի առաջ էր նա պնդում, թե ինչու եմ ես եւ իմ վիճակում հայտնված եւս մի 3 հոգի համաձայնել դուրս գալ մեկուսարանից։ Ինչո՞ւ չեմ սպասել, որ մի քանի տարի նստեմ ու գամ դատարանում ապացուցեմ իմ անմեղությունը։ Ուրեմն այսպեսՙ եթե դա պարտադիր պայման է անմեղություն ապացուցելու համար, առաջարկում եմ պարոնայք յունոշեւներին, որ միջնորդեն քրեական գործ հարուցել ինչպես իմ, այնպես էլ Ալբերտ Բազեյանի ու բոլոր այդպես մտածողների հանդեպ, որ դատարանում ես էլ, Բազեյանն էլ, մնացածներն էլ հնարավորություն ստանանք սեփական անմեղությունն ապացուցել։ Իմ համար ես հանգիստ եմ, ես դա կանեմ։ Իրենք իրենց համար թող մտածեն։
Եթե, իհարկե, թողնեն, որ դատարանն ինձ լսի։ Ասում էր, չէ՞, Յունոշեւը, մեջբերում եմ բառացի. «Որովհետեւ ցուցմունք տալուց հետո պարզապես իմաստ չի լինի նրանց (ինձ եւ եւս մեկ այլ անձի- Ն. Բ.) սպանել»։
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ